Մխիթարի ռինգը հայրենի հողն էր…

Մխիթարի ռինգը հայրենի հողն էր…

156

Համառ, տոկուն, անկոտրուն կամքով և ավյունով լի, բայց միևնույն ժամանակ շատ հանգիստ ու լրջամիտ մի տղա, ում հետ խոսելիս թվում էր, թե մի կյանք ապրած ու կրկին վերածնված մեկն է կանգնած քո դիմաց, այնինչ նա ընդամենը 18 տարեկան էր.․․ Այսպես են Մխիթարին նկարագրում բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ բախտ են ունեցել հանդիպելու 44 օրյա պատերզմում անմահացած հերոսին։

Մխիթար Կորյունի Գրիգորյան, կամ ինչպես բոլորն էին սիրում դիմել՝ «Մեր Մխո»։  Նրան նկարագրելիս առաջինը պետք է հիշել լայն ժպիտը, որով կարծես վարակում էր շուրջը գտնվող յուրաքանչյուրին։ Նրա մասին պատմում են, որ երբ դռնից դուրս էր գալիս, պատերն անգամ ժպտում էին։ Բայց ավելի խոսուն էին աչքերը․ հայացքն ամեն ինչ ասում էր։ Ընկերները փաստում են՝ երբ դեռ չէին շփվում՝ բարի նախանձով էին նայում բոլոր նրանց, ովքեր մտերիմ էին Մխիթարի հետ, քանի որ նրա պես նվիրված ընկեր ունենալն արժեր ամեն ինչ։ Բայց Մխիթարի նվիրվածությունն ավելի քան մեծ էր մարտի դաշտում․ փրկել է 25 հոգու կյանք և չնայած նրան, որ բոլոր տարբերակներն ուներ ողջ տուն վերադառնալու, «Բա մյուս տղերքը» ասելով հետ է գնացել Խորհաթ սար ու քաջի մահով ընկել հայրենիքի համար մղված մարտում։ Փրկվածներից մեկը, ով վիրավորվել էր ձեռքից ու Մխոյի օգնությամբ տեղափոխվել ապահով վայր՝ Աղաբեկ Ղումաշյանն է: Մխիթարի մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները. «Առաջ, երբ ինձ հարցնում էին՝ ով է ինձ համար հերոսը, ես նշում էի Անդրանիկի, Նժդեհի և այլոց անունները, բայց հիմա իմ հերոսը Մխոն է, որովհետև նա ինձ երկրորդ կյանք է տվել»:

Սպորտը Մխիթարի կյանքի մի մասն էր, կարծես իր հետ ծնված լիներ․ զբաղվում էր «Մարտ առանց կանոնների» սպորտաձևով։ Նա այնքան էր սիրում այն, ինչ անում էր, որ մի անգամ գրականության ուսուցչուհուն ապշեցրել էր իր համեմատությամբ։

«Դասի թեման Քուչակի հայրեններն էր։ Բոլոր աշակերտները սովորել էին 10-12 անգիր։ Հերթը հասավ Մխիթարին․ 3 անգիր ասաց ու կանգ առավ։ Ասացի՝ Մխիթար ջան, շարունակի՛ր, ասաց՝ ընկեր Մկրտչյան, ես չեմպիոն եմ, ռինգն էլ 3 ռաունդից է, վերջ, էլ չեմ կարող ասել»,- պատմում է ուսուցչուհին։

Մխիթարը նաև լողի էր հաճախում, ինչն իրեն ավելի էր օգնում մրցումների ժամանակ։ Հայրը պատմում է, որ շունչը պահել սովորելու շնորհիվ է, որ մրցումների ժամանակ  «պարանոցի խեղդող» հնարքից չէր հանձնվում, ավելին՝ մրցակցի ձեռքը հոգնում էր, Մխիթարը՝ ոչ։ Ընկերներն ամենամեծ աջակիցներն էին մրցումների ժամանակ․ պարտադիր իր հետ գնում էին, ոգևորում, հաղթանակի դեպքում էլ իրենից շատ ուրախանում։ Իսկ մարզիչի համար Մխիթարը հպարտություն էր, ով միշտ բարձր էր պահում իրենց անունը տարբեր ռինգերում։

«Մենք ուղղակի չկորցրինք Մխոյին, աշխարհը կորցրեց իր չեմպիոնին, իսկ աշխարհի ամենահայտնի ռինգը հավերժ կսպասի իր ամենաուժեղ մարզիկին»,- ասում է մարզիչ Ստեփան Շահմուրադյանը։

Մխիթարը թողեց ռինգն ու գնաց բանակ՝ պայմանով, որ հետ է գալու։ Մշտապես ասում էր. «Չեմպիոն եմ դառնալու, որ ամբողջ աշխարհն ինձ ճանաչի»։ Վերջին մրցմանը չհասցրեց մասնակցել, արդեն զոհվել էր, բայց  ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացավ «Հավերժ Չեմպիոն» տիտղոսին։

Մխիթարը Ղարաբաղում առաջնության մասնակցելուց ու հաղթելուց հետո սիրահարվել էր Արցախ աշխարհին և այդ օրվանից վճռել ՝ պիտի Արցախում ծառայի։ Իսկ դեռ դրանից առաջ ծնողներին ստիպել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվեն Հայաստան, որովհետև ինքը պարտադիր պետք է մեկնի ծառայության։ «Հասցնեմ բոլորիցդ կարոտս առնեմ, մինչև զորակոչիս ժամանակը գա»,- ասում էր նա։ Սեպտեմբերի 27-ին հոսպիտալում էր, երբ իմացավ պատերազմի լուրը․ ձեռքին ամրացրած կաթիլային սարքն անջատեց ու փախավ ընկերների մոտ՝ մարտի դաշտ։

Թաղի ոչ մի կռիվ բաց չթողած, ոտնկայս ընկերոջ կենացը խմած Մխիթարը պատերազմի արհավիրքն էլ բաց չթողեց, դարձավ «Հավերժ չեմիպոն» ու «Հավերժ հերոս»՝ իր ռինգը, սերն ու կյանքը նվիրելով հայրենի հողին։

Արևիկ Քոլունց

2-րդ կուրս

Կիսվել