«Ծննդատնից մինչև շիրմաքար ճարտարապետություն է»․ Անահիտ Թարխանյան

«Ծննդատնից մինչև շիրմաքար ճարտարապետություն է»․ Անահիտ Թարխանյան

244

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Երիտասարդության պալատ, Զվարթնոց օդանավակայան, Ռոսիա կինոթատրոն և մի շարք այլ կարևոր շինություններ, որոնք նախագծել է ճարտարապետ Արթուր Թարխանյանը։ Մարտի 16-ին կազմակերպվել էր շրջայց Արթուր Թարխանյան կենտրոն-թանգարանում։ Կազմակերպիչը ճարտարապետի դուստր Անահիտ Թարխանյանն էր, որը կենտոնի տնօրենն է։ Ինձ նույնպես բախտ վիճակվեց ավելի մոտիկից ծանոթանալու ճարտարապետի գլուխգործոցներին, հայկական մոդեռնիզմի ժամանակաշրջանի հայտնի կառույցների 3D մոդելներին և դրանց հոլոգրաֆիկ պատկերներին։

Ըստ Անահիտի՝ ճարտարապետությունը նախ միջավայր է. «Մենք ծնվում ենք ծննդատանը, ապրում ենք բնակարանում, իսկ երբ մահանում ենք, մեր գերեզմաններին դրվում է շիրմաքար։ Ծննդատնից մինչև շիրմաքար ճարտարապետություն է։ Շատերն ասում են, որ այն քարացած երաժշտություն է, մյուսները կարծում են, որ այն սոցիալական պատվեր է։ Բայց ճարտարապետությունը մշտական փոխանակում է»։

Անահիտը պատմեց հոր՝ Արթուր Թարխանյանի նախագծերի մասին, որոնցից յուրաքանչյուրի կառուցվածքն ինչ-որ նշանակություն կամ խորհուրդ ունի․

«Երիտասարդության պալատ. դեպի ապագան նայող շինություն՝ մոդեռնիզմին համապատասխան։ Երիտասարդները գալիս էին Երիտասարդության պալատ՝ դառնալու ապագա կոմունիզմի լիդերներ։ Պալատը հիշեցնում էր  հրթիռ։ Աստիճանները բարձրանում էին դեպի հարավ, և արևը քեզ կարծես հրում էր վերև։ Ներսում պտտվող սրճարան, երբ սահմանափակում չկար դեպի դուրս կամ դեպի քաղաք նայելու համար։ Այսօր մենք պայքարում ենք, որ նորից վերականգնենք Երիտասարդության պալատը։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. հայտարարված էր մրցույթ՝ Եղեռնի զոհերի համար հուշահամալիր կառուցելու։ Առաջին փուլում ոչ մեկի նախագիծը հավանության չի արժանանում։ Հայրս և Սաշու Քալաշյանը որոշում են մասնակցել և ներկայացնել նախագիծ։ Երկրորդ փուլում մասնակցում են և հաղթում։ Սկզբում ցանկանում էին քաղաքի կենտրոնում կառուցել, բայց հասկանում են, որ ամեն օր մարդիկ կայցելեին, ու այն կկորցներ իր նշանակությունը։ Իսկ երբ այն հեռու է և քեզանից պահանջում է էներգիա այդքան ճանապարհ անցնելու և աստիճան բարձրանալու, դու ամբողջ ընթացքում հոգով ապրում ես այդ ամենը։ Հուշահամալիրի 12 մույթերը խորհրդանշում են 12 առաքյալներին։ Իսկ մույթերի թեքվածությունը 45 աստիճան է։ Եթե դրանք լինեին ավելի թեքված, կնշանակեր՝ մենք կործանված ենք, իսկ եթե ավելի պակաս լիներ թեքությունը, կնշանակեր՝ մենք մոռանում ենք մեզ հետ կատարվածը։ 45 աստիճան թեքվածությունը  մեզ հասկացնում է, որ պետք է նայենք դեպի ապագա՝ չմոռանալով մեր ցավը»։

Հոր մասին խոսելուն զուգահեռ Անահիտը կարևորում էր Ալեքսանդր Թամանյանի դերը հայ ճարտարապետության մեջ. «Մոդեռնիզմը հենց այնպես չի ձևավորվում։ Ճարտարապետ Թամանյանն օգտագործում էր ազգային, ժամանակակից մշակույթը, նեոկլասիցիզմի հետևորդ էր, որը, գալով Հայաստան, իր հետ բերեց նոր շունչ, քաղաք-այգու գաղափարն էր ուզում իրականացնել Երևանում։ Թամանյանը հասկանում էր, որ ատելությամբ ազգ չես ստեղծի։ Նրա մեջ այնքան սեր կար՝ ամեն ինչ անելու ազգի ու երկրի համար։ Վարդագույնը կանաչի հետ քաղաք։ Շա՜տ գեղեցիկ է…»։

Վայելքի ու լռության պահին հնչեց այն հարցը, թե ինչ է կարծում Անահիտ Թարխանյանը․ պետք է շարժվել ժամանակակից ոճո՞վ, բերել ամբողջովին նո՞րը, թե՞ պահպանել հինը և ավելի կատարելագործել։ Պատասխանեց․ «Մենք պահպանում ենք արժեքավորը, իսկ վատը, անհարմարը քանդում ենք։ Ճարտարապետը, ապրելով իր ժամանակաշրջանում, քաղաքական և մի շարք այլ ազդեցությունների տակ նախագծում է։ Պետք է պահպանել արժեքավորը՝ զուգահեռ ստեղծելով  նորը, ժամանակակիցը։

Երիտասարդներն ասում են՝ ինչ տխուր է Երևանը, որովհետև երկար ժամանակ դրսում են ապրելով և տեսնելով դրսի զարգացածությունը՝ մերը համարում են տխուր։ Բայց իրականում մեր քաղաքը շատ գեղեցիկ է։ Դրա վկայությունն է, որ շատ հայտնի մարդիկ, դրսից գալով Երևան, ուղղակի զարմացել են կամ հիացել…»։

Անուշ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել