«Պարը ինձ համար ազգայինը պահպանելու ու փոխանցելու միջոց է հատկապես այս բարդ...

«Պարը ինձ համար ազգայինը պահպանելու ու փոխանցելու միջոց է հատկապես այս բարդ ժամանակշրջանում»․ Ենոք Ավետիսյան

295

«Երբ 10 տարեկան էի, գյուղում բացվեց «Ազգային պար» խմբակը, ու, քանի որ ցանկությունը մեծ էր մասնակցելու, խմբի անդամ դառնալու, որոշեցի ընդունվել»,- մեզ հետ զրույցում ասաց Ենոքը, ով արդեն ինը տարի է զբաղվում է ազգային պարով։ Սկզբում դա եղել է որպես հոբբի, ներկայումս դարձել է մասնագիտական աշխատանք։  Ծնունդով Արմավիր մարզի Երվանդաշատ գյուղից է։ Երվանդաշատի  «Ծովասար» պարային խմբի անդամ է։ Իր խոսքով՝ խումբ մեծ հաջողություններ է գրանցել և շարունակում է գրանցել․ «Սկզբնական շրջանում շատ քիչ էին մրցույթներն ու համերգները, բայց հիմա՝ վերջին 3 տարիներին, ահավոր շատ են միջոցառումներն ու մրցույթները։ Վերջին մրցույթներից կառանցնացնեմ 2019թ․ Վրաստանում տարբեր ազգերի հետ մրցույթը, որտեղ հուլիսի 15-ին գրավեցինք 2-րդ հորիզոնականը, իսկ հուլիսի 19-ին եզրափակիչում գրավեցինք հենց առաջին հորիզոնականը և ոսկե ու արծաթե գավաթներով վերադարձանք Հայաստան»։

Իմ հարցին, թե արդյոք չի ցանկանա ապագայում պարի ուսուցիչ դառնալ, Ենոքը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ իրենց խմբում կան վեց տարեկանից սկսած անդամներ, որոնք նոր են պար սովորում, ինքն էլ պարուսույցի հետ փոքրերին սովորեցնում է պարի ոորտում առաջին քայլերը անել։ «Հեշտ չի այդ գործընթացը, բայց ինձ համար ազգանվեր ու ոգևորիչ գործ ա»,- ասաց Ենոքը։

Ներկայումս մասնագիտության ընտրության հարցում տատանվում է, բայց պարից բացի իրեն պատկերացնում է մեդիա ոլորտում։

Իր բնավորության գծերից առանձնացրեց ընկերասեր, նպատակասլաց լինելը ու ուշ կողմնորոշվելը։ Ընկերները  բնավորության գծերին ավելացրին զուսպ, ընկերասեր,  կյանքի հանդեպ լավատես լինելը։

Ենոքը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Երբ հարցրի, թե որոնք են  իր կյանքի ամենադժվար պահերը, Ենոք նշեց պատերազմի օրերը։ Պատերազմի օրերին կռվել է թեժ գոտում և գերեվարվել։ Պատերազմի մասին չի սիրում խոսել, դա իր համար արդեն անցյալ է։ Պատերազմը իր համար անմեղ մարդկանց կորուստ է։ Պատերազմի 44 օրերը նրա մեջ շատ բաներ են փոխել․ «Փոխվել է վերաբերմունքս, ամեն բան սկսել եմ արժևորել, գիտակցված ապրել, մարդկանց հետ շփումն է փոխվել»։

Ընկերներից Անժելայի կարծիքով՝ Ենոքը լավ, հավատարիմ ընկերության վառ օրինակ է. «Ենոքի նման անկեղծ ու նվիրված ընկեր չկա։ Ենոքը ինձ համար ամենաընկեր է»։

Ալյոնա Մուժիկյան

4-րդ կուրս

Կիսվել