Տավուշյան կոլորիտային միջավայրում․ Գանձաքար

Տավուշյան կոլորիտային միջավայրում․ Գանձաքար

292

Հայոց ճամփաներն անթիվ ու անհամար են, բայց դրանք երբեք չեն մոլորեցնի ու փակուղու առջև չեն կանգնեցնի։ Երբ ասֆալտե ճամփան վերջանում է, հերթը խորդուբորդ, քարուքանդ եղած, բայց միշտ էլ դեպի նպատակակետն առաջնորդող ճամփաներինն է։

Տավուշում ենք։

Տավուշցիներն իրենց լեռների պես անսասան են, վեհ ու հպարտ, բայց լեռնային ուժի կողքին նաև անսահման բարի են, հյուրասեր, բացսիրտ ու մի քիչ էլ միամիտ։ Այս անգամ տավուշյան ճանապարհներով հասա Գանձաքար։ Գյուղն Իջևան քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։ Նման գեղեցիկ ու կոլորիտային գյուղեր տեսնելիս ակամա մտածում ես՝ ինչ լավ է, չէ, որ ժամանակակից անսիրտ տեխնոլոգիաները, շինարարական և ճարտարապետական նոր մոտեցումներն այս հրաշք վայրերը չեն հասելլ ու դրանք չեն աղճատել։ Քաղաքի աղմուկից ու փոշուց, արագընթաց ռիթմերից հոգնած մարդու համար այս գյուղը փնտրված ու գտնված երազի պես մի բան է։ Գյուղը նախկինում Աղդան է կոչվել, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ ցորեն։ Անվանակոչումից տարիներ անց մի քանի գյուղացիներով հավաքվել ու մտորել են՝ ինչ անել թուրքական այս անվանումը փոխելու և գյուղը հայկական անունով կնքելու համար։ Ասում են, թե լեռներից մեկում քարանձավ է եղել։ Այն Խազնաքար են անվանել ՝ մտածելով, որ եթե վայրն անմատչելի է, ուրեմն այդտեղ հաստատ գանձեր են պահվում։ Վերհիշելով այս կիսաառասպելը՝ գյուղացիները որոշել են գյուղը հենց այսպես էլ կոչել՝ Գանձաքար։

Մարտիրոս պապիկն այստեղ՝ Գանձաքարում է ծնվել 1926 թվականին, հիսուն տարի աշխատել է դպրոցում, երկար տարիներ ուսմասվարի պաշտոնում։ Քաղաքի հետ մշտապես կապ է ունեցել, բայց գյուղից բացի ուրիշ տեղ ապրելու միտքը գլխով չի էլ անցել։ Իր գանձն այստեղ վաղուց է գտել․ դա հենց Գանձաքարն է։ Գանձաքարցիները բարի են և ներողամիտ, բայց պատժել ու զայրանալ էլ գիտեն։ Այն, ինչ ամոթ է և անընդունելի, խարազանվում է ամբողջ գյուղի կողմից։ Մարտիրոս պապիկը հիշում է, որ միայն մեկ անգամ է լսել, որ այս գյուղում կինն ամուսնուն դավաճանել է։

-Իմ ապրած կյանքում ես միայն մի դեպք եմ տեսել, որ կինը տղամարդուն դավաճանած լինի։ Գյուղացիներն էլ այդ կնոջը չէին սիրում։ Որպես պատիժ նրան թարս նստեցնում են մի ավանակի վրա, թոկը (պարանը) քաշում ու գյուղի Ներքին թաղից մնչև Վերին թաղ էդպես պտտեցնում։ Դրա համար հիմա վախենում են, էլ էդպիսի բաներ չեն անում։

Գանձաքարցիները խորհուրդ տվեցին գյուղն ու գյուղացիներին ճանաչելու համար այցելել մշակույթի տուն։ Այն, ըստ էության, գյուղի մշակութային կյանքի կազմակերպման միակ վայրն է։ Մշակույթի տան դիմաց գտնվում է կինոթատրոնի շենքը, որն այսօր չի գործում։ Գյուղացիները բազմիցս կինոյի տունը վերականգնելու փորձեր են կատարել, բայց անարդյունք։

Մշակույթի տան տնօրեն պարոն Սաշիկի հետ քայլեցինք դեպի այն աղբյուրը, որտեղ նկարահնվել է «Կիկոս» ֆիլմի առաջին տարբերակը։ Գանձաքարցիները հպարտությամբ են պատմում նաև, որ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի նկարահանումների մի մասը կատարվել է հենց այստեղ՝ Գանձաքարում։ Նկարահանումներին գյուղից էլ են մարդիկ մասնակցել։ Յասո պապիկը հայտնի ֆիլմի հնձվորներից մեկն է։ Ամեն անգամ ֆիլմը դիտելիս հպարտությամբ թոռներին պատմում է տասնամյանկներ առաջ նկարահանված ֆիլմի իր փոքրիկ, բայց պատասխանատու դերի մասին։

-Մոտ տասից տասներկու հոգի էինք այդ դրվագում, խոտ էինք հնձում։ Այն ժամանակ սովխոզի գործն անում էինք, հետո գնում դաշտ՝ նկարվելու։ Շուտ-շուտ էինք հավաքվում, նայում ֆիլմը։ Հիմա այդ տասներկու հոգուց երկու հոգի ենք մնացել գյուղում, մնացածը դուրս են եկել,- պատմում է Յասո պապը։

Պարոն Սաշիկը, շարունակելով պատմել գյուղի՝ հայկական կինոմատոգրաֆիայում կատարած դերի մասին, հասավ օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին նվիրված «Փառքի օղակներ» ֆիլմին։ Ֆիլմից մի տեսարան նկարահանվել է գյուղի կենտրենում գտնվող տներից մեկում։ Եվ մինչ ես կհասնեի այդտեղ, ինձ համար շատ անսպասելիորեն հանդիպեցի ճամբարային ընկերներիցս մեկին՝ Տիրայրին։

Տիրայրն ասաց, որ Գանձաքար գալն ու Բուդուր չբարձրանալը մեղք է։ Չգիտեի, թե ինչ է այդ Բուդուրը, բայց առանց մի վայրկյան վարանելու ճամփա ընկանք։ Հասնելով այնտեղ՝ համոզվեցի, որ Տիրայրը ճիշտ էր․ Գանձաքարը պետք է տեսնել հենց Բուդուրի բարձունքից։ Այստեղից տեսանելի է անտառի մեջ պահ մտած գյուղն իր ողջ երկայնքով (մոտ 6 կմ)։ Համանուն լեռան լանջին է գտնվում նաև Բուդուրի եղցի եկեղեցին` կառուցավծ 12-րդ դարում։

Հերթական «առաքելությունը» կատարելուց հետո Տիրայրն ինձ հրավիրեց իրենց տուն՝ մասնակցելու մատաղի արարողությանը։ Երբ հասանք, տանեցիները մեզ էին  սպասում, իսկ աքլորը՝ իր ճակատագրին դեռ անտեղյակ, արդեն գլխի էր ընկնում, որ մի բան այն չէ և փախչելու անօգուտ փորձեր էր կատարում։ Գյուղում մատաղի համար տեղացիների կողմից Խաչբազա կոչվող վայր գնացինք։

-Ընդունաված է, որ մատաղը պետք է արվի մինչև առավոտյան տասնմեկը։ Մինչ աքլոր մորթելը պետք է խաչի կողքով երեք անգամ պտտվել։ Ինչի համար է ՝ չգիտեմ։ Այսպես էին անում մեր պապերը, այսպես ենք անում նաև մենք,- ասում է Տիրայրը։

Մատաղ անելուց հետո աքլորի գլուխը, տոտիկներն ու փետուրները երազանքի ծառից կախեցինք՝ նպատակի իրականացման համար։

Այսքանից հետո նորից պետք էր դուրս գալ և շրջել գյուղով։ Մինչ մենք կհասնեինք գյուղի կենտրոն, Տիրայրը արդեն հասցրել էր երեխաների մի մեծ խումբ հավաքել, ովքեր, համենայն դեպս ինձ համար, մի տարօրինակ ու անսովոր խաղ էին խաղում՝ «Կոպալ-կոպալ»։ Խաղի կանոնները շատ պարզ էին։ «Կոպալ-կոպալի» մասին խորհրդավոր նախադասության վերջին բառն արտասանելիս, որ մասնակցի վրա կանգ ես առնում, նա  դուրս է մնում։ Ի վերջո, հաղթում է խաղից դուրս չեկած միակ մասնակիցը։ Բայց սա «Կոպալ-կոպալի» միայն սկիզբն է։ Խաղում մնացած միակ մասնակցի մեջքի հետևում մատներ են պահվում, և մասնակիցը պետք է գուշակի մեջքի հետևում թաքնված մատների քանակը։ Ճիշտ գուշակելու դեպքում մասնակցի գլուխը շոյում են, իսկ սխալի դեպքում՝ հարվածում։

Բայց քանի դեռ մեր ներկայությունից ոգևորված՝ երեխաները խաղը ծեծ ու ջարդի չէին վերածել, մենք տեղափոխվեցինք բակի մյուս հատված, որտեղ հայկական ավանդական հեքիաթային տեսարան էր։ Կանայք ճախարակ էին մանում, բուրդ գզում, երկանք պտտելով ցորեն մաղում։ Այդ պահին էր, որ հասկանում ես՝ ժամանկակից տեխնիկան հոգի չունի։ Հաստոցը հեշտացրել ու արագացրել է աշխատանքը, մեծացրել աշխատանքի ծավալը, բայց դե հաստոցն անսիրտ է, իսկ ճախարակը հոգի ունի, խոսում է աշխատողի հետ, մեղեդային ճռռոցով պատմում գլխով անցած գնացածի մասին։ Իսկ ընթացքում երկանքի ու ճախարակի երգած մեղեդուն Հրաչիկ պապի կացնահարվածներն ավելացան։

Գանձաքարում անցկացրած երկու անմոռանալի օրերից հետո ստիպված էի բռնել տունդարձի ճամփան՝ ինձ հետ տանելով տավուշյան լեռների խրոխտ մեղեդին։ Այդ մեղեդին նման չէր մերօրյա հիթերին։ Այն չի հնանում, ժամանակավրեպ չի դառնում․ դա Գանձաքարի երգն էր։

Արփինե Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել