Կրթությունը սահմանվում է որպես անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար: Կրթության մի շարք ձևեր կան՝ ֆորմալ, ոչ ֆորմալ, ինֆորմալ և այլն։ Դրանք բոլորն էլ կարևոր են մասնագիտացման համար, սակայն առաջնային դեր ունի, թերևս, ֆորմալ կրթությունը: Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի՝ ֆորմալ կրթությունը հանրակրթական և մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն է, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կողմից և հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման և դիպլոմավորման:
Աշխատաշուկայում չի նվազում բուհն ավարտած մասնագետների պահանջարկը, բայց սա չի նշանակում, որ միայն բուհ ավարտելը երաշխիք է տվյալ մասնագետի՝ աշխատաշուկայում իր տեղը գտնելու համար:
Մասնագիտական կողմնորոշման և ֆորմալ կրթության դերի մասին զրուցել ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, հոգեբանական գիտություննների թեկնածու, դոցենտ Անահիտ Սահակյանի հետ: Ահա թե ինչ ասաց հարգարժան դասախոսը:
-Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու քայլերից մեկն է։ Դրանով է պայմանավորված մարդու հետագա մասնագիտական կյանքի հաջողությունը, աշխատավայրում լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացումը։ Սխալ կլինի մտածել, որ այն սկսվում և տեղի է ունենում ավարտական դասարանում։ Դեռ վաղ տարիքից յուրաքանչյուր երեխա երազանք է ունենում՝ կապված այս կամ այն մասնագիտության հետ: Նույնիսկ յոթ տարեկան երեխան կարող է բարձրաձայնել իր երազանքի մասին և պատճառաբանել այն. «Ես ուզում եմ բժիշկ դառնալ, որ մամայիս գլխացավը բուժեմ» և այլն: Դեռահասության փուլում երեխան, կարծես թե, ավելի շատ իր համար էտալոնային կերպարով պայմանավորված է սկսում մասնագիտություններ սիրել և երազել դրանց մասին, բայց դրանք հաճախակի փոփոխության են ենթարկվում: Արդեն ավագ դպրոցական տարիքում մասնագիտության ընտրության ռոմանտիկ երազանքները դառնում են ավելի որոշակի։ Իսկ գիտակցված և արդյունավետ որոշում կայացնելու համար նրան անհրաժեշտ է համակարգված տեղեկատվություն՝ մասնագիտությունների, աշխատաշուկայի առկա իրավիճակի և զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռող հնարավորությունների, սեփական անձի առանձնահատկությունների և հակումների վերաբերյալ։ Հետևաբար, որքան հստակ, մատչելի և համապարփակ իրազեկված լինի աշակերտը, այնքան ավելի ճիշտ և համարժեք կլինի մասնագիտության ընտրությունը:
Աշխատանքի հոգեբանության ճանաչված հոգեբան Կլիմովն առաջարկել է մասնագիտության ընտրության վերաբերյալ բանաձև. «Ուզում եմ, կարող եմ, պետք է»: «Ուզում եմ»-ը բնորոշ է վաղ տարիքին: Օրինակ` «Ուզում եմ որևէ մասնագետ դառնալ», բայց որքանով է այն համապատասխանում իր ընդունակություններին, անձնային առանձնահատկություններին, դեռևս պարզ չէ: Դա հասկանալու համար երեխային օգնություն է անհրաժեշտ՝ դասղեկի, ուսուցիչի, ծնողի կողմից, որպեսզի նա բացահայտի, ճանաչի իրեն, իր հետաքրքրություններն ու առանձնահատկությունները, մասնավորապես, որոնք անհրաժեշտ են տվյալ մասնագիտությանը: Ամենացայտուն օրինակներից է այն, որ մարդ ուզում է մանկաբույժ դառնալ, բայց չի սիրում երեխաներին: Կարո՞ղ ենք համարել, որ սա արդյունավետ որոշում չէ: Կամ՝ եթե մարդը չափազանց զգայունակ է հիգիենայի նկատմամբ, կարո՞ղ է արդյոք դառնալ ատամնաբույժ: Կամ՝ Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Կյուրիի մասին կարդացել է, հիացել այդ կին-գիտնականի համառությամբ, աշխատասիրությամբ և ուզում է դառնալ աշխարհահռչակ գիտնական ֆիզիկայի կամ քիմիայի ոլորտում, բայց այդ առարկաներից բավարար գիտելիքներ չունի դպրոցում: Ահա այսպիսի հետաքրքրություններն ու կարողությունները բացահայտվում են, հետո ուսումնասիրվում է աշխատաշուկան՝ պարզելու այդ մասնագիտության պահանջարկը կա՞, թե՞ չկա, որովհետև կարող է այնպիսի մասնագիտություն է ընտրում, որ ավարտելուց հետո, պարզվում է, Հայաստանի աշխատաշուկայում դրա պահանջարկը չկա: Այսինքն՝ «պետք է»-ն նույնպես բանաձև շղթայի կարևոր օղակներից է։ Հետևաբար, ֆորմալ կրթություն ստանալու համար հոգեբան Կլիմովի՝ մասնագիտության ընտրության վերաբերյալ բանաձևը հիմք է դառնում: Ցավոք, ավագ դասարանների աշակերտների շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնագիտությունը ընտրում են ըստ այն առարկաների, որոնցից երեխան կարողանում է ստանալ բարձր գնահատական: Բանաձևն այստեղ արդեն խախտվում է, և դպրոցի շրջանավարտը ֆորմալ կրթության ընտրության պարագայում ընդունվում է բուհ՝ հաշվի չառենելով իր իրական ցանկությունը, իսկ հետագայում պարզվում է, որ ինքը չի սիրում այդ մասնագիտությունը: Այստեղ արդեն լուրջ խնդիր է առաջանում բուհն ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատելու, իր մասնագիտությամբ շուկայում տեղ գտնելու և մասնագիտական առաջընթաց ունենալու: Բուհը ֆորմալ կրթություն ապահովելու խնդիր չունի: Այն ունի հաստատված (թե ՛ ամբիոնի, թե ՛ ֆակուլտետի գիտխորհրդի և թե՛ նախարարության կողմից) կրթական ծրագիր: Ուստի այստեղ վատ ծրագիր լինել չի կարող: Այս կամ այն ուղղվածությամբ մասնագետների պատրաստման առումով փոքրիկ թերություններ կարող է ունենալ տվյալ բուհը, բայց ֆորմալության առումով նա խնդիր չունի: Բանաձևը խախտվում է նաև, երբ որևէ առարկայի վատ դասավանդման կամ ուսուցիչների պակասի հետևանքով տվյալ առարկայի ուսուցումը թերի է մնում, և աշակերտը չի կարողանում հաղթահարել ընդունելության քննությունը այդ առարկայից` առանց կրկնուսույցի մոտ հավելյալ պարապմունքների հաճախելու:
Թեմայի շուրջ զրուցել եմ նաև մասնագիտական ընտրությունը վաղուց կատարած և բուհն ավարտելու շեմին կանգնած, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Նա ներկայացրեց իր տեսակետը կրթության դերի, մենթորի և ուսուցչի դասավանդման մեթոդների տարբերությունների վերաբերյալ, պատմեց իր անձնական փորձի մասին:
-Դպրոց հաճախելուն զուգահեռ ես հաճախել եմ տարբեր սեմինարների, որովհետև ինձ ավելի շատ էր ձգում այդ միջավայրը, ավելի ակտիվ գործունեությունը: Մենթորի, սեմինարավարի և սեմինարի մասնակիցների հետ շփումը ավելի ընկերական էր, և մեր կարծիքը ավելի էր կարևորվում այդ տիրույթում: Այդտեղ մենք ավելի անկաշկանդ էինք մեզ զգում, դուրս էինք գալիս դպրոցի կարծրացած միջավայրից` գրատախտակի մոտ կանգնել և ուսուցչի հետ շփվել: Այդուհանդերձ, կարծում եմ՝ դպրոցի այդ միջավայրը պետք է պահպանվի, որովհետև դա մեր մենթալիտետի մեջ է: Մենթորի և ուսուցչի դասավանդման մեթոդների, սկզբունքների միջև շատ տարբերություններ եմ նկատել: Օրինակ՝ երբ պետք էր ստուգել գիտելիքի յուրացման աստիճանը, մենթորը խմբային աշխատանք էր հանձնարարում և հասկանում՝ ստացե՞լ ենք մենք այդ գիտելիքը, թե՞ ոչ: Իսկ դպրոցում այդ «ստուգումն» իրականացվում էր պարբերաբար դաս պատասխանելու միջոցով: Մի քանի անգամ մասնակցել եմ Էրազմուս+ ծրագրին ոչ ֆորմալ կրթության ձևաչափով: Ծրագրի շրջանակում դասընթացները անցել են ընկերական միջավայրում, հանձնարարությունները կատարել ենք խմբային եղանակով, ինչի շնորհիվ մենք մեզ զգում էինք անկաշկանդ: Լեզվին չտիրապետելու դեպքում բոլորը փորձում էին օգնել` ծիծաղելու փոխարեն: Եվ այդ միջավայրն ինձ այնքան էր ձգում, որ նույնիսկ գրավոր դիմել էի դպրոցի տնօրենին, որ վերջին ժամերին բացակայեմ և կարողանամ մասնակցել սեմինարներին: Կարծում եմ, որ ցանկացած ուսանող մինչև բուհ ընդունվելը բոլորովին այլ պատկերացումներ ունի բուհի մասին և, եթե նախապես տեղեկացված չէ բուհական կրթության, միջավայրի մասին, ընդունվելուց հետո երբեմն կարող է սթրեսի ենթարկվել: Այդ ամենը հաշվի առնելով՝ կազմակերպվում են ավագ դպրոցի աշակերտների այցեր բուհեր, որտեղ նրանք ծանոթանում են դասապրոցեսին, և հակառակը՝ բուհի աշխատակիցները ևս այցելում են դպրոցներ և ներկայացնում իրենց բուհը: Ես արդեն 4-րդ կուրսում եմ և բուհական կրթության, ստացած գիտելիքի առումով գոհ եմ, չնայած կուզենայի, որ կրկնությունից խուսափելու համար հենց առաջին կուրսից անցնեինք միայն խորացված մասնագիտական առարկաներ:
Մասնագիտական կողմնորոշման, բարձրագույն կրթության կարևորության, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության առանձնահատկությունների մասին իր պատկերացումները ներկայացրեց նաև մայրաքաղաքի թիվ 182 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նազելի Մուխաելյանը:
-Բարձրագույն կրթությունը մեծ կարևորություն ունի ինձ համար, քանի որ ըստ իս՝ այն ոչ միայն տալիս է գիտելիք, այլև դաստիարակում է, ձևավորում մտածելակերպ, աշխարհայացք, նոր հետաքրքրություներ և ինչ-որ բանի ձգտման պատճառ դառնում: Իմ կարծիքով՝ ֆորմալ կրթությունը մեզ տալիս է գիտելիքներ տարբեր ոլորտներից՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, գրականությունից և այլն, իսկ ոչ ֆորմալ կրթությունը մեզ հմտացնում է մի՝ որոշակի ուղղությամբ։ Եվ ամենաշատը, որ կսովորենք ոչ ֆորմալ կրթության շնորհիվ, դա տվյալ ոլորտն է, որ ընտրել ենք, և դրա հետ կապակցված այլ ոլորտներից որոշակի գիտելիքներ: 13 տարեկանից տիրապետում եմ օտար լեզուներից անգլերենին ու ռուսերենին: Եվ քանի որ դժվարանում եմ կողմնորոշվել, թե ինչ ուղղությամբ եմ շարունակելու կրթությունս, որոշեցի գնալ այն ճանապարհով, որին բավականաչափ տիրապետում եմ: Նաև երգում եմ, և ապագայում ինձ պատկերացնում եմ մեծ բեմերում, սակայն երգի ասպարեզում դեռևս սիրողական մակարդակում եմ, այդ իսկ պատճառով կոնսերվատորիա չեմ դիմում: Այդուհանդերձ, կարևորելով բարձրագույն կրթություն ստանալը՝ որոշեցի, որ պետք է ընդունվեմ համալսարան: Լեզուներին տիրապետելը, կարծում եմ, բոլորին է պետք, անկախ նրանից՝ մարդ լեզվաբա՞ն է, թե՞ այլ մասնագետ, և այս որոշումս կօգնի ավելի խորացնել գիտելիքներս:
Ռուբինա Բրուտյան
4-րդ կուրս