35 տարի՝ խաղահրապարակի սպասումով

35 տարի՝ խաղահրապարակի սպասումով

110

էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցի 27 շենքի երեխաները խաղահրապարակ չունեն։ Շենքի բակի տարածքը զբաղեցնում են ապօրինի ավտոտնակները։ Երեխաները ստիպված խաղում են փողոցում, մայթեզրերին՝ վտանգելով իրենց կյանքը։

«Երբ դուրս եմ գալիս բակ` տեսնում եմ երեխաներին ամեն անկյունում, խաղում են մեքենաների կողքին, ոմանք հեծանիվ են քշում փողոցի մեջտեղում։ Միշտ վախենում եմ, որ մի օր մի բան կպատահի»,- պատմում է 27 շենքի բնակիչ Սուսաննա Սանամյանը։

Ծնողները անվտանգ խաղահրապարակ են ցանկանում իրենց երեխաների համար։ Բայց մյուս կողմից ասում են, որ եթե ավտոտնակներն ապամոնտաժվեն, բնակիչների առաջ կծագի մեկ այլ հարց՝ որտեղ կայանել իրենց մեքենաները։

«Ես 35 տարի է, ինչ ապրում եմ այս շենքում, ոչ ես եմ բակ ու խաղահրապարակ տեսել, ոչ էլ հիմա իմ երեխաներն են տեսնում, բոլոր ծնողներս էլ շատ ենք ուզում, որ մեր երեխաները ապահով խաղան, հիշում եմ՝ Տիգրան Ավինյանը եկել էր մեր բակ և խոստացել, որ անպայման կունենանք խաղահրապարակ, բայց մենք դեռ սպասում ենք»,-ասում է 27 շենքի բնակիչ Մարիամ Մադաթյանը։

«Խնդիրը շատ ավելի բարդ է, քան թվում է։ Մենք չենք ուզում ավտոտնակները ապամոնտաժեն՝ առանց որևէ այլընտրանք առաջարկելու, որտե՞ղ ենք կայանելու մեքենաները»,- նշում է մեկ այլ բնակիչ։

Իրավիճակը փակուղային է։

2023 թվականին՝ Երևանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ Էրեբունի 27 շենքի խաղահրապարակի հարցն ընդգրկված է իր ծրագրում։ Սակայն մինչ օրս որեւէ քայլ չի արվել։ Երեխաները շարունակում են խաղալ փողոցում, իսկ ծնողները համայնքապետարանից լսում են նույն պատասխանը՝ «հերթի մեջ եք»։

Խնդրի համակողմանի լուծման համար խաղահրապարակներին զուգահեռ պետք է նաեւ կայանատեղիներ կառուցվեն։

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հասարակական կապերի պատասխանատու Էլինա Ներսիսյանը մեր հարցմանն ի պատասխան՝ նշեց, որ 2023 թ․ Երևանի ավագանու ընտրություններից հետո՝ Երևանի բակային տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակներում, Էրեբունի վարչական շրջանում վերանորոգվել է 24 բակային տարածք, իսկ 2024 թ․՝ 14 բակային տարածք։ Ներկայումս, համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում ապօրինի կառույցների ապամոնտաժման միջոցով բակային տարածքների բարեկարգումը շարունակվում է, սակայն խաղահրապարակ կառուցելու առկա ծրագրերում Էրեբունի 27 շենքի բակը ներառված չէ։ Պատճառն այն է, որ բակային տարածքում, բացի ավտոտնակներից, առկա են նաև սեփական տներ, որտեղ բնակվում են մարդիկ։ «Խաղահրապարակի կառուցումը կոտնահարի այդ բնակիչների իրավունքները և կխոչընդոտի նրանց անձնական տարածքին։ Նշենք, որ բակային տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակում ապօրինի կառույցների՝ ավտոտնակների, ցանկապատված և ինքնակամ շինությունների ապամոնտաժումը կատարվում է հանրային օգտագործման համար նախատեսված տարածքներ ապահովելու նպատակով։ Էրեբունի վարչական շրջանում այս ուղղությամբ իրականացվող ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են, սակայն 27 շենքի հարակից տարածքը բարեկարգման նախագծի մեջ առայժմ ներառված չէ»,- ասված է համայնքապետարանի գրության մեջ։

Ալինա Սաակյան

3-րդ կուրս

Կիսվել