Նոր դարձած հին օրենքը

Նոր դարձած հին օրենքը

297

Մարտի 4-ին ԵՊՀ ֆակուլտետներում տարածվեց բացակայությունների մասին մի հայտարարություն, որն ուղարկվել էր ուսումնամեթոդական վարչությունից․

«Տեղեկացնում ենք, որ դասերից բացակայության համար ուսանողի կողմից ներկայացված բժշկի տեղեկանքը (ԵՊՀ բուժկետի հաստատումով) միայն հիմք է հանդիսանում նկատողություն տալու համար բացակայությունները հաշվարկելիս, որի դեպքում ուսանողի բացակայությունները կարող են համարվել հարգելի։

Եթե դասընթացի գնահատման համար ընտրովի բաղադրիչներից ընտրված է մասնակցությունը, ապա այդ բաղադրիչի միավորը հաշվարկելիս տեղեկանքը հաշվի չի առնվում, այսինքն ուսանողի բացակայությունն անկախ պատճառից դասախոսը հաշվի չի առնում, և բացակայությունների համար ուսանողը կարող է միավոր կորցնել, քանի որ ԵՊՀ-ում դասընթացի որևէ բաղադրիչի գնահատման համար կարգով նախատեսված չէ բացակայության համար տեղեկանք պահանջել»։

Եթե նախկինում հայտարարությունները և նման բովանդակությամբ նամակները մեծամասամբ ուղարկվում էին ուսանողների էլեկտրոնային հասցեներին, ապա այս նամակի մասին տեղեկացրել էին դեկանատները։ Դեկանատներն էլ պարզաբանում են, որ օրենքը նոր չէ և այս անգամ ուղարկվել է որպես զգուշացում։

Սակայն մի շարք հանգամանքներ կան, որոնք վիճահարույց են այստեղ։ Մասնավորապես, եթե բժշկի տեղեկանքները չէին կարող ազդել բացակաների՝ հարգելի համարելու վրա, ապա ինչո՞ւ այդ կարգը նախկինում չի գործել, և 2022 թվականին ընդունված որոշումից հետո բժշկի տեղեկանքներ բերած ուսանողների բացակաները հարգելի են համարվել։

Այս խնդրին ավելանում է ևս մեկը։ Բժշկի տեղեկանքը հաշվի չառնելը և բացականերից միավոր հանելը չի՞ ազդի հիվանդությունների տարածման վրա։ Մի շարք ուսանողների հետ զրուցեցի և շատերից լսեցի այն կարծիքը, որ իրենք դասի կգան թեկուզ վարակիչ հիվանդություններով՝ բացակա չստանալու համար։ Բացի այդ, տարբեր օրինակների ենք ականատես լինում, թե ինչպես են նոր վիրահատված կամ այլ առողջական խնդիրներ ունեցող ուսանողները գալիս համալսարան՝ միավորներ չկորցնելու համար։ Գումարվում է նաև այն, որ «ներկա-բացակա» անելը շատ հաճախ մնում է դասախոսների հայեցողությանը և շատ հաճախ օբյեկտիվ կերպով չի արվում։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար երկու անգամ էլեկտրոնային հարցում ուղարկեցի ԵՊՀ ղեկավարությանը։ Առաջին նամակի պատասխանը պարզապես հղում էր անում 2022 թվականին ընդունված որոշմանը, որտեղ նշված էր, թե ինչքան միավոր են ստանում ուսանողները ներկայության համար (ԵՊՀ գիտական խորհրդի թիվ 8/2 որոշում, 07.04.2022թ., «Աղյուսակ 5»)։

Երկրորդ նամակում արդեն բարձրաձայնել էի նաև դասախոսների բացակայության խնդիրը և վերը նշված երկու հարցերը։ Սակայն նամակով պաասխանել էին միայն առաջին հարցին․

«ԵՊՀ աշխատողների աշխատաժամանակի հաշվարկը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրեր վարելու եղանակով: Աշխատանքի չներկայացող աշխատողի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կիրառվում են համապատասխան միջոցներ՝ չաշխատած օրվա դիմաց աշխատավարձի չվճարում, նկատողություն, խիստ նկատողութուն, աշխատանքից ազատում:

Ձեր հարցման մեջ նշված մյուս հարցադրումները չեն համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «տեղեկություն» հասկացության սահմանմանը, հետևաբար դրանց մասով պատասխան չի տրվում»:

Համալսարանի՝ բացակաների մասին օրենքը նպատակ ունի բարձրացնելու կրթության մակարդակը։ Սակայն «նոր դարձած հին օրենքը» դժգոհությունների ալիք է բարձրացրել ուսանողների շրջանում։

Սաթենիկ Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել