«Եթե կա ինքնախոստովանություն, ԶԼՄ-ները մոռանում են անմեղության կանխավարկածի մասին»․Արաքս Մամուլյան

«Եթե կա ինքնախոստովանություն, ԶԼՄ-ները մոռանում են անմեղության կանխավարկածի մասին»․Արաքս Մամուլյան

157

Մեր օրերում, հաշվի առնելով համացանցի ներգրավվածությունը հանային կարծիքի ձևավորման գործում, կարևոր խնդիր է դարձել անձի «անմեղության կանխավարկածի» սկզբունքի պահպանումը։ Հաճախ համացանցում կարող ենք հանդիպել նյութերի, որտեղ նախաքննության փուլում գտնվող գործով կասկածվող անձին լրատվամիջոցները ներկայացնում են արդեն որպես հաստատապես իրեն վերագրվող արարքը կատարած անձի, դրանով իսկ բիծ թողնում վերջինիս հետագա կենսագործունեության վրա, ինչպես նաև արատավորում նրա «բարի համբավը»։ Իհարկե, կան դեպքեր, երբ լրագրողն իր նյութերում զերծ է մնում նման պիտակավորումից և, հաշվի առնելով անձի «անմեղության կանխավարկածի» սկզբունքը, չի թիրախավորում նրան որպես «մեղավորի»։ Խնդրի արդիականության մասին խոսել ենք լարտվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Ըստ Հանրային հեռուստաընկերության՝ իրավական ոլորտում մասնագիտացած լրագրող Տաթև Խաչատրյանի՝ իրականում կա խնդիր․ «Եթե նախորդ տարիներին անմեղության կանխավարկածը խախտվում էր իրավապահների հաղորդագրություններում՝ կից նաև անձի (կամ անձանց) լուսանկարները հրապարակելով, ապա հիմա ԶԼՄ-ների մեծ մասը խախտում են այն՝ ոչ միայն նույնականցանելով անձին, այլ որպես հաստատված հանգամանք նշում: Որպես օրինակ կարող եմ նշել Գավառի հայտնի դեպքը, երբ մայրը ենթադրյալ սեռական բռնի գործողություններ էր կատարել իր երեխաների նկատմամբ: Անիմջապես մամուլում հայտնվեց ոչ միայն տեսագրությունն, այլ մոր նկարը»-ասում է նա:

Լրագրողը նաև հավելում է, որ ԶԼՄ-ների կողմից անմեղության կանխավարկածի խախտումը մի նպատակ էլ ունի՝ վերնագրով ու նկարով շատ դիտում հավաքելը․

-Սակայն պետք է ընդգծել, որ լրագրողներն իրավաբաններ չեն, ու, կարծում եմ, համապատասխան կառույցները պետք է լրագրողերի հետ սեմինար-քննարկումներ անեն նմանօրինակ խնդիրներից խուսափելու համար,- ասում է Տաթև Խաչատրյանը։

«Ֆակտոր» լրատվական կայքի իրավական ոլորտի լուսաբանմամբ զբաղվող ու նաև իրավաբանական կրթություն ունեցող լրագրող Արաքս Մամուլյանը, անդրադառնալով ԶԼՄ-ներում առավել հաճախ հանդիպող սխալներին, նշում է՝ եթե կա ինքնախոստովանություն, ԶԼՄ-ները մոռանում են անմեղության կանխավարկածի մասին․ «Անձը, երբ խոստովանում է իրեն վերագրվող արաքը կամ քննչական մարմինը, դատախազությունը հայտարարություն են տարածում, որ անձը խոստովանել է իրեն վերագրվող արարքը, ԶԼՄ-ներն այլևս ջանք չեն գործադրում անմեղության կանխավարկածը պահպանելու համար ու դա դիտարկում են որպես հաստատված փաստ։ Բայց, նույնիսկ այդ դեպքում, կոնկրետ ես դա չեմ ներկայացնում որպես հաստատված ճշմարտություն, քանի որ մենք չգիտենք, թե ինչ հանգամանքներում է անձը խոստովանել։ Ես նման պարագայում շարունակում եմ գրել «ենթադրյալ հանցավոր արաք կատարած անձը» կամ «մեղադրվող անձը» չեմ գրում տվյալ արաքը կատարած անձը՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջինս խոստովանել է։ Դա ԶԼՄ-ներում շատ հանդիպող սխալ է»,-եզրահանգում է լրագրողը։

Մամուլյանը փաստում է, որ մեդիատեքստի վերջում անձի անմեղության մասին համապատասխան ծանուցման տեղադրումը չի նշանակում, որ լիարժեք բավարար է անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանված համարելու համար։  «Եթե դու հաստատպես ասում ես, որ անձը կատարել է այս ինչ բանը, այդ ծանուցումն իմաստազրկվում է։ Տեքստում օրինակ պետք է լինի «տվյալ արաքի մեջ մեղադրվող անձը» կամ «տվյալ անձը ներգրավվել է», «որպես մեղավոր», «ենթադրյալ հանցանք կատարած անձը» տերմինները, դրանց միջոցով ենք մենք՝ լրագրողներս, պահպանում անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը»,-հավելում է Արաքս Մամուլյանը։ 

Մեդիադաշտի ներկայացուցիչների խոսքերով՝ առավել հաճախ վերոնշյալ սկզբունքը խախտվում է ոչ միայն լրատվամիջոցների կողմից, այլ նաև պետական մարմինների։ Արաքս Մամուլյանը փաստում է, որ առավել հաճախ  պետական մարմինների սխալներն են դառնում ԶԼՄ-ների սխալի պատճառ․

-Եթե ուսուսմնասիրենք պետական մարմինների տարածած հաղորդագրությունները, ապա կտեսնենք, որ դրանցից շատերում խախատվում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Պետական մարմիններին թվում է, որ, տեղադրելով ծանուցումը, իրենք պահպանում են անմեղության կանխավարկածը, մինչդեռ, երբ ուսումնասիրում ես տեքստի բովանդակությունը, տեսնում ես, որ որպես հաստատված փաստ է ներկայացվում տվյալ անձին վերագրվող արաքը։ Ապա նույն հաղորդագրությունը հայտնվում է ԶԼՄ-ներում, և վերջիններս որևէ ջանք չեն գործադրում տեքստի փոփոխման համար, տարածում են նույն հաղորդագրությունը, և արդյունքում խախտվում է անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը»,-հավելում է Մամուլյանը։

Սակայն Տաթև Խաչատրյանի կարծիքով՝ դա միանշանակ չէ․

-Բազմաթիվ են օրինակները, երբ ոստիկանությունը, կամ քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում ու վերանգրում կասկածյալի կամ մեղադրյալ անմեղության կանխավարկածը չի խախտում, բայց նույն հաղորդագրությունը տարբեր ԶԼՄ-ներում արդեն կգտնես խախտումներով,-ասաց Տաթև Խաչատրյանը: 

Հարցին՝ ինչպե՞ս պետք է վարվի լրագրողը, եթե որևէ լրատվական կայքից վերցնում է տեղեկատվությունը և հրապարակում իր կայքում՝ հղում տալով սկզբնաղբյուրին, այն դեպքում, երբ հենց սկզբնաղբյուր կայքը անմեղության կանխավարկածը խախտող նյութ է տեղադրել, Տաթև Խաչատրյանը պատասխանում է․ «Եթե լրագրողը գիտակցում է, որ թեկուզ հղումով տեղադրելը խախտում է անձի անմեղության կանխավարկածը, ապա, կարծում եմ, անգամ հղումը այլ սկզբնաղբյուրին տալը չի արդարացնում տվյալ լրատվամիջոցին: Ստացվում է, որ ինքը ընդհակառակը՝ օգնում է տվյալ նյութի տարածմանը։ Մեկ այլ խնդիր էլ կա՝ ԶԼՄ-ն նյութ է գրում հետևյալ վերնագրով՝ Պողոս Պողոսյանը սպանել է կնոջը, կամ պետությունից հափշտակել է կես միլիարդ դրամ: Հետագայում, երբ նույն անձը դատարանի կողմից արդարացվում է, նուն ԶԼՄ-ն ագամ արդարացումը տվյալ անձի չի գրում: Հետևաբար ընթերցողի մոտ տպավորվում է այն լուրը, որը ի սկզբանե կարդացել էր։

Մամուլյանը, խնդրի լուծման մեխանիզմների մասին խոսելիս, մի դեպքը արձանագրեց․

-Ես մի դեպք եմ հիշում, անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանման մեխանիզմների հետ կապված, երբ մի քանի տարի առաջ գործերից մեկով փաստաբանը դիմել էր  քրեական դատարան և ասում էր, որ ազգային անվտանգության ծառայությունը իր պաշտպանյալին մեղադրանք ներկայացնելու մասին հաղորդագրությամբ խախտել է նրա անմեղության կանխավարկածը։ Դատարանը ընդունել էր այդ հանագամանքը, համարել էր, որ անձի անմեղության կանխավարկածը խախտվել է, սակայն գործը գնաց հասավ վճռաբեկ դատարան  և վերջինս գտավ, որ դա քրեական դատարանի տիրույթում հարց չի, և եթե օրինակ անձն ուզում է իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը արձանագրվի, ապա կարող է քաղաքացիական դատարան դիմել։

Այսինքն, ըստ էության, վիրավորանքի զրպարտության դաշտում է այն քննարկվում՝ ըստ վճռաբեկ դատարանի։ Կարծում եմ, որ դա արդյունավետ մեթոդ է, հատկապես, որ պետական մարմինն է դա անում։ Կարելի է դիմել այդ մեթոդին և փորձել քաղաքացիական դաշտում հասնել նրան, որ արձանագրվի՝ խախտվել է անձի անմեղության կանխավարկածը։

Մամուլյանի կարծիքով, պարքարին կից կարևոր է նաև համապատասխան պատասխանատվության սահմանումը․

-Փաստացի, մենք ունենք իրավիճակ, երբ կարգավորված է օրենքով, որ անձն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, բայց չունենք հստակ պատասխանատվության միջոց անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Հետևաբար, այո՛, մեր երկրում համապատասխան կարգավորման բացակայություն կա։ 

Հասմիկ Անտոնյան

5-րդ կուրս

Կիսվել