20-ամյա Անուշիկը Արցախից է, ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Սովորում էր Արցախում՝ ԱրՊՀ-ի ՏՄՄ (տարրական մեթոդիկա և մանկավարժություն) ֆակուլտետում։ Բռնի տեղահանվելուց հետո ապրում է Երևանում։ Ուսումը շարունակում է ՀՊՄՀ-ում։ Նախասիրությունները շատ են, բայց ամենից առավել սիրում է ցույց տալ իր ձեռքի շնորհքը։ Սիրում է գեղեցիկ հուշանվերներ պատրաատել, իսկ հիիմա դրանք նաև վաճառում է:
-Ե՞րբ եք սկսել Ձեր փոքրիկ բիզնեսը և որո՞նք էին Ձեր առաջին քայլերը:
-Առաջին քայլս դեպի բիզնես եղել է ինստագրամյան էջի բացելը, փետրվարի 3-ին, 2022թ.։ Միշտ ցանկացել եմ ունենալ տարբերվող ու հաճելի բիզնես էջ, որի շնորհիվ ոչ թե գումար կաշխատեմ, այլ ինքս հաճույք կստանամ այդ աշխատանքից։ Հունվարի վերջին ես և քույրիկս մտածում էինք՝ ինչ նվիրել մեր սիրելիներին: Գլխումս միտք առաջացավ պատրաստել տարբերվող գինի, Սիրո պատվոգիր և «Բացիր երբ…»: Փնտրտուքից հետո հասկացա, թե ինչ է մեզ հարկավոր, գնացինք խանութներ, վերցրինք անհրաժեշտ պարագաները և վերադարձանք տուն։ Առաջին իսկ փորձից ամեն ինչ շատ լավ ստացվեց։
-Ո՞վ է Ձեզ օգնել և ոգեշնչել բիզնես սկսելու հարցում:
-Ընտանիքս, ընկերուհիներս սկսեցին գովեստի խոսքեր ասել, և ես ոգևորվեցի։ Ընկերուհիներից մի քանիսը գրեցին, որ ցանկանում են իրենց համար նույնպես գինի սարքեմ։ Մինչ փոքրիկ բիզնես սկսելը, ես արդեն ունեի հաճախորդներ, և դա ինձ շատ էր ոգեշնչում. մեկը մեկին ասելով՝ ինձ գտնում էին և պատվիրում։
-Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել:
-Դժվարությունները սկսել են հենց սկզբից. վախ ունեի չկարողանալ հավաքել հաճախորդների: Սակայն Արցախում, իմ կարծիքով, ես կարողացել եմ հասնել իմ նպատակներին։
Էջս երբ բացեցի, արդեն բլոկադա էր, դե գինին, որով պատրաստում էի, արցախյան արտադրության էր, գինին միշտ կար, սակայն շրջանակը շատ դժվար էի գտնում, լինում էր՝ նույնիսկ գնում էի Ստեփանակերտի կողքի շրջաններից էի վերցնում։ Վերջին ամսում արդեն ոչ մի տեղ չկար շրջանակ, միայն գինիներ էի պատրաստում։ Վերջին ամիսներին գինին էլ էր դարձել խնդիր. այն խանութում, որտեղ կար, հեռու էր, իսկ ավտոմեքենա, ավտոբուս չկար, օրը մի քանի անգամ ոտքով գնում էի, 3-4 հատ բերում»:
-Երբևէ պատահե՞լ է, որ կորցրել եք ոգեշնչումը և այլևս չեք ցանկացել շարունակել Ձեր բիզնեսը։
-Այո, բռնի տեղահանվելուց հետո ամբողջությամբ կոտրվել էի, և ցանկություն չունեի սկսել աշխատանքս, էջս ընդանրապես չէի վարում, լինում էր՝ գրում էին, որ ցանկանում են պատվեր կատարել, ասում էի, որ այլևս չեմ աշխատում։ Մի քանի ամիս անց մի փոքրիկ աղջիկ գրում է և ցանկանում պատվեր գրանցել, ես պատասխանում եմ, որ այլևս չեմ աշխատու: Սակայն նա տխրում է և խնդրում, որ պատրաստեմ իր պատվերը. ես համաձայնվում եմ։ Շատ դժվար էր այդ պատվերը ընդունելը։ Պատրաստելիս մի վայրկյան արցունքս չէր կտրում աչքիցս, ամեն պահ հիշում էի, թե այդ նույն աշխատանքը ինչպես եմ արել մեր տանը։ Պատվերը հանձնելուց հետո այդ փոքրիկից ես այնքան ջերմություն ստացա, որը ինձ ոգեշնչեցմ և հայտարարություն դրեցի, որ վերսկսում եմ աշխատանքս Երևանում։ Ստացա բազում հաղորդագրություններ, որը ևս ինձ ժպիտ պարգևեց։ Պահ է գալիս՝ կոտրվում եմ, չեմ ցանկանում շարունակել, սակայն ինքս ինձ մոտիվացնում եմ և նորից ավելի ուժեղ մարդ դարձած սկսում։
-Իսկ ինչպե՞ս եք հավաքել հետևորդների մեծ բանակ:
-Շատ կարճ ժամանակահատվածում ունեցա ավելի քան 100 հաճախորդ։ Շատ էի ուրախանում, երբ գրում էին ինձ, որ x մարդն է խորհուրդ տվել Ձեզնից պատվեր կատարեմ։ Ինձ թվում է՝ ես կարողանում եմ հաճախորդ-գործատու կապը շատ լավ ապահովել, միշտ սիրալիր եմ հաճախորդների հետ, երբևէ չեմ ունեցել դժգոհություն հաճախորդի կողմից, միշտ փորձել եմ բոլորի դրության մեջ մտնել, նույնիսկ դեպքեր են եղել, որ առաքում անեմ(անվճար)՝ հասկանալով, որ հաճախորդը շատ է ցանկանում պատվեր գրանցել, սակայն չի կարողանում մոտենալ և վերցնել։
-Ի՞նչ խորհուրդ կտաք 0-ից բիզնես սկսողներին:
-Բիզնես սկսողներին ցանկանում եմ մի քանի ուղեցույց տալ, որը կցանկանայի ինձ ասեին մինչ սկսելը՝
1. Որոշեք՝ ինչ եք պատրաստվում անել
2. Ընտրեք հնչեղ և տպավորիչ ապրանքային անունը
3. Ստեղծեք բանկային հաշիվ բիզնեսի համար
4. Միշտ հետևեք օրենքներին, որոնք հենց Դուք եք ստեղծել Ձեզ համար
5. Վերահսկեք Ձեր հաշվետվությունը (ինչքան ծախսեցիք, ինչքան եկամուտ ունեցաք)
6. Կենտրոնացեք ձեր արտադրանքի վրա (ում համար է, ինչ է անում, ում կհետաքրքրի)։
Որակյալ արտադրանքի համար պարտադիր կանոն չէ փորձ ունենալը։ Ամեն ինչ կախված է հենց Ձեզանից, եթե դուք լինեք աշխատասեր, անընդհատ ինչ-որ բան սովորեք, ապա հիշեք Ձեր բիզնեսը երբեք կանց չի առնի։
Միշտ հիշեք, բիզնես սկելու համար վճռականություն է պետք, ուժերի գերլարում, նորարար և խենթ լինելու զգացողություն, երևակայության:
-Հետագայում ի՞նչ պլաններ ունեք:
-Հետագայի հետ կապված չեմ կարող այս պահին խոսել, քանի որ Արցախում են մնացել իմ բոլոր երազանքները…Ես շնչում, ապրում, երազում էի իմ Արցախում, սակայն այդ չարաբաստիկ օրը կորցրի ամեն ինչ։ Արցախում ես ամեն օր ոտքով մի կերպ Ա կետից Բ կետ էի հասնում պատվերներիս համար, սակայն երբեք չեմ դժգոհել, նույնիսկ մտքիս մի ծայրով չի անցել թողնել հայրենիքս, չեմ ցանկացել ապրել ուրիշ տեղ, համաձայն էի չարչարվել, բայց ապրել իմ գողտրիկ Արցախում։
Ու այս ամենից հետո, երբ սկսում ես մտածել ապագայի մասին, չես կարողանում, քանի որ չունես ներկա, ու մտքերդ էլ չեն թողնում առաջ շարժվել ու կառուցել ապագադ։ Բայց մենք հանուն Արցախի և Արցախ վերադարձի պետք է այստեղ ամենքս զբաղվենք մեր գործով՝ Արցախը հիշելով, Արցախւ բոլորին հիշեցնելով։
Ճիշտ է, հիմա ապագան շատ անորոշ է, մշուշոտ, սակայն ես փորձում եմ ուժեղ լինել, փոքրիկ բիզնեսս այստեղ շարունակել և բարձր պահել Արցախցու անունն ու պատիվը՝ այն հույսով, որ շատ շուտով կվերադառնանք Արցախ, և ես կլինեմ իմ տանը ու կզբաղվեմ իմ սիրելի աշխատանքով։
Հարցազրույցը՝ Սեդա Շահնազարյանի
4-րդ կուրս