««Այբ»,- հնչում էր ականջներումս, իսկ նրա ականջներում երբեք չի հնչել»

««Այբ»,- հնչում էր ականջներումս, իսկ նրա ականջներում երբեք չի հնչել»

244

«Ես ծնվեցի ծնողներից, որոնց բնությունը զրկել էր խոսելու և, որ ավելի վատ է, լսելու ունակությունից։ Ծնվեցի, որ դառնամ նրանց աշխարհին կապող միակ բանաձևը»,-      26-ամյա Արենի խոսքերն են։ Արդեն 9 տարի է, ինչ նա անվճար դասավանդում է ժեստերի լեզու․ դեռևս մանկուց լիարժեք տիրապետում էր լեզվին։ «Ծնվել եմ, երբ երկրում ցուրտ էր ու մութ, սակայն մեր տունը ջերմ էր ու մարդաշատ», – հիշում է Արենը։

«Տատս պատմում էր, որ մի օր, երբ ես արդեն մի քանի ամսական էի, հայրս բոլորովին անսպասելի սկսել է ծափ տալ: Նույն սենյակի մի անկյունում ես եմ եղել հորաքրոջս հետ խաղալիս, մյուսում` հայրս՝ մեզ լուռ հետևելիս: Տատս ասում էր, որ սկզբում գլխի չեն ընկել` ինչ է կատարվում: Եվ միայն հաջորդ օրը, երբ հայրս զգուշորեն հարցրել է՝ լսում եմ, թե ոչ, մերոնք հասկացել են, որ ծափ տալով ստուգել է իմ արձագանքը, իմ լսել-չլսելը, իմ լսողական կապը արտաքին աշխարհի հետ: Ու ամիսներ ձգված նրա անհանգստությունը կորել է տատիս դրական պատասխանի հետ: Դպրոցում, այբուբենի տառերը սովորելիս»,- Արենի հերթական հիշողությունն է։ Հոր հետ սովորել է  նաև հայերեն մատնախոսության այբուբենը. ««Ա մեծատառ, ա փոքրատառ, Բ մեծատառ, բ փոքրատառ»` սովորում էի ես, իսկ հայրս ցույց էր տալիս այն մատնատառերը, որ իրենցն էին ու որ նույն ա-ն էին ու նույն բ-ն իրենց համար:

«Այբ»,- հնչում էր ականջներումս, իսկ նրա ականջներում երբեք չի հնչել»։

Ընդունվելով Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ՝ երբևէ չի մտածել այդ մասնագիտությամբ աշխատելու մասին։ Մագիստրատուրան շարունակել է սուրդոմանկավարժության բաժնում։  

Հոր դպրոցական տարիների մասին պատմություններից սարսափում է։ Գուցե այդ պատմությունները ևս աշխատանք ընտրելիս դեր են ունեցել նրա համար։ «Ինձ թվացել է, որ այդ երեխեաներն երբևէ ոչ մեկը չի հասկանալու: Միշտ մտածել եմ` տեսնես ինչ կրթություն են ստանում նրանք, տեսնես ոնց է անցնում նրանց օրը։ Ու ամբողջ կյանքում դա ինձ հետապնդել է»,- ասում է Արենը։

9 տարի շարունակ Արենը համառորեն փորձում է դասավանդել և տարածել ժեստերի լեզուն երիտասարդության շրջանում։ Այս ամենն իր առաքելությունն է համարում, ուզում է ինչ-որ կերպ օգտակար լինել, ցույց տալ, որ լսողական խնդիրներ ունեցող մարդիկ նույնպես հասարակության լիարժեք անդամ են:
Միտք ունի բացել նաև մասնավոր դպրոց։ Ասում է. «Գուցե ծերությունս վայելեմ դպրոց բացելով»։

Արենի համար ամենակարևորը հոր զգացմունքներն են։ «Հայրս նման սցենար չէր էլ կարող ենթադրել»,- պատմում է նա։ Հիշում է՝ ինչպես էր սովորեցնում սիրել այդ լեզուն։ Ժեստերի լեզուն Արենի համար սիրո և հանդուրժողականության լեզու է։

Հասմիկ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել