«Մենք քաղցր մարդիկ ենք»

«Մենք քաղցր մարդիկ ենք»

216

Շաքարային դիաբետ ունեցող անձանց պատմություններ, որտեղ հերոսներն առաջին դեմքով խոսում են իրենց դիաբետիկ լինելու, սեփական պատմության քողարկված կողմերի և կյանքին նոր աչքերով նայելու մասին:

Մանե Գառնիկյանը 18 տարեկան է, սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, աշխատում է «Մաչանենց» թատրոնում որպես դերասանուհի: Հերոսի մոտ դիաբետը սկսվել է 10 տարի առաջ:

«8 տարեկան էի, երբ իմացանք դիաբետիս մասին։ Շատ էի նիհարել, թույլ էի, ջուր անտանելի շատ էի խմում ու հաճախամիզություն ունեի, քաղցրի հետ սեր չունեի, իսկ այդ մի քանի օրվա մեջ սկսեցի շատ քաղցրեղեն օգտագործել: Մայրիկս տեղյակ էր դիաբետի նախանշաններից, երբ դրանք ինձ մոտ նկատվեց, միանգամից հարևանի գլուկոմետրով չափեցինք ու տեսանք, որ բարձր է։ Պանիկա չարեցինք, որոշեցինք մի օր սպասել, դիետա պահել ու հաջորդ օրը գնալ զննման։ Այցելեցինք մեր ամբուլատորիա, նորից չափեցինք, 8.3 էր, ու հետո իմ ոտքով գնացի հետագայում ինձ հարազատ դարձած հիվանդանոց՝ Մուրացան, որտեղ էլ հաստատվեց իմ դիաբետ ունենալու փաստը։

Ես հիշում եմ, որ շատ նորմալ եմ ընդունել, բայց մայրիկս՝ ոչ։ Շատ ծանր էր մամաս տանում այդ փաստը, բայց դա իմացել եմ վերջերս: Իր այդ դժվար վիճակը ես չեմ տեսել, ավելին՝ ինձ միշտ ասում էր, որ չամաչեմ, դիաբետը ո՛չ հիվանդություն է և ո՛չ էլ դատավճիռ:

Ինձ համար շատ դժվար շրջան էր, երբ 11-12 տարեկան էի. մեղադրում էի ինձ, մեղադրում էի բոլորին, Աստծուն էի նույնիսկ մեղադրում ինձ նման ճակատագրի արժանացնելու համար։

Դիաբետի միջազգարին օրը միջոցառման էի մասնակցում, որտեղ մի աղջիկ՝ Անահիտը, սկսեց խոսել ու կիսվել իր փորձով, ով տարիների ընթացքում  դարձավ լավագույն ընկերուհիս։ Իր խոսքերը նորից ապրեցրեց ինձ: Տուն գնացի ու նոր կյանք սկսեցի, սիրելով ու ընդունելով դիաբետիս, և հասկացա, որ մենք՝ դիաբետիկներս, քաղցր մարդիկ ենք։

Ես առաջին դիաբետիկ բլոգերն եմ Հայաստանում, ով խոսում է դիաբետի մասին և ցույց տալիս մյուսներին, որ դիաբետը հիվանդություն չէ, այլ՝ ապրելակերպ։

Միշտ չէ, որ կարող է ամեն ինչ այնքան ժպիտով ու գեղեզիկ երևալ, ինչպես իմ բլոգում է։ Իմ վիդեոներում տեսնում ենք նաև, որ հաճախ հիվանդանոցում եմ, իսկ դա խոսում է նրա մասին, որ ես էլ կարող եմ չարաճճիություն անել ու ինձ չհետևել, այնպես, ինչպես որ հարկն է։ Արդյունքում ունենում եմ վատ զգացողություն հետևալ մտքով. «Մանե ջան, դու կարող ես քեզ շատ լավ հետևել, բա ինչու՞ չես անում, բա ամոթ չի՞, ի՞նչ ես ասում, բայց ինչ ես անում: Նեղվում եմ, գիտակցում սխալներս, հաղթահարում այդ շրջանը ու անցնում առաջ»։

Մհեր Ալավերդյանը 22 տարեկան է, մասնգիտությամբ՝ բռնցքամարտիկ: Աշխատում է «Լաստիվեր Ռեզորտ»-ում՝ որպես շեֆ-խոհարար: Հերոսի մոտ դիաբետը սկսվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո։

«Բռնցքամարտիկ և մանուկ հասակից սպորտի մեջ լինելով՝ կյանքս գլխի վայր շուռ եկավ, երբ բժիշկս ասաց, որ շաքարային դիաբետ ունեմ, ու խստիվ արգելեց սպորտով զբաղվել։ Չեմ կարող ոչ մի կերպ ներկայացնել, թե դա ինչ էր ինձ համար: Տարիներ շարունակ քարը քարին դնելով՝ կառուցել եմ իմ կարիերան, բայց սկսվեց պատերազմը ու ավարտից հետո ասես մի այլ Մհեր պետք է շարունակեր իր կյանքը։

Իմ դիաբետը չի սկսել բուն պատերազմական իրավիճակից։ Հիմա դժվար է այդ օրերը ինձ համար հիշելը, բայց կուզեմ խոսել այդ մասին։ Պատերազմի չգիտեմ, թե նույնիսկ որերորդ օրն էր, 70 հոգանոց մեր խմբով առաջ էինք շարժվում, երբ պայթուն լսվեց: Աչքերս բացել եմ, բոլորը մահացած էին, բացի ինձնից և ընկերներիցս մեկից: Մենք հասկացանք, որ այդ պահին գտնվում ենք թշնամու տարածքում: Օրեր շարունակ ենթագիտակցորեն շարժվել ենք այնպիսի ուղղությամբ, որը հասցրեց մեզ Գորիսի հիվանդանոց, չգիտեմ թե քանի օր ենք երկուսով իրար թև ընկած, վախը սրտներումս քայլել, մինչև հասել ենք Գորիս։ Ու արդյունքում ունեմ այն, ինչ ունեմ՝ դիաբետ, այն էլ այն աստիճան, որ պետք է ինսուլինով կառավարեմ։

Դիաբետիս սկզբնական շրջանում շատ էի կոմպլեքսավորվում, ավելի շատ մարդկանց հայացքներն էին ինձ վրա վատ անդրադառնում։ Չեք հավատա, բայց ինձ չճանաչողները, երբ տեսել էին մոտս ներարկիչ կա, և գնում եմ ինձ ներարկելու, մտածել էին, թե թմրամոլ եմ: Իրականում ծիծաղելի է հիմա ինձ համար, բայց այդ շրջանում, երբ ինձ մոտ դեռ նոր էր դիաբետը, նման դեպքերը հոգեբանական շատ լուրջ խնդիրներ էին առաջացնում։

Անցավ մեկուկես տարի ու առաջարկ ստացա «Լաստիվեր Ռեզորտ»-ից ՝ խոհարարի օգնական դառնալու համար, և ես ընդունեցի այդ առաջարկը։ Այսօր «Լաստիվեր Ռեզորտ»-ում շեֆ խոհարար եմ, հաշտվել եմ դիաբետիս առկայության հետ ու ապրում եմ այնպես՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Նոր կյանքը և նոր մարտահրավերները ստիպեցին ինձ դառնալ ավելի ուժեղ։ Հիմա պարզապես երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ կարողացա ճիշտ որոշման արդյունքում կյանքս ավելի հետաքրքիր դարձնել:

Բելլա Կուլեյանը 44 տարեկան է, մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է Էրեբունի բժշկական կենտրոնում: Հերոսի մոտ դիաբետն ի ծնե է։

«Եթե շատերի մոտ կյանքի որևէ փուլում է սկսել դիաբետը, ապա ինձ մոտ ի ծնե է։ Դա մի կողմից լավ է, մյուսից՝ ոչ։ Այն առումով է լավ, որ դիաբետը ինձ հետ է ծնվելուս առաջին իսկ օրից, ես այն իմ մեջ սկսել եմ իմ կյանքը ու մնացածի նման հոգեբանական տրավմաներ չեմ տարել։ Վատն էլ այն է, որ քանի որ ինձ մոտ ի ծնե էր, և ամեն ինչ շատ ավելի լուրջ էր, ինձ ամուսնությունից հետո արգելեցին երեխա ունենալ։

Լինելով բժիշկ՝ գիտակցում էի՝ ինչ լուրջ է ստեղծված իրավիճակը, բայց դեմ գնացի ինքս ինձ և բժշկությանը: Կորցրի առաջնեկիս, իսկ ինձ բուժող բժիշկը խստիվ արգելեց երեխա ունենալու մասին անգամ մտածել, քանի որ արդեն իմ կյանքի համար էր երեխա ունենալը վտանգավոր։ Այսօր ես 2 երեխա ունեմ՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Պայքարել եմ և ունեցել եմ իմ երկու երեխաներին։ Թեև կյանքիս գնով, բայց ես կռիվ եմ տվել դիաբետիս հետ և հենց դիաբետիս ապացուցել եմ, որ ես ուժեղ եմ, և որ այն չի կարող ինձ ընկճել։

Երբեք պետք չէ ուղղակի հաշտվել քեզ բաժին հասած կյանքին, պետք է հաղթահարման ուղիներ փնտրել ու «հիվանդությանը» ապացուցել, որ այն անզոր է քո կյանքը վատը և անիմաստ դարձնելու, քանի դեռ քո միջի սերը ամենազորեղն է»։

Սիլվի Սիրականյան

4-րդ կուրս

Կիսվել