«Պատերազմի աչքերը, որ խամրեցին»

«Պատերազմի աչքերը, որ խամրեցին»

259

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը Արցախից է, նա ականատես է եղել երեք պատերազմի, որոնցից երկուսը եղել է իր օբյեկտիվում: Սրանից 2 տարի առաջ՝ 2021 թվականին, Հայաստանում մենք զրուցել էինք «Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ, որտեղ ներկայացված էին Դավիթից 104 լուսանկար: Նկարներում դեռ կային Արցախից տարածքներ, որոնք մեզ էին պատկանում: Այսօր նորից հանդիպել ենք, բայց մեզ հետ են միայն Դավիթն ու իր լուսանկարները:

-Դու թե՛ թիկունքում էիր և թե՛ միաժամանակ առաջնագծում։ Արցախում կռվողները իրենց ձեռքից զենքը չէին գցում, իսկ դու՝ տեսախցիկը։ Ու այդ օրերին շատ էին քարկոծում լուսանկարիչներին, որ խանգարում են, ոտնատակ են ընկնում, նկարում են այն՝ ինչը անկարելի է նկարել։

-Ինձ համար շատ ծանր էին այդ օրերը, հենց տեսա, որ գունդը դուրս եկավ, հասկացա, որ կռիվը սկսել է: Ես առաջին անգամ չէի պատերազմ տեսնում ու առաջին անգամ չէր, որ պիտի պատերազմ նկարեի։ 2016-ին պատերազմը իմ օբյեկտիվում էր, ու դա պետք էր մեր սերունդներին։ Թվում է, թե մենք՝ լուսանկարիչներս, պատերազմի դաշտում անիմաստ դեր ունենք, բայց դա այդպես չէ, մենք վավերագրում ենք պատմություն, ու, ցավոք, այսօր միայն դա մնաց մեզ Արցախից։

Ես ուղղակի չէի կարող գնալ առաջնագիծ ու զենք վերցնել, այ էնտեղ հաստատ կխանգարեի տղերքին։

-Մարդը հոգեպես ու ֆիզիկապես պիտի պատրաստ լինի վավերագրելու պատերազմը։ Կռիվը լուսանկարելը իրենից ի՞նչ բարդություններ էր ներկայացնում։ Ո՞րն էր ամենածանրը քեզ համար այդ օրերին։

-Գիտես, ողջ կողմս ցավ էր, ու ես ինչպես էլ նկարեի, մի քիչ ուղիղ, թե մի քիչ թեք, միևնույնն է, ստանալու էի պատմության պատառիկ։ Ես նկարել եմ մարդուն պատկանող ոտնաթաթ, ռմբակոծությունից մոխրացած խաղալիք։ Պահ կար, կոտրվում էի այդ ամենը տեսնելուց. մի կողմում թշնամին էր, մյուս կողմում իմ հայրենակիցները, որոնց մասունքները ես վավերացնում էի։ Հա, ես ագահի նման նկարում էի այդ ամենը, որովհետև գիտակցում էի, որ ամեն պահ կարող էր դա էլ մերը չլինել։ Ու հիմա մենակ մնացել են այդ լուսանկարները։

Ինչպե՞ս էիր հոգեպես քեզ տրամադրում լինել սառը ու ադեկվատ, չէ որ շատ հնարավոր էր, որ ում նկարում ես, ամեն պահի այլևս ողջ չլինի։

-Ամեն վայրկյան այդ ծանր զգացումը ինձ հետապնդում էր։ Ամեն ժպիտ, ամեն խոժոռ հայացք չխկացնելուց հետո մի պահ սառում էի, մտքերով հասնում էի ամենավատ կետին, հետո էլի հետ էի վերադառնում իրականություն, մինչև այն պահը, որ իմացա իմ նկարած հերոսներից Կոլյան զոհվել է:

Կոլյա Նիկողոսյանի լուսանկարը մեծ տարածում գտավ: Բոլոր սոցհարթակներով տարածվում էր իր նկարը որպես «ժպտացող հրետանավորը», որովհետև անմիջապես թիկունքում իր հրետանին էր։ Գրեթե մի շաբաթ անցել էր, որ մտա facebook, կարդում էի զոհվածների անունները ու տեսա՝ Կոլյա Նիկողոսյան։ Ու այդ դեպքից հետո ձեռքս դողում էր լուսանկարչական կոճակը սեղմելուց։

-Քո հերոսներից շատերը չկա՞ն այսօր:

-Երբ տղերքին նկարում էի, մտածում էի, որ սիրուն պահ հավերժացրի, ու ես դա նկարում էի, որ հետո իրենք էլ տեսնեն, որ պատմության մի մասնիկն են: Բայց ես այսօր գնում եմ Եռաբլուր ու տեսնում, որ մի շարք նկարների հեղինակը ես եմ: Չգիտեմ, դժվար է, ցավոտ, երբ սկսում ես գիտակցել, որ քո լուսանկարի հերոսը, ում այդ պահին նկարում էիր, և  նա ժպտալով քեզ էր նայում, հիմա նորից նույն ժպիտով նայում է քեզ, բայց Եռաբլուրում… (չկարողացավ շարունակել):

-Այս ամենին հաջորդեց բլոկադան և Արցախի կորուստը։ Այդ օրերին էլ էինք տեսնում քո լուսանկարները, ու դու օբյեկտիվիդ միջոցով ցույց էիր տալիս բլոկադան բոլոր կողմերից։

-Երբ անզոր ես քեզ զգում, ու չգիտես որն է լինելու քո ու ընտանիքիդ ճակատագիրը  հաջորդ վայրկյանին, ուղղակի պիտի ապրես այդ պահով: Ես բլոկադայի ժամանակ նկարում էի Արցախում տիրող վիճակը, հրապարակում էի հնարավոր բոլոր ցանցերով, բայց ի՞նչ, լայքում էին, տխուր տողեր գրում, տխուր էմոջիներ դնում ու վերջ։

Արցախի կորստից հետո, երբ տեղափոխվեցի Հայաստան, առաջին իսկ օրից նկարել եմ, դա էլ իմ զենքն է, իմ փրկությունը։

Իսկ իմ Արցախը դեռ էլի եմ նկարելու, կանաչ, խիտ անտառները, տաք-տաք ժինգյալները, Դեդո-բաբոն, անառիկ սահմանները։

Հետ ենք գնալու, հաստատ գնալու ենք, իմ աչքերով ու իմ օբյեկտիվով վավերագրածը նորից վավերագրելու եմ, ու այս անգամ ավարտը հաղթանակն է լինելու։

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Սիլվի Սիրականյան

4-րդ կուրս

Կիսվել