«ԱՐՄԵՆՊՐԵՍ»-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

1708

Հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներն այցելեցին «Արմենպրես» լրատվական գործակալություն։  Ապագա լրագրողներին ներկայացվեց ՀՀ առաջին լրատվական գործակալության 100-ամյա պատմությունը։

«Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արամ Անանյանն  ուսանողների համար իրականացրեց փոքրիկ էքսկուրսիա գործակալության ներսում։  Ուսանողներին ներկայացվեց Դագերոտիպի ապարատը, որով սկիզբ է դրել լուսանկարչությանը։ Ապագա լրագրողները եղան նաև «Արմենպրես»-ի մեծ դահլիճում, որտեղ պարբերաբար անցկացվում են մամուլի ասուլիսներ, մուտք գործեցին գործակալության այն կարևոր սենյակներում, որտեղ պատրաստվում են լուրեր քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, սպորտի և միջազգային թեմաներով։ Ծանոթացան լրագրողների աշխատանքային գործունեությանը, ձեռք բերեցին մասնագիտական հմտություններ:

Երիտասարդ լրագրողները տեղեկացան, որ «Արմենպրես»-ի լրագրողական աշխատակազմն ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ իր լսարանին տեղեկություն ապահովելով հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով։

Ուսանողներն այցելեցին նաև ֆոտոարխիվ, որտեղ ներկայացված էր Հայաստանի և տարածաշրջանի պատմությունը։ Միայն ֆոտոարխիվում պահպանվում է 100 հազար լուսանկար, իսկ գործակալության պատերը զարդարում էին «Արմենպրես»-ի լուսանկարչի կողմից ֆիքսված Հայաստանի և արտասահմանի ուշագրավ օրերը, մարդիկ, իրադարձությունները։

Նշենք, որ «Բաց դասն» անցկացվում էր ինտերակտիվ եղանակով: «Արմենպրես»-ի գլխավոր խմբագրի խոսքերով՝ ապագա լրագրողը, և առհասարակ մարդ անհատը, պետք է անընդհատ կարդա և իրեն գրքերում փնտրի, իսկ լավ լրագրող դառնալու համար շատ բան հարկավոր չէ․պետք է լինել օպերատիվ, հավաստի, անաչառ, նյութեր գրելիս հետևել գրագիտությանը, շարադրանքի էությանը և ունենալ վերլուծական միտք։

Մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստի վարպետություն առարկայի դասախոս Հրածին Սաֆարյանը կարևորում է ապագա լրագրողների ընդհանուր զարգացվածությունը և հաճախ է կազմակերպում արտալսարանային դասեր: Նրա խոսքով՝ ինֆորմացիայի դարում ապագա լրագրողները տեղեկացված լինելուց բացի պետք է լցնեն նաև հոգին, իսկ դա կարող է ապահովել արվեստը, գիրքը և արվեստի ու գրքի հետ շփվող մարդը։

 

Մարիամ Մարգարյան

2-րդ կուրս

 

Կիսվել