Երևանը դդմի մեջ է. ղափամայի օր

Երևանը դդմի մեջ է. ղափամայի օր

81

Հոկտեմբերի 25-ին Սուրբ Աննա եկեղեցու բակը անուշ էր բուրում: Դդում, բրինձ, ընկույզ, չիր ու չամիչ. ղափամայի տոնն էր Երևանում, որի միջոցառումների մեկնարկը տրվեց ազգային երգ ու պարի կատարումներով:  

Ղափաման հայկական ավանդական ուտեստ է, որը պատրաստվում է ամբողջական դդումով՝ ներսը լցված  բրնձով, չորացրած մրգերով և ընկուզեղենով։ Այն հաճախ համարվում է ոչ միայն ուտեստ, այլև տոնական խորհրդանիշ։ Հոկտեմբերի 25-ին այդ տոնական խորհրդանիշը դարձել էր եկեղեցու բակի զարդը:

Լեգենդի համաձայն` դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը` երկրագնդի բնակիչներին, իսկ ընդեղենն ու չրերը ազգությունները, կրոններն ու ավանդույթներն են: Այս ամենի միաձուլման արդյունքում առաջացած ուտեստի խորհրդանշական ուղերձը մեկն է` խաղաղություն:

«Մեր ինքնությունը վերահաստատելու, մեր ազգային մշակույթին նորից առնչվելու, շփվելու, միմիանց հետ միավորվելու գեղեցիկ տոն է այսօր: Իսկ ինչո՞ւ ենք տոնում աշնանը, որովհետև դդումը հենց աշնանն է հասունանում»- պարզաբանեց Կենտրոն վարչական շրջանի կրթության, սպորտի, մշակույթի բաժնի աշխատակից Մարգարիտ Սարգսյանը` հավելելով, որ արդեն 4-րդ տարին է, ինչ տոնում են Ղափամայի օրը:

Տաղավարներում Ղափաման ներկայացնում և հյուրասիրում էին Երևանի ուսումնական հաստատությունների սաներն ու նրանց վարպետները, որոնց սեղանները հիմնական ուտեստից բացի լի էին նաև ազգային խոհանոցին բնորոշ այլ նմուշներով: Էկզոտիկ մրգերի չրերով պատրաստած ղափամայից մինչև դդմով ռոլլեր. յուրաքանչյուրն ուներ իր անձնական բաղադրատոմսը:

Տոնի ընթացքում այցելուները շրջեցին, համտեսեցին տաք ղափաման և համեմատեցին` որն էր լավը: Որտեղ մարդկանց հոսքը չէր դադարում, այդ տաղավարի ղափաման էլ ամենասիրելին ու համեղն էր:

Մարիամ Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել