«Թոնրատուն»՝ 5 կանանց ամենօրյա հոգսերի տաքուկ անկյունը

«Թոնրատուն»՝ 5 կանանց ամենօրյա հոգսերի տաքուկ անկյունը

180

«Մոսկվա» կինոթատրոնը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մարտի 8-ին ցուցադրեց ռեժիսոր Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը: Այն ստացել է պետական ֆինանասական աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:

«Ուշադրության կենտրոնում պահելով հաց պատրաստելու առօրյա թվացող գործողությունը՝ նա ավելին է հունցում խմորի հետ. հիշողություն, տրավմա, գաղտնիքներ».- սրանք այն խոսքերն են, որոնք ստացավ Իննա Մխիթարյանը՝ «Թոնրատուն» ֆիլմը Վիեննայի միջազգային կինոփառատոնում ներկայացնելիս:

«Այս ֆիլմը ստեղծելը հինգ տարի տևեց, բայց շատ բախտավոր եմ եղել, որովհետև շատ պրոֆեսիոնալ մասնագետների հետ եմ աշխատել: Ամեն մեկն իր գործն էր անում, ու ինձ մնում էր միայն իմ մասով աշխատանքը, այսինքն՝ բացառապես ստեղծագործական աշխատանք եմ կատարել և ինձ համարում եմ երջանիկ այդ իմաստով»,- ասում է դոկումենտալիստ Իննա Մխիթարյանը:

Հինգ տարիների ընթացքում նա ու ստեղծագործական թիմը, որոշակի խնդիրներ ունենալով հանդերձ, կարողացան արժանանալ ֆրանսիացի հանդիսատեսի գնահատանքին ու սիրուն: Քննադատ, դրամատուրգ և լրագրող Քերոլայն Շաթելետը, անդրադառնալով ֆիլմին, նշել է, որ այն ամենօրյա հոգսերի, հայրիշխանության և Ադրբեջանի հետ պատերազմի արանքում գծում է Հայաստանի որոշակի պատմություն՝ պատմված նրա անտեսանելի հերոսների կողմից:

«Թոնրատուն»-ը ճանաչվել է Վիեննայի «Մարդկության այս աշխարհը» կամ «This Human World» կինոփառատոնի միջազգային մրցույթի հաղթող: Ֆիլմը ընդգրկվել է Ֆրանսիայի «Les Ecrans Documentaires in Arcueil» փառատոնի մրցութային ծրագրում:

«Մեր ֆիլմը բավականին երկար ճամփորդեց, և ամենաուրախալին այն է, որ այդ պրոցեսը դեռ շարունակվում է, շատերը, մեկը մյուսից տեղեկանալով, վերցնում են ֆիլմն ու ցուցադրում, անգամ ֆրանսիական հեռուստատեսությամբ է ֆիլմը ցուցադրվել»,- ասում է պրոդյուսեր Անժելա Ֆռանգյանը:

Ֆրանսիական կողմը, երբ փորձել է ֆիլմը թարգմանել ֆրանսերեն, լիարժեքորեն չի հասկացել հայերեն բառի իմաստը.

«Քանի որ լավ թարգմանություն չկարողացան ստանալ, իրենք նկարագրեցին և նկարագրական վերնագիր դրեցին, ստացվեց՝ հայ ժողովդի պատմությունը հինգ կանանց կողմից»,- ասում է Իննան:

85 րոպե անընդմեջ «Թոնրատուն» ֆիլմը պատմում է  5 կանանց մասին, ովքեր 30 քառակուսի մետր տարածքում՝ թոնրատանը, լավաշ են թխում ու քննարկում պատերազմն ու կյանքը: Ֆիլմի հերոսներն իրական մարդիկ են, որոնք բարձրացնում են այնպիսի խնդիրներ, որոնց բախվում է հայ իրականությունը:

Ունենալ շատ տղա երեխաներ, հրաժարվել դեռ չծնված աղջիկ երեխաներից, անվերջ սպասել արտերկրից վերադարձող տղամարդկանց, սպասել նույն տղամարդկանց,  այս անգամ՝ պատերազմից. սրանք այն թեմաներն են, որոնք արծարծվում են ֆիլմում:

«Ֆիլմը երեխա ժամանակ իմ տեսած պատկերների և լսածի արդյունքն է: Այդ կանայք ամեն շաբաթ իրենց խնդիրները տեղափոխում էին թոնրատան տարածք, ես էլ ներկա էի լինում այդ զրույցներին. մայրս այդ կանանցից մեկն էր», – նշում է դոկումենտալիսը:

Իննան ցավով նշում է, որ հարազատ գյուղում՝ Կաթնաղբյուրում, որտեղ էլ որ տեղի էին ունենում իրադարձությունները, վաղուց թոնրատները վերացել են և չեն գործում: Ֆիլմի հեղինակը խոստովանում է, որ թոնրատան տեսարանները ստանալիս որոշակի արհեստական ուղղումներ են արվել:

Հետաքրքրական է այն, որ առաջներում հայ կանայք մի քանի ընտանիքներով են հավաքվել հաց թխելու, որպեսզի խնայեն փայտն ու ժամանակը, քանի որ տան տղամարդը կա՛մ արտերկրում աշխատանքի է եղել, կա՛մ զինվորական ծառայության: Ընտանիքի ամբողջ հոգսն իր ուսերին կրել է հայ կինը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսն ու ստեղծագործական թիմը ունեցան քննարկում, որի ընթացքում ներկաները կարողացան հայտնել իրենց շնորհակալությունը, տվեցին հուզող հարցերն ու դիտարկումներ արեցին ֆիլմի այս կամ այն հատվածի վերաբերյալ:

Կարծիքներ հանդիսատեսից՝

«Շատ երկար էի սպասել, որ ֆիլմը դիտեի, մի կադր անգամ չէի գտել, որ տեսնեի: Շնորհավորում եմ կարևոր մրցանակի արժանանալու համար: Որպես երեք աղջիկների մայր՝ կասեմ, որ թեման ծանր էր, շատ հաճախ ենք բախվում այդ իրականությանը նույնիսկ այս լուսավոր դարում: Ֆիլմի ընթացքում մենք տեսանք ծանր ու դժբախտ կյանք ունեցող, աներազանք կանանց, ու ես չէի ուզենա, որ իմ բալիկները ևս ապագայում այդպես ընկալվեին Հայաստանում»:

«Շնորհավորում եմ, քանի որ ստեղծագործական թիմը առաջիններից էր, որ կարողացավ կնոջ փիլիսոփայությունը ցուցադրել: Բայց կուզենայի, որ այդ կանայք այլ խնդիրների մասին ևս խոսեին, թեման կարող էր մի փոքր ավելի լայն լինել»:

«Ֆիլմը լավն էր, բայց ես կուզենայի, որ մայրիկը երազանք ունենար, բեմադրվեր երազանք, որ մի լուսավոր կետ լիներ վերջաբանում»:

«Շնորհակալ եմ ֆիլմի համար, ես գնացի իմ մանկություն, թոնրատուն, որտեղ հավաքվում էինք, հաց թխում՝ ընտանիքը մեկ ամիս կերակրելու համար»:

«Թեման շատ համամարդային էր, ուզում էի շեշտել հատուկ, որ ֆիլմը գեղարվեստական առումով շատ անկեղծ ու իսկական էր»:

Սաթենիկ Խալաթյան

4-րդ կուրս

Կիսվել