«Վստահ եմ՝ Արցախը նորից հետ ենք վերադարձնելու»

«Վստահ եմ՝ Արցախը նորից հետ ենք վերադարձնելու»

177

Աննա Մկրտչյանն Արցախից է, ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում։ Ընդհամենը 20 տարեկան է, բայց արդեն հասցրել է երեք պատերազմ տեսնել, շատ մոտիկից լսել թշնամու արկերի ձայնը, մոտիկից տեսնել թշնամուն։ 2023-ի սեպտեմբերի 19-ը Աննայի սովորական առավոտներից մեկն էր, բայց մինչև կեսօր․․․

-«Թուրքերը Կրկժանով իջնում են», այս բովանդակությամբ նամակ ստացա քույրիկիցս, երբ արդեն պատրաստվում էի գնալ համալսարան։ Այդ ժամանակ սովորում էի Ստեփանակերտում, իսկ մինչև 44-օրյա պատերազմը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 3-րդ կուրսում։ Նամակը ստանալուց հետո միանգամից կապվեցի քրոջս հետ, բայց հեռախոսի և ինտերնետի կապերը արդեն չկային, կամ շատ վատ էին։

Օրվա երկրորդ կեսից սկսվեց ծանր օրերի շղթան, որը տևեց մինչև հայրենիքս լքելը։  Եվ այստեղից էլ սկսվեց ամենահուզակը կամ ամենահետքրքիրը։ Արդեն երեկո էր, երբ գտա ընտանքիքս անդամներին, ու տեսա, որ եղբայրս չկա․ պայթյունի ձայներից դպրոցից փախել էր ու կորել,- պատմում է Աննան։

Աննա, կա՞ այնպիսի հիշողություն, որը անմոռանալի դարձավ քեզ համար։

-Հիշողությունների մի ամբողջ պաշար ունեմ, որոնք չգիտեմ՝ երբևէ կմոռանամ, թե չէ։ Շրջափակում, սոված կեսօրեր, սառը ու ցուրտ գիշերներ, անվերջանալի թվացող ծանր օրեր։ Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվել էր ռմբակոծումը, բոլորը հավաքվում էին նկուղում, մեր ընտանիքն ամենավերջում իջավ նկուղ, ու ստացվեց այնպես, որ մենք կանգնած մնացինք դռների մոտ, որտեղից պարզ լսվում էին կրակոցի ձայները։ Այնպիսի տպավորություն էր՝ կարծես դրսում լինեինք։ Ամենածանր հիշողությունները կապված էին նաև սեպտեմբերի 24-ի հետ, առաջին և վերջին անգամ անորոշ ժամանակով լքում էի հայրենիքս, ասում եմ անորոշ, որովհետև վստահ եմ, որ Արցախը նորից հետ ենք վերադարձնելու։

Ինչպե՞ս տեղափոխվեցիք Հայաստանի Հանրապետություն, ի՞նչ պայմաններում ու որտե՞ղ եք հիմա բնակվում։

-Արցախից  մեծ դժվարությամբ հեռացանք։ Անցակետում դժվարություններ ունեցանք․ տատիկիս և պապիկիս չէին թողնում անցնել Հայաստան՝ անձնագրային հարցեր առաջ բերելով։ Երկուսուկես օր ճանապարհ ենք եկել, տեղավորվել Գորիսում, հետո տեղափոխվել Պեմզաշեն, այնտեղ մնացել մեկ ամիս, ու տեղափոխվել Երևան։ Հիմա փորձում ենք ամեն ինչ սկսել զրոյից, որովհետև մեզ հետ ոչինչ չենք վերցել, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ։

Ինչո՞վ եք զբաղվում Երևանում։

-Ես ուսումս եմ շարունակաում ԵՊՀ-ում, հայրս աշխատում է, մայրս աշխատում է տանը, ժինգյալով հաց և փախլավա է պատարստում։ Աշխատելու ենք, ստեղծելու ենք նոր տուն հիմա արդեն Երևանում։

Ալբինա Հովսեփյան

5-րդ կուրս

Կիսվել