Զբոսաշրջությունը Հայաստանում՝ երկու հակադիր կողմերից

Զբոսաշրջությունը Հայաստանում՝ երկու հակադիր կողմերից

180

Երևանյան փողոցներում զբոսնելիս հաճախ կտեսնեք սևամորթներ, տարբերվող արտաքինով մարդիկ, կլսեք ձեր ականջին խորթ լեզուներ, հաճախ էլ բողոքներ՝ «մեզնից շատ են», «հա՞յ են, թե՞ այլազգի», «տեղ չկա էլ քայլելու», «ի՞նչ լեզվով են է խոսում, մարդ բան չի հասկանում»:

Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում օտարերկրացիների մեծ ներհոսք կա:

Ըստ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացրած տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ։ Միայն ապրիլին զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 179 հազարը․ ամենաշատ զբոսաշրջիկները եկել են Ռուսաստանից (52%), Վրաստանից (12%) և Իրանից (6%)։

Զբոսաշրջության կտրուկ աճը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություններ:

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Գայանե  Թովմասյանը անդրադարձել է դրանց՝ առանձնացնելով թե որոնք են դրական, որոնք՝ բացասական:

Զբոսաշրջության հնարավոր դրական ազդեցություններից են.

· այն շատ երկրների համար եկամտի (նաև հարկային եկամտի) աղբյուր է,

· նպաստում է ներդրումների ներհոսքին,

· շատ երկրների ծառայությունների և արտահանման ծավալում մեծ կշիռ ունի,

· նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը,

· նպաստում է տնտեսության այլ ոլորտների և տարածաշրջանների համաչափ զարգացմանը,

· ստեղծում է աշխատատեղեր, նպաստում է աղքատության հաղթա­հար­մանը,

· նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանը և զարգացմանը,

· նպաստում է միջմշակութային հաղորդակցմանը, և այլն:

Զբոսաշրջության հնարավոր բացասական ազդեցություններից են.

· կարող են վտանգվել էկոհամակարգերը,

· զբոսաշրջային վայրերում շատանում է մարդկանց թիվը՝ նպաստելով երթևեկության ավելացմանը, աղմուկի և աղտոտման մեծացմանը,

· ենթակառուցվածքները կենտրոնանում և զարգանում են զբոսաշրջային դեստինացիաներում,

· ճնշում է գործադրվում կոմունալ ենթակառուցվածքների վրա,

· կարող են վտանգվել համայքների ազգային ավանդական, մշակութային արժեքները,

· չի նպաստում սակավ ռեսուրսների՝ հողի և ջրի ռացիոնալ օգտագործմանը,

· զբոսաշրջությունը կարող է լինել ոչ կայուն եկամտի աղբյուր, օրինակ սեզոնային զբաղվածության դեպքում,

· նպաստում է օդի և շրջակա միջավայրի աղտոտմանը,

· ճնշում է գործադրում բնական ռեսուրսների վրա,

· կարող է աճել ահաբեկչության, հանցավորության, սեռական շահագործման մակարդակը, և այլն:

Սա, իհարկե, մասնագետի վերլուծությունն է, սակայն մեզ հետաքրքիր է նաև հասարակության կարծիքը այս հարցի շուրջ, ուստի մենք անցկացրել ենք հարցում հանրության շրջանակում՝ պարզելու որոնք են օտարերկրացիների Հայաստան գալու դրական և բացասական կողմերը:

Հարցված քաղաքացիներից մի քանիսը դժգոհում են՝ նշելով, որ տների վարձերը բավականին թանկացել են, խանութներում նույնպես նկատում են ապրանքների թանկացում, աշխատատեղերը նվազում են:

Մեկ այլ քաղաքացի էլ կարծում է, որ որևէ բացասական կողմ չունի օտարերկրացիների Հայաստան գալը. «Ես միայն դրական կողմի մասին կարող եմ խոսել, քանի որ չեմ կարծում, թե բացասական կողմ կա: Դրական կողմը առաջին հերթին օտարերկրացիների հետ շփումն է, որի ընթացքում հասկանում ես, որ աշխարհը կարող է տարբեր լինել և այդ տարբերը միշտ չէ, որ վատ է»:

Արևիկը, ով ուսումնասիրում է զբոսաշրջության ոլորտը, կարծում է, որ զբոսաշրջիկները ճանաչողական մոտիվներով գալիս են Հայաստան և հաճախ  հանդիսանում  աղբյուր՝ Հայաստանը ճանաչելու համար: Իսկ բացասական կողմերից առաջնահերթ առանձնանցնում է աղտոտվածության հարցը. «Ինչպես մնացած երկրներում, այնպես էլ այստեղ, զբոսաշրջիկերը աղտոտում են մեր բնությունը, քաղաքները, տեսարժան վայրերը, մենք  փողոցներում շատ ենք ականատես եղել, թե ինչպես են նրանք աղբը ուղղակի գցում գետնին և հեռանում. սա, իհարկե, լուրջ խնդիր է պետության և բնակչության համար»:

Հարցվածներից 3 անձ նշեց, որ պատվերներ կատարելիս առաքիչը եղել է ազգությամբ հնդիկ, ով չի տիրապետել ոչ անգլերեն և ոչ էլ ռուսերեն լեզուներին, և նրանք էլ չեն կարողացել բացատրել՝ ինչպես կարող է գտնել տան հասցեն, որպեսզի պատվերը հասցնի իրենց: Աղջիկները նշեցին, որ դեմ չեն, նույնիսկ խրախուսում են օտարերկրացիներին այստեղ աշխատելու հնարավորություն ընձեռնելը, բայց եթե նայենք հակառակ կողմից, ապա կտեսնենք, որ այս ամենի արդյունքում տուժում են իրենք:

Մենք զրուցել ենք նաև ազգությամբ չինացի զբոսաշրջիկի հետ, ով որոշ ժամանակ ապրել է Հայաստանում և կիսվել է իր տպավորություններով հայերի ու Հայաստանի մասին: Նրա կարծիքով, հայերը հյուրընկալ, ընկերասեր ժողովուրդ են և կարող են մեծ հեղինակություն ձեռք բերել, սակայն նրանք պիտի ընտրեն՝ ում են ցույց տալիս իրենց հյուրընկալությունը, քանի որ բոլորին նույն կերպ ընդունելն ու վերաբերվելը սխալ է. «Եթե օտարերկրացիները գալիս են քո երկիր քեզ հետ համագործակցելու և նպաստելու երկրի զարգացմանը, իհարկե դա շատ ողջունելի է, իսկ եթե նրանք զբաղեցնում են ձեր աշխատատեղերը՝ զրկելով ձեզ ձեր իսկ հնարավորություններից, սա բնակաբար գործելու է ի վնաս ձեզ, ուստի պետք է ուշադիր լինել»:

Զբոսաշրջությունը օրեցօր զարգանում է Հայաստանում, օտարերկրացիների ներհոսքն էլ մեծ աճ է գրանցում, և, անկախ դրական և բացասական կողմերի, զբոսաշրջիկները հաճախ նշում են, որ տպավորված են հայերի հյուրընկալությամբ:

Մարիամ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել