Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցում տաք դասարաններ ունենալը վերածվել է գրեթե անլուծելի խնդրի

Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցում տաք դասարաններ ունենալը վերածվել է գրեթե անլուծելի խնդրի

252

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է դեռևս 1973 թվականին։ Այն Թալինի շրջանի մեծ դպրոցներից է, որտեղ սովորում են շուրջ երկու հարյուր աշակերտներ։ Չնայած նրան, որ դպրոցը 2001 թվականին վերանորոգվել է, ջեռուցման հետ կապված խնդիրները մինչ օրս իրենց լուծումը չեն գտնում։

Եռհարկանի դպրոցը զբաղեցնում է երկու հազար ութ հարյուր  քառակուսի մետր տարածք, որից ջեռուցվում է միայն երկու հազար չորս հարյուրը` չներառելով մի շարք ենթակառույցներ` մարզադահլիճը, նիստերի և հանդիսությունների դահլիճը և այլ կից կառույցներ։ Բայց, ինչպես նշում է դպրոցի տնօրեն Անդրանիկ Պետրոսյանը, սա ևս չի լուծում դպրոցում պատշաճ ջերմաստիճան ապահովելու խնդիրը. միևնույնն է, դպրոցը չի տաքանում։ Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ նախկինում դպրոցին ջեռուցման համար հատկացված օրերի քանակը 120-ի էր հասնում, իսկ այժմ, երբ գյուղը դիտարկվում է ոչ թե որպես նախալեռնային գոտու մի մաս, այլ հարթավայր, տարեկան ջեռուցման համար սահմանված է 80 օր։ Դպրոցի տարեկան բյուջեն կազմում է 55-56 մլն դրամ, որից ընդամենը 4 մլն է ջեռուցման ծախսերին հատկացվում։ Իսկ այս գումարով գնված հեղուկ վառելիքը բավականացնում է միայն օրական 7 ժամվա համար, որը ակնհայտորեն չի կարող ապահովել օպտիմալ ջերմաստիճան։ Միջինում սոլյարային վառելիքի համար գոնե 15 մլն պետք է տրամադրվի, որը դպրոցը չունի։

-Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիներին, որ դասասենյակները չեն տաքացվում նորմալ, իսկ էլեկտրական տաքացուցիչներով հնարավոր չէ սահմանված ջերմաստիճանն ապահովել։ Բացի այդ էլ դպրոցը ի վիճակի չէ հավելյալ ծախսերը վճարելու։

Թե ինչու՞ օդի ջերմաստիճանը չի գերազանցում 13-14 աստիճանը (օրենքով սահմանված կարգով օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները սահմանում են, որ դասարաններում, ուսումնական լսարաններում, սենյակներում օդի ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 18-22 աստիճան ցելսիուս), տնօրինությունը այսպես է պարզաբանում. խնդիրներից մեկն էլ դպրոցի դիրքն է. դասասենյակները հյուսիսային կողմում են, իսկ միջանցքները` հարավային։ Եվ շատ հաճախ միջանցքներում ավելի տաք է, քան դասասենյակներում։

-Միայն առաջին հարկում է, որ ջերմաստիճանը հասնում է 14 աստիճանի, երկրորդ և երրորդ հարկերում այն աստիճանաբար նվազում է` հասնելով անգամ 10 աստիճանի,- նշում է տնօրենը։

Մեր այցելության ժամանակ դպրոցում 13 աստիճան էր։

Գյուղի բնակիչներից շատերն են մտահոգված այս խնդրով և բազմիցս են դիմել թե’ համայնքապետարան, թե’ մարզպետարան` տարբեր առաջարկներ ներկայացնելով։ Դրանցից մեկն այն է, որ դեռևս խորհրդային տարիներից մնացած չուգունե մարտկոցները փոխարինվեն նորերով, այսինքն` հիմնովին փոխվի համակարգը։ Բայց սա ենթադրում է ֆինանսական հսկայական միջոցներ, որը մարզպետարանին  հասու չէ։ Մի մասն էլ առաջարկում է արևային սալիկներ տեղադրել տանիքին։ Բայց թե’ տնօրինությունը, թե’ մարզպետարանը սա հեռանկարային  չեն համարում, քանի որ տանիքն այնքան էլ բարվոք վիճակում չէ, և հնարավոր է ` երկար չծառայի։

-Կա ևս մի տարբերակ` գյուղի գազաֆիկացումը, որը կլինի լավագույն լուծումը ինչպես դպրոցի ջեռուցման, այնպես էլ գյուղի բնակիչների կենցաղային խնդիրների համար,- ասում է տնօրենը և հավելում,- Այս պարագայում ջեռուցումը կիրականացվի 24 ժամ, ինչը կապահովի սահմանված ջերմությունը, և գոնե առանց վերարկուների դասարաններում հնարավոր կլինի նստել։

Արագածոտնի մարզպետարանի կայքում համայնքներին կրթական գործընթացը ապահովելու համար հատկացված բյուջետային տվյալները վերջին տարիներին չեն թարմացվել, իսկ մեր կողմից արված հարցումը` Թալինի շրջանի համայնքների կրթական հաստատություններին տարեկան հատկացվող ֆինանսական միջոցների (հատկապես ջեռուցումը ապահովելու) վերաբերյալ, որևէ հստակ պատասխան չստացավ:

Մանե Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել