Գիտեմ, որ շատերդ՝ մանավանդ երիտասարդներդ, շատ անգամներ եք լսել կամ կարդացել այս տողերը. Ամեն բան հարաբերական է տիեզերքում, բացառությամբ այն սիրուն, որ ես ունեմ քո նկատմամբ… Իսկ կարգավիճակ գրելուց առաջ կամ որպես լավ տողեր դիտարկելուց հետո հարց չի՞ առաջացել, թե ով է այս տողերի հեղինակը։ Այս բոլոր ժամանակներում արդիական տողերը գրականության հարուստ թանգարան է բերել Հուսիկ Արան, ում հետ հարցազրույց ունենալու արդյունքում հասկացա, որ կյանքն ուրիշ գույներ ունի, հասկացա սիրո բարդ լեզուն, և որ ամենակարևորն է՝ ներս մտա հաճախ անընթեռնելի թվացող գրականության գամված դռներից ներս։
–Ի՞նչ է Ձեզ համար գրականությունը՝ ապրելակե՞րպ, թե՞ սիրելի զբաղմունք։
-Երբ փոքր էի, ուզում էի դառնալ բժիշկ, բայց բանաստեղծությունն ինձ տարավ բանասիրական ֆակուլտետ: Հետո ուզեցի հարստանալ, բայց բանաստեղծությունը, ձեռքս բռնած, ինձ տարավ ոչ նյութական արժեքների աշխարհ:
Հիմա ինձ հարցնում են՝ ինչո՞ւ պաշտոն չունես, ասում եմ՝ չեք տեսնու՞մ, որ բանաստեղծությունը ձեռքիցս բռնել ու տանում է այն բոլոր վայրերը, որտեղ իրեն ազատ ու ինքնիշխան է զգում:
Գրելն իմ հոգեկերտվածքն է, այս անհասկանալի աշխարհում ինքս ինձ հասկանալի դարձնողն է: Ինձ համար հոբբի կամ զբաղմունք չէ բանաստեղծությունը, իմ կենսակերպն է: Գրելն ուղղակի կերպով ինձ ապրեցնում է, իմ կյանքն է: Ինձնից ուժեղ է և իմ ցանկություններից՝ փողից, պաշտոնից: Ես ուզում եմ փող ու պաշտոն, բայց դրանք խանգարելու են ինձ գրել: Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Բանաստեղծությունն իմ կյանքն է, եթե չգրեմ, կմեռնեմ:
–Դուք հաճա՞խ եք կանգնում գրելու ռեակտիվությունը կորցնելու և մուսա ասվածին սպասելու փաստի առաջ։
-Կա կուտակման ժամանակ, և կա գրելու ժամանակ: Քո ամեն օրը գալիս լցվում է քո մեջ, մաքրվում-զուլալվում, հանքանյութից զտվում է ոսկին քո ներքին ջերմությամբ եռման շնորհիվ և հանձնվում թղթին, դառնում գիր: Այդ եռման շրջանում ոչ թե սպասում ես մուսային, այլ մուսան՝ ներշնչանքն է հասունանում: Մենք չգիտենք, բայց ինքն իր բռնկվելու օրն ու ժամը գիտի: Իսկ առանց ներշնչանքի չի գրվում, եթե գրվեց էլ՝ մատնում է, որ գրել ես, ոչ թե ստեղծել:
–Հայ գրականության մեջ կա՞ գրական մի դեմք, ումից բավականաչափ ազդեցություն եք կրել։
-Ազդեցություն սովորաբար պատանի տարիքում են կրում, երբ սկսնակ են: Իմ ուսուցիչը եղել է Պարույր Սևակը: Իսկ հետո սկսում ես սովորել, քեզ ճշտել մարդկային վաղնջական ու նոր մտքի ճշմարտությամբ՝ սկսած շումերական սալիկներից, հունահռոմեական մշակույթից, Աստվածաշնչից, միջնադարից ու Վերածննդից մինչև մեր օրեր՝ լինելով աշխարհի շնչառության մեջ:
Հիմա և վաղուց իմ հայացքը ճշտում եմ Չարենցով, հատկապես նրա «Գիրք ճանապարհի» մատյանով:
–Քչերը գիտեն Ձեզ՝ որպես Ֆելիքս Եղիազարյանի, քանի որ հայ ընթերցողին ներկայանում եք Հուսիկ Արա գրական անվամբ։ Ինչո՞ւ հենց Հուսիկ Արա, և արդյոք տարբեր են Ֆելիքս Եղիազարյան և Հուսիկ Արա առաջին հայացքից տարբեր թվացող, բայց նույն եսերը։
-Մինչև ծնվելս հայրս ասել է, որ տղա է ունենալու՝ անունը Հուսիկ: Արդեն փողոցը գիտեր, որ շուտով ծնվելու է Հուսիկը: Բայց մայրս ծննդյանս վկայականում գրել է տվել Ֆելիքս՝ իր վաղամեռիկ եղբոր անունը: Երբ զարմանում են, թե՝ չգիտեինք, որ անունդ Ֆելիքս է, ասում եմ՝ ես էլ չգիտեի, դպրոց գնալուց հետո եմ իմացել: Ինձ Ֆելիքս կանչում են դպրոցական և ուսանողական ընկերներս, իսկ տանը, գյուղում և հարազատներս գիտեն Հուսիկ: Մայրս նույնպես Հուսիկ էր կանչում:
Երկու անունը երկվություն է՝ երկու ես, տարբեր, վիշապի մարմնի երկու գլուխներ, որ հաճախ իրար են կծոտում:
Ֆելիքսը սովորական մարդն է, Հուսիկը՝ պոետը: Ֆելիքսը սիրում է կյանքը վայելել, փող աշխատել, շվայտ ու ցոփ ապրել, վատնել ժամանակ և ամեն ինչ: Իսկ Հուսիկը ձեռքից բռնում և նստեցնում է գրասեղանի առաջ ու ասում՝ կարդա ու գրիր: Նրանք անհաշտ թշնամիներ են, մեկը մյուսին է մեղադրում իր չստացվելու մեջ: Բայց Ֆելիքսն է գրելու նյութ բերում Հուսիկին, եթե Ֆելիքսը կյանքը չապրեր, Հուսիկը բան էլ չէր գրի: Զիջողը, զոհաբերվողը միշտ Ֆելիքսն է, ստիպված է կյանքի հաճույքներից ետ մնալ, որ Հուսիկը բանաստեղծ մնա: Իսկ Արա-ն ուղղակի պոետական ծածկանուն է, ավելի հնչեղ, քան Եղիազարյանն է: Մենք՝ հայերս, արաներ ենք՝ Արա Գեղեցիկ աստծու որդիները, և միշտ իրար հենց արա էլ ասում ենք:
–Սիրո թեմայով Ձեր գրած բանաստեղծությունները տարբերվող են ու դիպուկ։ Ձեր սիրո պոեզիայի այդչափ յուրահատկությունը կարո՞ղ ենք կապել կյանքում շատ սերեր ունենալու հետ։ Դուք հավատու՞մ եք սիրո հավերժական լինելուն։
-Սկզբում սերն էր, վերջում էլ է սերը լինելու: Աստված ասաց՝ լույս լինի, այսինքն՝ սեր լինի: Եվ Աստված ասաց, որ նշանակում է՝ լույսը ասաց, նշանակում է՝ սերը ասաց: Սերը լույս է, Աստված է: Իսկ լույսը և Աստված հավերժ են, նույն ինքը՝ սերը:
Իմ բոլոր սերերն իմ լույսն են եղել, ես ապրել եմ այդ լույսով, ապրել եմ ոչ միայն բանաստեղծությամբ, այլ նաև սիրո լույսով: Ամեն օր կյանքի ցավից ու տառապանքից, անելանելիությունից ինձ փրկում է սիրո լույսը, պարուրում է և կյանք տալիս՝ չհանձնվել մահվանը:
Եթե արդար լինենք, սիրո մեջ որքան կյանք, այնքան էլ մահ կա, իսկ թե ինչպե՞ս ենք կարողանում ապրել այդպես՝ կյանքի մեջ մահով, մահվան մեջ՝ կյանքով, դա էլ սիրո գաղտնիքն է:
Իսկ բանաստեղծության հաջողությունն այն է, որ անկեղծ եմ խոստովանում՝ ուղղակի մտնելով մաշկի տակ և երակի մեջ: Որովհետև սիրում եմ ամբողջական, անմնացորդ, մինչև վերջին կաթիլս, ինձնից էլ շատ: Կարողանում եմ:
Անժելա Շահանց
4-րդ կուրս