«Մեր երկրին իրավական կարգավորում է հարկավոր, ընդ որում այն հարկավոր է ոչ...

«Մեր երկրին իրավական կարգավորում է հարկավոր, ընդ որում այն հարկավոր է ոչ միայն ԶԼՄ-ներկայացուցիչների, այլ նաև պետական մարմինների հաղորդագրությունների համար»․ Եվգենիա Համբարձումյան

181

Անմեղության կանխավարկածը կարևորագույն սկզբունք է, որը ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքների հետ։

Այս սկզբունքի նպատակը մարդու նկատմամբ կանխակալ որպես հանցագործի, հանրային ընկալման ձևավորման կանխումն է, նրա բարի համբավի պաշտպանությունը։ Անմեղության սկզբունքը գործում է դատավարության բոլոր փուլերում՝ մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Սակայն հայկական մեդիադաշտում այս սկզբունքը հաճախակի է խախտվում, որոշ իմաստով այն լրագրողների «սիրելի» գործն է։ Խնդրի վերաբերյալ զրուցել ենք Iravaban.net կայքի խմբագիր Եվգենիա Համբարձումյանի հետ։

-ԶԼՄ-ների հրապարակումներում արդյոք պահպանվում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը։

-ԶԼՄ-ներում հիմնականում անմեղության կանխավարկածի կարգավորումը չի գործում, ընդ որում, նաև պետական մի շարք մարմինների հաղորդագրություններում վերջին մեկ երկու տարիների ընթացքում է պահպանվում այս նորմը։ Նույնիսկ նախկինում ոստիկանությունը, երբ որևէ մեկին բերման էր ենթարկում, կամ այլ գործողություն էր իրականացնում, դեմքերը բաց հրապարակում էր անձնական տվյալների հետ մեկտեղ։ Բայց վերջին մեկ-երկու տարվա ընթացքում պրակտիկան փոխվել է, և ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել անմեղության կանխավարկածին։

-Հատկապես ինչպիսի՞ սխալներ են թույլ տալիս ԶԼՄ-ները իրենց ամենօրյա հրապարակումներում։

-Հիմնական խախտումները վերաբերվում են կասկածյալների դեմքերը բաց, լուսանկարներով կամ տեսագրություններով հրապարակելուն։ Անուններն, ինչպես նաև մի շարք անձնական տվյալներ հրապարակելը, ևս հաճախակի հանդիպող խնդիր է։

-Նշեցիք, որ պետական մարմինների կողմից ևս չի պահպանվում այս սկզբունքը, հատկապես ինչպիսի՞ սխալների մասին է խոսքը գնում։

-Օրինակ ոստիկանության հրապարակումներում նախկինում նույնիսկ համապատասխան ծանուցումը չէին դնում նյութի վերջում՝ որի համաձայն անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սակայն հիմա ավելի զգոն են, հիմնականում աշխատում են պահպանել։

-Ի՞նչ մեխանիզմներով կարելի է պայքարել խնդրի լուծմանը նպաստելու համար։

-Միանշանակ, մեր երկրին իրավական կարգավորում է հարկավոր, ընդ որում այն հարկավոր է ոչ միայն ԶԼՄ-ներկայացուցիչների համար, այլ նաև պետական մարմինների հաղորդագրությունների համար։

Հարցազրույցը՝ Հասմիկ Անտոնյանի

5-րդ կուրս

Կիսվել