Էրազմուսյան օրեր Հայաստանում

Էրազմուսյան օրեր Հայաստանում

146

Հայաստանում հոկտեմբերի 14-19-ին տեղի ունեցավ «Էրազմուսի օրեր 2024» միջոցառումը։ Հիմնական միջոցառումը հոկտեմբերի 15-ին էր Հայաստանի ազգային գրադարանում։

Էրազմուս+ ազգային գրասենյակի և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան» (ESN Armenia)-ի կազմակերպած «Erasmus+4ME․ բացահայտիր Էրազմուս+ հնարավորությունները քեզ համար» միջոցառման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի մասին ուսանողների, մանկավարժների և այլ մասնագետների շրջանում։ Ծրագիրը տրամադրում է արտերկրում սովորելու, վերապատրաստվելու, դասավանդելու և կամավորական աշխատանք կատարելու բազմաթիվ հնարավորություններ։ Ուսումն ամբողջությամբ անվճար է, և անպայման պետք է ունենալ մոտիվացիայի աղբյուր։

Էրազմուսին մասնակցած շատ երիտասարդներ ելույթ ունեցան, պատմեցին իրենց էրազմուսյան օրերի մասին, կիսվեցին իրենց իսկ փորձով և տվեցին մի քանի հարցերի պատասխաններ՝ ի՞նչ է էրազմուսը, ինչու՞ պիտի մասնակցել, ի՞նչն է կարևոր, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։ Նախ նշում էին, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորություն է ընձեռվում, երկրորդ՝ տարբեր երկրներից եկած երիտասարդների հետ շփվելու, որպես փոքր ազգ՝ մեր մշակույթը ներակայացնելու։ Առանձնացնում էին նաև կամավորություն կատարելու, միայնակ ապրելու և փորձություններ հաղթահարելու ունակությունները զարգացնելու հնարավորությունը։ Նշեցին նաև, որ կան որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանել, էրազմուսի ծրագրերին մասնակցելու համար։ «Առաջնահերթը տարիքն է․ պետք է  18 տարին լրացած լինել։ Կան, սակայն, նաև էրազմուսյան այլ ծրագրեր, որոնց կարելի է դիմել 16 տարեկանից։ Խրախուսվում է անգլերենի իմացության A2 մակարդակը, բայց կարող եք A1 մակարդակով էլ դիմել։ Հետևեք հասարակական կազմակերպություններին, որպեսզի տեղեկանաք՝ ինչ ծրագրեր կան, և ինչպես կարող եք դիմել»,- իր ելույթի ժամանակ նշեց ծրագրին մասնակցած աղջիկներից մեկը։

Այն հարցին, թե ինչ տվեց իրեն ծրագիրը, և ինչ խորհուրդ կտա ծրագրի մասնակիցներին, Սերգեյ Սիրունյանը, որը ծրագրի մասնակից էր և այդ օրվա բանախոս, պատասխանեց հետևյալ կերպ․ «Ծրագիրն ինձ ինքնուրույն դարձրեց, ավելի դիմացկուն, ստեղծեց միայնակ ճամփորդելու չափազանց արժեքավոր փորձ։ Բացի այդ, թույլ տվեց ծանոթանալ տասնյակ տարբեր երկրներից եկած մարդկանց ու նրանց մշակույթների հետ։ Արդյունքում հիմա ունեմ ինձ սպասող ընկերներ ամբողջ աշխարհի քարտեզի վրա ու մի ամբողջ կյանքի ընթացքում հիշելու երջանկության պահեր։ Մասնակիցներին խորհուրդս՝ չպլանավորել ոչ մի բան նախօրոք և ուղղակի համբերատար սպասել ամեն հաջորդ արկածին, որ կյանքը պատրաստում է ծրագրի ժամանակ»։

Միջոցառմանը մասնակցեցին դեսպանատների և համալսարանների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչները նշում են, որ միջոցառման նպատակն է խրախուսել մշակութային բազմազանությունը և միասնությունը, կիսվել հաջողության պատմություններով և փորձառություններով, խրախուսել ներառականությունը և ծրագրերի հասանելիությունը, ամրապնդել գործընկերային կապերը։

Լուսանկարները՝ Ազգային գրադարանի և«Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջերից։

Անի Արամյան

2-րդ կուրս

Կիսվել