Միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը՝ եռօրյա դասընթացի նյութ

Միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը՝ եռօրյա դասընթացի նյութ

133

Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցության շրջանակներում արդեն երկրորդ անգամ կայացավ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» թեմայով դասընթաց։ Դասընթացի առաջին փուլն անցկացվեց մարտի 22-24-ին Ծաղկաձորում։

«Ի տարբերություն նախորդ տարվա, երբ մասնակիցներ ընտրվել էին միայն միջազգային հարաբերությունների ֆակուլտետից, այս տարի որոշեցինք ընդլայնել մասնակիցների շրջանակը և ընդգրկել Պատմության, Արևելագիտության ինչպես նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին։ Լրագրողներին, կարծում եմ, ևս հետաքրքիր և օգտակար կլինի միջազգային դիվանագիտությանը ծանոթանալը»,-նշեց Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը։

Առաջին դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Արման Եղիազարյանը՝ խոսելով սփյուռք գաղափարի ու Հայաստան-Սփյուռք կապի մասին։

«Հայաստանի երկկողմ և բազմակողմ ֆորմատով համագործակցումը անվտանգության ոլորտում» թեման ներկայացրեց ՀՀ ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության գծով երկրորդ քարտուղար, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրանիկ Գրիգորյանը։ Թեմայի շրջանակներում նա խոսեց Հայաստան- ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵՄ հարաբերությունների մասին, ապա պատասխանեց ուսանողների հարցերին։

Հաջորդ բանախոս Հայաստանի պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Գենադի Տավարածյանը խոսեց ժամանակակից պատերազմի բնույթի և հիմնական օպերատիվ ռազմավարական կարգերի մասին։

ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը ուսանողներին ծանոթացրեց բանակցային գործընթացներին և դիվանագետի բանակցային հմտություններին։

Սեմինարի վերջին դասախոսությունը «Քրդերը և քրդագիտությունը Հարավային Կովկասում» թեմայով էր, իսկ բանախոսն էր Ամստերդամի համալսարանի դասախոս Մայքլ Լիզենբերգը։

Դասախոսություններից հետո բուռն քննարկումներ ու բանավեճեր ծավալվեցին։ Ուսանողներին հնարավորություն տրվեց իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին և ստանալ պատշաճ պատասխաններ։

Մասնակիցների խոսքերով՝ սա եզակի հնարավորություն էր՝ զարգացնելու մասնագիտական գիտելիքներն ու մտածողությունը։ «Ինձ՝ որպես Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողի և գործող լրագրողի համար սեմինարը բավականին արդյունավետ էր, քանի որ դրա հիմքում ընկած էին արդի և կարևորագույն թեմաներ, որոնց մասին գիտելիքները կարևոր են լրագրողի համար։ Հատկապես Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաների իմացությունը կօգնի յուրաքանչյուր լրագրողի ավելի ճիշտ լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները»,-նկատում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Նատալի Մկրտչյանը։

Եռօրյա սեմինարն ամփոփեցին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ Սարգիս Գրիգորյանը, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանը։

Վահրամ Պետրոսյանի խոսքերով՝ դասընթացների հիմնական նպատակը երիտասարդությանն ավելի տեղյակ դարձնելն ու լրացուցիչ գիտելիքներ տալն է․ «Ցավալի է ընդունել, բայց թշնամին մեզ հաղթեց ոչ միայն զենքով, այլ նաև գիտելիքով։ Նմանատիպ ծրագրերը կարևոր են, որպեսզի լրացնենք այս բացը հատկապես երիտասարդության շրջանում»։

Սեմինարի ավարտին կազմակերպիչները հրաժեշտ չտվեցին ուսանողներին, քանի որ երկու նմանատիպ սեմինար ևս նախատեսվում է։ Սեմինարը բարեհաջող ավարտած և հանձնարարված աշխատանքները կատարած ուսանողները վերջում կստանան վկայականներ։

Մելանյա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել