Երևան-Գյումրի գնացքում՝ մասնագիտությունից մինչև հայրենիք

Երևան-Գյումրի գնացքում՝ մասնագիտությունից մինչև հայրենիք

314

Երևան-Գյումրի  գնացքը  լիքն էր  ուղևորներով, և  հազիվ 2 ազատ տեղ  էին  կարողացել պահել իմ  և ընկերուհուս  համար: Նստեցինք։ Արդեն  տեղավորվել էինք,  և  դիմացս նստած մի  տարեց մարդ  հարցրեց․

-Ուսանո՞ղ եք։

-Այո։

-Որտե՞ղ  եք  սովորում, ի՞նչ մասնագիտություն եք  ընտրել․․․

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարտին  Թադևոսյանից շատ  բան կարողացա սովորել  այդ 30 րոպեի ընթացքում։ Պարոն Թադևոսյանը  պատմեց իր  կյանքում  եղած հետաքրքիր  դրվագները, տվեց  խորհուրդներ, որոնք  կյանքում շատ  էին պետք գալու։

Ցածր ձայնով էր խոսում, հազիվ  էի  կարողանում  լսել նրան։ Երեք մանսագիտություն ուներ․ փաստաբան, դասախոս և Շիրակի թեմի թեմական խորհրդի ատենապետն էր  եղել:

Երբ խոսում  էինք մասնագիտության  ընտրությունից, պարոն Թադևոսյանը կարևորեց, որ ինչ էլ անենք, անենք  միայն շա՜տ սիրելով։ Երբեք  չէր մտածել, որ  մի  օր  կարող  է ուսուցիչ կամ  դասախոս լինել։ Ասաց՝  ուսուցչի գործը  կնոջն է  սազում, այն  տղամարդու  գործ  չէ․․․

-Բախտի  բերմամբ, թե պատահմամբ  դասախոս դարձա․․․

Կարծես  յուրաքանչյուր մասնագիտություն իր պատմությունն ուներ։ Հասել էինք փաստաբանին։ Մի պատմություն  պատմեց։ Մեկի  փաստաբանն է եղել, ում պետք է  գնդակահարեին։ Մահապատժից  առաջ  իր պաշտպանյալի  հետ 2 ժամ անկեղծ  զրուցելուց հետո լսել է նրա վերջին  ցանկությունը․  գնդակահարելուց  առաջ  աչքերը  փակեն, որ  չտեսնի  սպանողին։

Երկար խոսեցինք ու  հասանք հայրենիքին, ասաց․

-Շա՜տ սիրեք  ձեր հայրենիքը․․․ 

Այնքա՜ն իմաստալից  էր  խոսում ու  ամեն խոսքից հետո, թախծալի  հայացքով «հա՜՜» էր  ասում։ Չհասցրինք երկար խոսել, բայց պարոն  Թադևոսյանը հասցրեց նշել  իր  համար «իրական» հայերի 6 օրինակ ՝ Վեհափառ Վազգեն Ա-ն, Կարեն Դեմիրճյանը, Կոմանդոսը, Ֆրունզե Դովլաթյանը, Վարդուհի  Վարդերեսյանը և  Լեոնիդ  Ենգիբարյանը․․․

Կոմանդոսից  մի  իր էր նվեր  ստացել, որը  միշտ  ծոցագրպանում էր պահում։  Ասաց․

-Կոմանդոսը շա՜տ  համեստ  մարդ էր։ Որ  ասում էին՝ Դուք  եք  արել, որ  հաղթել  ենք  պատերազմում, նա  պատասխանում էր՝ մի՛ առանձնացրեք, բոլորս  էլ կռվել  ենք, ես  բան  չեմ  արել․․․ 

Գնացքն արդեն  հասել  էր, իջնելու  ժաամանակն է, միայն չհասցրինք ստացած նվերը  տեսնել․․․

Արևիկ Արզումանյան

2-րդ կուրս

Կիսվել