Տեղեկատվական պատերազմների նպատակներն ու խնդիրները

Տեղեկատվական պատերազմների նպատակներն ու խնդիրները

71

Վերջին տասնամյակներում համացանցի զարգացումը հնարավորություն ստեղծեց էլեկտրոնային լրատվամիջոցներին տեղեկատվական ազդեցություն ունենալ ինչպես սեփական երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ինչը սկիզբ դրեց տեղեկատվական պատերազմներին։ Տեղեկատվական պատերազմ հասկացությունն առաջին անգամ գործածել է ֆիզիկոս Թոմաս Ռոնսը 1976թ. «Boeing» ընկերության համար պատրաստած «Զենքի համակարգերը և տեղեկատվական պատերազմը» հաշվետվության մեջ՝ նշելով, որ տեղեկատվական ենթակառուցվածքը դառնում է ամերիկյան տնտեսության առանցքային բաղադրիչը՝ վերածվելով նաև խոցելի նպատակի՝ ինչպես պատերազմական այնպես էլ խաղաղ ժամանակաշրջաններում: Տեղեկատվական պատերազմները սովորաբար նախորդում են իրական պատերազմներին կամ դրանց շարունակությունն են, կարող են ունենալ նաև դիվանագիտական նպատակներ: Ինչպես իրական պատերազմներին նախորդող ժամանակահատվածում, երբ հակառակորդը փորձում է իր վերահսկողության տակ առնել որևէ ռազմական նշանակություն ունեցող օբյեկտ, հետագայում ավելի նպաստավոր դիրքերից պատերազմելու համար, այնպես էլ տեղեկատվական դաշտում կողմերից յուրաքանչյուրը պայքարում է հասարակական կարծիքն իր նպատակների նկատմամբ դրական տրամադրելու, սեփական միտումները արդարացնելու, հակառակորդ պետության քաղաքացիների շրջանում խուճապ ստեղծելու համար, և ինչպես իրական ռազմական գործողությունների ժամանակ, կարևոր նշանակություն է ստանում մարտավարությունների մշակումն ու հաջորդական իրականացումը: Տեղեկատվական պատերազմների ամենից հաճախ կիրառվող գործիքներից մեկը ապատեղեկատվության տարածումն է: Պետության իշխանությունները «որակյալ» ապատեղեկատվություն տարածելու դեպքում իրական ազդեցություն կարող են ունենալ հակառակորդ պետության ներքին քաղաքական իրադրության վրա, ճգնաժամ ստեղծել և քայքայել երկրի վարչական համակարգը: Հետազոտողների մի մասը գտնում է, որ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների տրոհման պատճառ է դարձել արևմուտքի երկրների կողմից տեղեկատվական պայքարի մեթոդների նպատակադրված կիրառումը:

2020 թվականի հուլիսյան իրադարձություններին զուգահեռ, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկատվական դաշտը լցվեց ադրբեջանական մեծաքանակ ապատեղեկատվությամբ, որոնց նպատակն էր շարքից հանել մարդկանց ռացիոնալ վերլուծությունն ու քննադատական մտածողությունը և որպես հետևանք ստանալ խուճապային տրամադրություններ, ինչը էապես կարող է փոխել ռազմական գործողությունների ընթացքը: Սա արտաքին քարոզչություն է, որը հապճեպորեն պետք է վերահսկվի տեղի իշխանությունների կողմից, և տեղեկատվական պատերազմի նպատակը ոչ միայն արտաքին ազդեցություն ունենալն է այլև ներքին տեղեկատվական դաշտի անվտանգության երաշխավորումը՝ անցանկալի տեղեկատվության տարածման խոչընդոտումը: Այսօր էլ ադրբեջանական կողմը միջոցներ չի խնայում Արցախյան հարցում միջազգային հանրության կարծիքն իր օգտին ձևավորելու համար: Քիչ չեն նաև ներքին տեղեկատվական պատերազմները, որի վառ օրինակներից մեկը մարտիմեկյան իրադարձություններին հաջորդած տեղեկատվական վակուումն էր, երբ փակվեցին գրեթե բոլոր լրատվական աղբյուրները: Ի դեպ, ներքին տեղեկատվական պատերազմների ժամանակահատվածը գուցե լավագույնն է արտաքին տեղեկատվական գրոհների համար: Նմանօրինակ արտակարգ իրավիճակներում տեղեկատվության արժեքը կտրուկ բարձրանում է, սպառողներն ավելանում են և քանզի ներքին տեղեկատվական աղբյուրները փակ են՝ արտաքին տեղեկատվական գրոհները դառնում են շատ ավելի վտանգավոր:

Ապատեղեկատվությունը, որն ուղղված է լսարանի հուզական դաշտին, նպատակ ունի փոխել մոտիվացիան և նպատակային դիրքորոշումները՝ համապատասխան հոգեբանական գործողությունների կազմակերպիչների խնդիրներին: Հոգեբանական պատերազմը տեղեկատվական պատերազմների վարման մեթոդներից մեկն է, որն առաջինը շրջանառության մեջ է դրվել 1948թ. ամերիկացի հետախույզ Փոլ Լայնբարջերի կողմից, իր «Հոգեբանական պատերազմը» գրքում: Նրա խոսքով, հոգեբանական պատերազմը ներկայացնում է զինված պայքարում քարոզչության օգտագործում, որը կարող է սահմանվել որպես կազմակերպված համոզում առանց բռնի միջոցների օգտագործման: Քարոզչությունը կարող է դառնալ հոգեբանական պատերազմների իսկական զենքը, ուստի Փոլ Լայնբարջերը խորհուրդ է տալիս զինված ուժերում ներգրավել պրոֆեսիոնալ հոգեբանների, ովքեր կօգնեն առավել արդյունավետ դարձնել զինված ուժի կիրառումը, և իզուր չէին դեռևս Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակաշրջանում քարոզչության համար պատասխանատու կառույցներ ձևավորում այնպիսի երկրներ ինչպիսիք էին նացիստական Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Ըստ ռուս տեսաբան Պանարինի՝ աշխարհաքաղաքական տեղեկատվական պատերազմներ վարելու առաջատար երկիր է համարվում Չինաստանը: ԱՄՆ-ի հետ տեղեկատվական պատերազմներում Չինաստանը հասել է զգալի արդյունքների, մասնավորապես նրանց հաջողվել է համոզել բնակչությանը, որ անկարգություններ հրահրվում են ԱՄՆ-ի կողմից: Չինական ԶԼՄ-ները գտնվում են մշտական վերահսկողության ներքո, տեղեկատվական քաղաքականությունը գաղտնի է և դժվար է դրա մասին որևէ մանրամասնություններ հայթայթել: Նմանօրինակ փակ համակարգերը, որտեղ չեն գործում անգամ այնպիսի սոցիալական կայքեր, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքում մեծ տեղ են զբաղեցնում, զրոյացնում կամ չնչին են դարձնում արտաքին տեղեկատվական ազդեցությունների հնարավոր ռիսկերը:

Տիգրան Կարապետյան

5-րդ կուրս

Կիսվել