«Ամբողջ պայքարն այդ պահի համար է». Հռիփսիմե Խուրշուդյան

«Ամբողջ պայքարն այդ պահի համար է». Հռիփսիմե Խուրշուդյան

451

Ծանրամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի ունեցավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որտեղ հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց բրոնզե մեդալ և պատվով հրաժեշտ տվեց սիրելի մարզաձևին։

Օրերս առիթ ունեցա զրուցելու մեր լեգենդար հայրենակցուհու հետ, որը ներկայացնում եմ ստորև:

-Սիրելի՛ Հռիփսիմե, նախ շորհավորում եմ հերթական հաղթանակի առիթով: Ուզում եմ, որ պատմեք Ձեր մասին, կնոջ համար ոչ սովորական մարզաձևի ընտրության, Ձեր մարզական առաջընթացի, հաջողությունների, նաև անելիքների մասին: Եվ ուրեմն սկսենք սկզբից.  ե՞րբ և որտե՞ղ սկսեցիք զբաղվել ծանրամարտով։

-Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից։ Մարզվել եմ Կոտայքի մարզի Քասախ գյուղում գտնվող ծանրամարտի մարզադպրոցում։ Հայաստանում այս մարզաձն այդ ժամանակահատվածում   դեռևս զարգացած չէր, ավելին՝ ոլորտում կին մարզիկներ ընդհանրապես չկային, և միայն որոշ ժամանակ անց մարզաձևի հանդեպ յուրահատուկ մոտեցման շնորհիվ այն բավականին հայտնի դարձավ նաև մեր երկրում։

-Ու՞մ օրինակով ոգեշնչվեցիք։

-Ոչ ոքի, քանի որ ես առաջին կին ծանրորդն եմ։ Կարելի է ասել՝ ես օրինակ հանդիսացա մյուսների համար։

-Ե՞րբ առաջին անգամ մեդալակիր դարձաք, ի՞նչ էր այն Ձեզ համար, ի՞նչ զգացողություններ ունեցաք  այդ պահին։

-14  տարեկանում նվաճեցի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալը։ Այդ պահին անչափ մեծ էին ոգևորությունս ու հպարտությունս, քանի որ ես պատվով ներկայացրի իմ երկիրը։

-Ամեն անգամ ծանրաձողին մոտենալիս ի՞նչ եք զգում։

-Կա վախ և պատասխանատվություն. իմ առջև ծանրություն է, որը ես անպայման պետք է բարձրացնեմ։

-Ձեր տարիքում կրկին վերադառնալ սպորտ ու  կրկին ապացուցել, որ ոչինչ դեռ չի ավարտվել, կարծում եմ՝ բավականին պարտավորեցնող է։

-Միանշանակ, ես այս տարիքում խոսք տվեցի ինքս ինձ և իմ հարազատներին, որ կվերադառնամ մեդալով՝ չգիտակցելով, թե ինչքան դժվար է դա իմ պարագայում, երբ ունես նաև վնասվածքներ, որոնք քեզ անդադար հիշեցնում են իրենց մասին: Բայց միևնույն է, ես գնացի առաջ։ Երբ վերսկսեցի մարզումներս ու տեսա, որ ինձ հետ մարզվող աղջիկներն ի՜նչ կիլոգրամներ են բարձրացնում, ու իսկ ես իմ վնասվածքների պատճառով  դոփում եմ տեղում, ինձ  ուժեղ բնավորությունս առաջ մղեց և այն խոստումը, որը ես տվել էի իմ երկրպագուներին։

-Իսկ չէի՞ք հուսահատվում, երբ տեսնում էիք, որ չի ստացվում։

-Այո՛, բազմիցս է այդպես եղել: Մեկ անգամ այնպես ստացվեց, որ հանեցի մարզակոշիկներս ու ամուսնուս ասացի, որ այլևս չեմ մարզվելու, քանի որ չի ստացվում, բայց նրա ոգևորություններն ու քաջալերումները ու այն,  որ իմ կողքին էր միշտ, ինձ ուժ տվեցին

-Վստահ եմ՝ հաղթանակները յուրովի են տպավորվում, ու զգացողությունները տարբեր են լինում: Այ, երբ նվաճում եք բարձր հորիզոնականներ և կանգնում եք պատվո հարթակին, ի՞նչ ապրումներ եք ունենում։

-Իհարկե՝ հպարտություն և ուրախություն, քանի որ իմ պատվին  Հայաստանի Հանրապետության օրհներգն է հնչում: Կարծում եմ՝ ամբողջ պայքարն այդ պահի համար է։

-Հիմա արդեն երբ ունեք ընտանիք, բալիկներ, արդյոք դժվար չէ՞ համատեղել սպորտն ու ընտանիքը։

-Ամեն տեղ էլ դժվարություններ կան, իմ պարագայում ես համատեղել եմ իմ շատ սիրելի սպորտն ու ընտանիքը ու անյպես արել, որ երկուսն էլ չտուժեն։

Հարցազրույցը՝ Սիրվարդ Կարապետյանի

5-րդ կուրս

Կիսվել