«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԽԱՂ. ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆԸ` ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ...

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԽԱՂ. ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆԸ` ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

1547

Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կայացավ Արմեն Դուլյանի և համալսարանականների հանդիպումը: Այն հարցուպատասխանի ձևաչափով էր: Հեռուստամեկնաբանը նախ ուսանողներին նվիրեց կնոջ`Ռուզաննա Խաչատրյանի հեղինակած գիրքը, ապա պատասխանեց ուսանողների հարցերին:

Անդրադարձ եղավ «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Պարոն Դուլյանը դրական գնահատեց այս օրենքի` ուժի մեջ մտնելը, սակայն երկու դիտարկում արեց. «Նախ չեմ հասկանում, թե ինչ նոր բան պետք է այն տա, մյուս կողմից էլ չեմ հասկանում, թե որքանով է վնասում այն, ինչ արդեն կա ՀՀ քրեական օրենսգրքում»:

Պարոն Դուլյանը նաև հավելեց, որ և՛ օրենքին «կողմ», և՛ «դեմ» շրջանակների հիմնավորումներն էլ իր համար համոզիչ և հասկանալի չեն:

Շարունակելով թեման`ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Կորյուն Սիմոնյանը, անդրադառնալով Արմեն Դուլյանի «Վհուկներ» վերնագրով հաղորդմանը, հիշեցրեց, որ հաղորդման ընթացքում խոսվում էր աղջիկ երեխաների մասին ու հարց հնչեցրեց` արդյոք այդտեղ ենթատեքստը վերաբերո՞ւմ էր «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքին: «Այո՛, ենթատեքստը հենց դա էր»,-պատասխանեց Արմեն Դուլյանը և պարզաբանելով հաղորդման վերնագրի ընտրությունը` ասաց, որ այն անվանել է «Սալեմի վհուկները» պիեսի հիման վրա ու մանրամասնեց. «Ինչպես այնտեղ, այնպես էլ այս օրենքում ծայրահեղության մեջ ընկնել պետք չէ. դա հանգեցնում է ամենավատ բաներին»:

Անդրադարձ կատարվեց նաև Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը վերաբերում էր Հայաստանի ազգային հավաքականի խաղին: Հիշեցնենք, որ նա հավաքականի խաղը նմանեցրել էր մեր երկրում տիրող իրավիճակին, իսկ վերջում ավելացրել, թե ամենավատն այն է, որ չգիտենք` ո՞վ է կոնկրետ մեղավորը և ո՞վ է պատասխանատուն:

Արմեն Դուլյանն այս առիթով կես կատակ կես լուրջ ասաց. «Մենք չգիտենք, թե ովքեր են մեղավորները, դրա համար էլ պետք է գտնենք պատասխանատուներին և պատասխանատվության ենթարկենք»:

Հիշեցնենք`Արմեն Դուլյանը հյուրընկալվել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Այլընտրանքային ժամեր» ձևաչափի շրջանակներում:

Արուս Միրզոյան

2-րդ կուրս

Կիսվել