Երբ երաժշտությունը արդեն զգացական մակարդակում է

Երբ երաժշտությունը արդեն զգացական մակարդակում է

217

15-ամյա Արտյոմ Գրիգորյանի համար երաժշտությունը հանգստի և հոգեկան բավականության մեծ աղբյուր է, երջանկության զգացողություն և իրականությունից կտրվելու միջոց՝ անցում նոտաների և հչյունների աշխարհ:

Նա մոտենում է դաշնամուրին և սկսում նվագել հանճարեղ Ֆրեդերիկ Շոպենի իր սիրելի ստեղծագործությունը, հետո աչքերի փայլով խոսում իր զգացողությունների և երաժշտության հմայքի մասին: Այն, թե ինչպիսի ոգևորությամբ է նա խոսում, վարակիչ կլինի նույնիսկ երաժշտության նկատմամբ ամենաանտարբեր մարդու համար:

Ծնողների խոսքով, նրա հետաքրքրությունը դաշնամուրի և երաժշտության նկատմամբ դրսևորվել է շատ փոքր տարիքից: Դաշնամուր սկսել է նվագել վեց տարեկանից՝ իր հայրենի Գավառ քաղաքի երաժշտական դպրոցում, որտեղ էլ արել է իր առաջին քայլերը դեպի երաժշտության ոլորտ: Արտյոմը մասնակցել է մի շարք հայաստանյան և միջազգային մրցույթ-փառատոնների և դրանց բազմակի մրցանակակիր ու հաղթող է, այդ թվում՝ «Արտ-Մյուզիք» միջազգային մրցույթ- փառատոնի: Բազմաթիվ մրցույթներից իր համար ամենատպավորիչը իր սիրելի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անվան 10-րդ մրցույթ-փառատոնի ելույթն էր.

«Հանձնաժողովի կազմում լավագույն կատարողները և դաշնակահարներն էին: Այդտեղ ելույթ ունենալը և՛ մեծ պատասխանատվություն էր, և՛ մեծ հաճույք․ իհարկե, աննկարագրելի էր հուզմունքս»,- պատմում է Արտյոմը, ով դարձել է այդ մրցույթի դափնեկիր:

Դպրոցում շատ ակտիվ է ու երբեմն էլ հենց ինքն է միջոցառումներ նախաձեռնում: Բացի դաշնամուր նվագելը, Արտյոմը նաև երգում է և արդեն հաճախում կիթառի պարապմունքների. «Քանի որ նաև երգում եմ՝ դաշնամուրով նվագակցելով ինքս ինձ, պատահում է, որ ընկերներիս հետ հավաքույթներին և դպրոցական միջոցառումներին չկա դաշնամուր նվագելու հնարավորություն , այդտեղ ինձ օգնության է գալիս կիթառը: Այն շատ հեշտ տեղափոխում եմ ինձ հետ, ինչն անհնար է դաշնամուրի պարագայում»:

Նախորդ տարվա ամռանը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին Արտյոմը դարձավ առաջին մրցանակակիր՝ երգելով Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմը» ստեղծագործությունը , ինչպես նաև արժանացավ «Սուպեր Գրան Պրի» մրցանակին «Դաշնամուր» անվանակարգում: Մրցույթի ավարտին, երբ արդեն պետք էր վերադառնալ Հայաստան, Արտյոմը նկատում է, որ կորցրել է իր աձնագիրը, և դա որոշակի խնդիրներ է առաջացնում, որոնք, սակայն, նա այժմ միայն հումորով է հիշում:

Ապագայի բոլոր պլանները պատանին կապում է երաժշտության հետ, և հարցին, թե ինչպիսի՞ն է իրեն տեսնում 10 տարի անց, պատասխանում է. «10 տարի անց ես ինձ տեսնում եմ որպես երիտասարդ պրոֆեսիոնալ դաշնակահարի, ով հազիվ է հասցնում մեկ օդանավակայանից մյուսը հասնել, որպեսզի մասնակցի հերթական հյուրախաղերին» (ժպտում է- հեղ․):

Անժելա Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել