ՆՈՐ ՇՈՒՆՉ ՀԻՆ ԻՐԵՐԻՆ

ՆՈՐ ՇՈՒՆՉ ՀԻՆ ԻՐԵՐԻՆ

1540

Այն բոլոր կոտրված իրերը, զարդերը, տան պարագաները, որոնք մարդիկ դեն են նետում, Էդուարդ Տեր-Սահակյանի ձեռքում կենդանություն են ստանում։

Անպետք իրերին նոր շնչով տեսնելն էր ստիպել, որ սեպտեմբերի 25-ին Մոսկվա կինոթատրոնում հավաքվեին բազմաթիվ արվեստագետներ, արվեստը սիրող ու գնահատող մարդիկ։ Սա ժողովրդական վարպետ Էդուարդ Տեր-Սահակյանի 3-րդ ցուցահանդեսն էր, որը կրում էր «Կոլաժներ և ասսամբլյաժներ» խորագիրը։

Հնամաշ շորի կտոր, ուլունք, ժապավեններ, հին սկուտեղներ․ կարևորը դրանք ճիշտ տեղում դնելն է։

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի կարծիքով այս ստեղծագործությունների լավագույն արժանիքն առարկաների՝ իրենց համապատասխան տեղում լինելն է, այլ կետում տեղադրելու դեպքում գուցե չստացվեր նույն ասելիքը։

Վարպետն իր կոլաժներում ներկայացրել է դրվագներ հայոց և համաշխարհային պատմությունից, իսկ ռեժիսորի մասնագիտությունն էլ ավելի կենդանություն է հաղորդել պատկերներին։

Դիզայներական աշխատանքների հերոսներ են դարձել դասական ստեղծագործությունների կերպարներից մինչև քրիստոնեություն՝ «Դրախտից վտարվածները», « Գրիգոր Նարեկացի» և այլն։

Դրանցում հեղինակը բարձրացնում է նաև խնդրահարույց հարցեր, օրինակ՝ «Ի պաշտպանություն կենդանիների», որտեղ կոչ է անում լավ վերաբերվել կենդանիներին։

Միջոցառման բացումն ազդարարեց գրող, գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, ով իր խոսքում նշեց․

«Բավական է մի փոքրիկ ուլունք, որը կդառնա աչք, մի տիկնիկի ձեռք, որը կդառնա հրեշտակի թև, մի մատնոց, քորոց, որպեսզի կենդանանա այն ամենը, որն անցյալում է, բայց արվեստի շնորհիվ կարող է ապրել երկար և մեզ ներշնչել ավելի լավ մտածել կյանքի մասին»։

Իրենց տպավորություններով կիսվեցին գրող Վանուշ Շերմազանյանը, հեռուստալրագրող Արփեն Մովսիսյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և այլք։

«Ասելիքը շատ գեղեցիկ է և խորը, ընկալումը՝բավականին մատչելի, հուսով եմ, որ մյուս ցուցահանդեսներն ավելի տպավորիչ կլինեն․ ես սպասում եմ դրանց»,- ասաց նկարչուհի Նինա Աղավելյանը։

Էդուարդ Տեր-Սահակյանը հրաժարվեց խոսելուց․ իր փոխարեն ստեղծագործություններն ամեն ինչ ներկայացրել էին հյուրերին, փոխարենը վիճակախաղ անցկացրեց։ Բաժանված բոլոր հրավիրատոմսերի վրա կային թվեր, որոնք պատահականության սկզբունքով ընտրվեցին, և մասնակիցները ստացան ցուցադրված աշխատանքներից։

 

Անի Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել