Օգտակար միջոցառում՝ հագեցած օրակարգով

Օգտակար միջոցառում՝ հագեցած օրակարգով

198

Լրագրողի  մասնագիտությունը ոչ միայն հետաքրքիր ու գայթակղիչ է, այլև խիստ պատասխանատու և պարտավորեցնող: Լրագրողի աշխատանքի հաջողության գրավականներից են ինչպես նրա մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտների առանձնահատկություններին, խնդիրներին անհրաժեշտ չափով ծանոթ լինելը: Այս առումով ցանկացած լրագրողի համար կարևոր և օգտակար է մասնակցությունը տարբեր թեմաներով սեմինարներին, գիտաժողովներին, վերապատրաստման դասընթացներին և այլ միջոցառումների:

Նմանատիպ մի միջոցառում տեղի ունեցավ ապրիլի 6-7-ը Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցում: Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (ԱՀՀԿ) իրականացրեց ԶԼՄ ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին հայաստանյան  տարբեր լրատվամիջոցներից 28 ներկայացուցիչներ:  

Աշխատանքային առաջին օրն սկսվեց ծանոթությամբ և հարց ու պատասխանով: ԱՀՀԿ տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության հիմնական էությունը, կիրառման ոլորտները, վեճերի լուծման այլընտրանքային միջոցները, կենտրոնի  ծավալած գործունեությունը և մատուցած ծառայութունները: Նա հակիրճ պատմեց նաև կենտրոնի ստեղծման պատմության և գործունեության վաղեմության մասին, պատասխանեց լրագրողների հարցերին: Տ. Մատինյանը նաև նշեց, որ կենտրոնը մշտապես կարևորում է կրթական ծրագրերի և իրազեկումների իրականացումը, և այս անգամ իրենց նպատակն էր վերապատրաստել ԶԼՄ ներկայացուցիչներին, քանի որ արբիտրաժն ու հաշտարարությունը համեմատաբար նոր են Հայաստանում, և այս ոլորտը լուսաբանելիս հնարավոր են որոշակի բարդություններ և խոչընդոտներ առաջանան: Միջոցառման առաջին օրը հագեցած էր բանախոսություն-քննարկումներով և հարց ու պատասխանով:

Երկրորդ օրն սկսվեց սիմուլյացիոն խաղով, որի նպատակն էր ամրապնդել նախորդ օրվա քննարկումների արդյունքները, ձեռք բերած գիտելիքները: Օրակարգում մի շարք հարցեր էին: Առաջինը՝ վեճերի այլընտրանքային լուծում. ի՞նչ,  ինչպե՞ս ինչո՞ւ: Այս քննարկումն իրականացրեց ԱՀՀԿ տնօրեն Տաթևիկ Մատինյանը:

Վեճը առանց վեճի, կամ ինչ է հաշտարարությունը. քննարկումը վարեցին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը:

Մասնագիտական բառարան, ինչպես լուսաբանել արբիտրաժի և հաշտարարության թեմաները. քննարկումն իրականացրեց կենտրոնի Արբիտրաժային խորհրդի փոխնախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:

Դասընթացի ավարտին անցկացվեց գործնական աշխատանք՝ հաշտարարության մասին ավելի խորը պատկերացումներ կազմելու նպատակով։ Իսկ օրն ամփոփվեց կանանց  տոնի առթիվ բարեմաղթանքներով և նվերների հանձնմամբ։

Սիրվարդ Կարապետյան

5-րդ կուրս

Կիսվել