Հեռուստատեսության ցուցադրած բաց տեսարանների և ոչ պատշաճ բովանդակության ազդեցությունը երեխաների վրա

Հեռուստատեսության ցուցադրած բաց տեսարանների և ոչ պատշաճ բովանդակության ազդեցությունը երեխաների վրա

137

Հայկական հեռուստասերիալների բովանդակության որակն արդեն վաղուց մտահոգության առարկա է բազմաթիվ ծնողների և հանրության համար: Ծնողները դժգոհում են, որ սերիալներում ցերեկային ժամերին ցուցադրվող տեսարանները հաճախ չեն համապատասխանում երեխաների համար ընդունելի չափանիշներին: Մեր կողմից հարցված մի մայրիկ իր խոսքում նշեց․ «Ես շատ վատ եմ վերաբերվում․ անջատում եմ և չեմ թողնում նայեն, ջղայնանում եմ, ասում եմ մուլտիկ նայեք»։  

Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, չնայած հրաժարվեց հարցազրույցից, նշեց, որ եթե հեռուստածրագրերի բովանդակությունը մտահոգում է ծնողներին, ապա «մայրիկները կարող են պարզապես հեռուստացույց չմիացնել»։ Ծնողների կողմից իրականացվող քայլերը, ինչպիսիք են հեռուստացույցն անջատելը կամ երեխաներին մուլտֆիլմեր առաջարկելը, այնուամենայնիվ, ժամանակավոր լուծումներ են և չեն վերացնում խնդիրը։  

Հեռուստասերիալներում ընտանեկան բռնության, վիրավորանքի և բաժանումների տեսարանների առկայությունը կարող է ունենալ լուրջ ազդեցություն երեխաների հոգեբանական և հուզական զարգացման վրա: Այդպիսի բովանդակությունը կարող է առաջացնել բռնության հանդեպ անտարբերություն կամ նույնիսկ վարքի կրկնօրինակման ցանկություն:

Խնդրի լուծման համար կարևորվում է պետական մարմինների, այդ թվում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից իրականցվող վերահսկողությունը՝ կանխարգելիչ միջոցառումների ձևով, ինչպիսիք են համապատասխան տարիքային սահմանափակումների կիրառումը, կրթական ծրագրերի խրախուսումը, որոնք ուղղված կլինեն հեռուստաբովանդակության որակի բարձրացմանը։ Խնդրի վերաբերյալ ՀՌՀ հետևալ բովանդակությամբ հարցում ուղարկեցինք. «Հեռուստաեթերում խոսում են կիսանգլերեն-կիսահայերեն, ներկայացնում են սեռական բնույթի բաց տեսարաններ, ոչ պարկեշտ վարք և խոսելաձև։ Ի՞նչ կանխարգելիչ միջոցներ է իրականացնում Ձեր գերատեսչությունը»։

Պատասխան տեքստում ասվում է, որ Հանձնաժողովի հիմնական առաքելությունը բովանդակության որակի և անվտանգության պահպանման վերահսկողությունն է, ինչն արվում է օրենքի սահմանած կարգով: Հանձնաժողովի կանոնակարգերը նպաստում են լեզվական պահպանմանը, ինչպես նաև հանրային կարգերի պահպանմանը՝ պաշտպանելով հատկապես անչափահասներին: Հանձնաժողովը նաև տեղեկացնում է, որ քաղաքացիները կարող են ներկայացնել բողոքներ, եթե նկատել են խախտումներ հեռարձակողների կողմից։

Թեմայի ուսումնասիրության ընթացքում նկատեցինք, սակայն, որ այս խնդրին անդրադարձել են շատ այլ լրատվամիջոցներ ևս․ խնդիրը միայն մեզ չէ, որ հուզում է: Չնայած Հանձնաժողովի կանոնակարգերին՝ շատ հեռուստաընկերություններ շարունակում են օգտագործել հայերեն-անգլերեն խառնուրդ լեզու, ցուցադրել անպատշաճ բովանդակություն և պահվածք, ինչը դժգոհությունների պատճառ է դառնում։ Երբ Հանձնաժողովը ստանում է բողոքներ, նրանից պահանջվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել օրենքի սահմաններում: Այնինչ խնդիրների կրկնությունը ցույց է տալիս օրենքով սահմանված լիազորությունների կիրառման բացթողումները:

Ռիտա Ասատրյան

2-րդ կուրս

Կիսվել