Վերջերս ավարտվեցին «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումները, ֆիլմը Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի սպորտային կարիերայի մասին է։ Սյուժեի վերաբերյալ դեռ շատ մանրամասներ չկան, բայց դրանից ֆիլմի հանդեպ մեծ հետաքրքրությունը չի պակասում։
«Նազիկ Ավդալյանի կանացի կերպարը միշտ է ինձ համար ոգեշնչման աղբյուր եղել, իսկ նրա մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ստեղծվեց շատ հանկարծակի: Որքան էլ բոլորս ճանաչում ենք Նազիկին, գիտենք, որ սարսափելի վթարից հետո կարողացավ դառնալ Եվոպայի կրկնակի չեմպիոն, այնուամենայնիվ նրա կյանքի մասին կան մանրամասներ, որոնք դեռ բացահայտված չեն»,- մեզ հետ զրույցում նշում է ֆիլմի ռեժիսոր Աննա Հարությունյանը, ով նաև ֆիլմում մարմնավորում է հենց Ն․ Ավդալյանի կերպարը։
Դերասանուհին պատմում է, որ միտքը հղանալուց հետո անմիջապես հանդիպել է Նազիկի հետ, հանդիպումը հուզիչ է եղել Աննայի համար, սակայն առաջին պահից հասկացել են իրար և անմիջապես հաջորդ օրը սկսել են մարզումները։
Բնականաբար, եղել են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական դժվարություններ: Սոց ցանցերում մեծ տարածում գտած տեսանյութերում երևում են այն բարդությունները, որոնց միջով անցնում է դերասանուհին կերպարին ավելի նման լինելու համար: Աննան ընդհուպ հրաժարվել է իր գեղեցիկ երկար վարսերից:
«Մեդալի հակառակ կողմում ոչ միայն հաջողության փայլն է, այլ ցավը, տառապանքը, զոհաբերությունը: Ամեն բան իր գինն ունի: Կարծում եմ, որ սա համամարդկային արժեք ներկայացնող թեմա է: Մարդ ընտրություն է կատարում իր առաքելության և հասարակության կարծիքի միջև, ընտանիքի և գործի միջև։ Ընտրությունը միշտ չէ, որ անհետևանք է մնում: Մեր նպատակն այն է, որ յուրաքանչյուր մարդ, երբ դիտի ֆիլմը, հասկանա, որ անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին, փորձել, որովհետև կյանքում ամենավատը ափսոսանքի զգացողությունն է»,- իր խոսքում նշում է Աննա Հարությունյանը:
Մեզ հետ զրույցում իր մտքերով կիսվեց նաև Նազիկ Ավդալյանը:
«Իմ մասին ֆիլմ նկարահանելու առաջարկ անցյալում էլի է եղել, բայց տարբեր պատճառներվ չի ստացվել: Չգիտեմ՝ ինչպես է լինում դա, բայց առաջին հանդիպումից Աննան ինձ վստահություն ներշնչեց։ Հետագա զրույցների ընթացքում հասկացա, որ ես կարող եմ ստանալ այն, ինչը ուզում եմ փոխանցել ժողովրդին»,-նշում է չեմպիոնը։
Ֆիլմում ամեն ինչ ներկայացվում է այնպես, ինչպես իրականում եղել է, ոչինչ փոփոխված չէ և ոչինչ ուռճացրած չէ, դեպքերը, դրվագները, բոլորը Նազիկի իրական կյանքից է վերցված։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ Աննան հնարավորինս կարողանում է ներկայացնել իր բնավորությունը, խառնվածքը:
«Ես կարծում եմ, որ ինչ-որ չափով իմ և Աննայի մեջ կան նմանություններ, դա արտացոլվում է ֆիլմում»:
Ն. Ավդալյանը պատմում է, որ Աննան մարզումները սկսել է ավելի վաղ, և Նազիկին դիմել է արդեն մարզված վիճակում, սակայն հենց չեմպիոնին հատուկ տեխնիկան նա սովորել է Նազիկից։
Ֆիլմում նաև շատ կարևոր նշանակություն ունի Նազիկի ամուսնու կերպարը, որը մարմնավորում է Սոս Ջանիբեկանը։
«Երբ կարդացի սցենարը, բնականաբար շատ հետաքրքրրեց ինձ: Պիտի ասեմ, որ տասնամյակներ հետո մեծանուն հայուհին կլինի լեգենդ, և նկարահանվելը այդ ֆիլմում ինձ համար մեծ պատիվ է: Սցենարը վերցրեցի՝ մտածելով, որ 3 օրում քիչ-քիչ կկարդամ, սակայն առաջին էջից հետո մի շնչով կարդացի։ Չեմ ուզում համեմատության մեջ դնել, բայց վստահ կարող եմ ասել, որ դա իմ կյանքում հազարավոր կարդացած սցենարների մեջ լավագույններից է։ Աննայի գրած սցենարը իսկապես հրաշալի է՝ թե՛ ամբողջ կառուցվածքը, թե՛ դրամատուրգիան, թե՛ երկխոսությունները և թե՛ կերպարները»,– մեզ հետ զրույցում ասում է Սոս Ջանիբեկյանը և հավելում, որ նկարահանվել համաձայնվելուց հետո նա սկսել է ծանոթանալ կերպարին, հարց ու փորձ է արել նրա ծանոթներից՝ հասկանալու համար Նազիկի ամուսնու բնավորության գծերը, խառնվածքը: Դերասանը նշում է, որ կերպարը շատ է սիրել, չնայած այն բանին, որ նրանց երկուսի խորքային ես-երը, հնարավոր է, ընդհանրապես նման չեն իրար:
Ֆիլմի տևողությունը շատ երկար չէ, սակայն ամբողջությամբ արտացոլում է մարզիկների անցած բարդ ճանապարհնը: Հետաքրքրականն այն է, որ այս պատմությունը ոչ միայն ոգեշնչման աղբյուր է դառնալու շատ սպորտսմենների, այլև ուղղակի հասարակ մարդկանց համար, որպեսզի հավատան իրենց ուժերին և համարձակ կերտեն իրենց հաջողության ուղին:
Ֆիլմում նաև նկարահանվել են ՀՀ վաստակավոր դերասաններ Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը,Դավիթ Հակոբյան, Արտաշես Ալեքսանյանը և այլոք։
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2024թ.-ի սեպտեմբերին:
Ալինա Սաակյան
2-րդ կուրս