2024թ. նոյեմբերին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնեց, որ ՀՀ՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 8 արժեքով։ Այս պահին այդ ցանկում 38 արժեք է ներառված։ Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգությունը եւ ինչպես պետք է այն պահպանել։
Ի՞նչ է ոչ նյութական մշակութային ժառանգությունը եւ ինչպես է այն հայտնվում անհապաղ պաշտպանության կարիք ունեցողների ցանկում:
Այդ ժառանգությունները մեր մշակույթի այն տարրերն են, որոնք ժամանակի ընթացքում դուրս են մղվել մեր ժողովրդի առօրյա կյանքից։ Դրանք կրողները կամ մահացել են, կամ համապատասխան մշակույթի անհրաժեշտությունը այլևս գոյություն չունի։ Բացի այդ, տարբեր քաղաքական և սոցիալական գործընթացների արդյունքում մշակույթը փոփոխվում է՝ ներառելով նոր տարրեր, մինչդեռ հները մոռացվում են։
Այսօր, հաշվի առնելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը, կառավարությունն իրականացնում է հատուկ քաղաքականություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնագրի շրջանակում։ Այս քաղաքականության նպատակն է ֆիքսել և պաշտպանել մշակութային ժառանգության տարրերը։ Մեր մշակութային ժառանգության արժեքները բաժանվել են երկու ցանկերի․
- Կենսունակ տարրերի ցանկ՝ այն արժեքները, որոնք դարերով փոխանցվել են և այսօր էլ, որոշ փոփոխություններով, մեր մշակույթի անբաժանելի մասն են կազմում։
- Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի ցանկ՝ արժեքներ, որոնք պատմականորեն կարևոր են, բայց արդեն կորստյան շեմին են։ Դրանք կրողներն ու կիրառողները շատ քիչ են, և անհրաժեշտ են պետական քայլեր՝ այդ մշակույթը վերականգնելու և հանրահռչակելու համար։
Այս քայլերը կենսական նշանակություն ունեն մեր մշակութային ժառանգությունը ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու համար։
Համայնքներն ի՞նչ դեր են խաղում մշակութային ժառանգության պահպանման կամ մոռացության մեջ։
Ես հաճախ եմ մտածում համայնքների և ավանդույթների պահպանման մասին։ Միշտ տպավորված եմ, թե ինչպես են համայնքներն իրենց ներսում պահպանում այնպիսի արժեքներ, որոնք այլ տեղերում, թվում է, թե մոռացված են։ Օրինակ, Գյումրիում ժամանակին կար միայն մեկ վարպետ, ով պատրաստում էր պղնձի բաժակներ՝ կլկլանը։ Այդ բաժակները մնացին հայտնի համայնքի ներսում, մինչև որ փառատոների ու համայնքային ակտիվության միջոցով դարձան քաղաքի բրենդ ու սիրելի հուշանվեր: Այդպիսի դեպքերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է համայնքային ներգրավվածությունը՝ ավանդույթները կենդանի պահելու համար։
Երբ խոսում ենք մշակութային ժառանգության մասին, հետաքրքիր է տեսնել, թե ինչպես կարող են որոշ արժեքներ դուրս գալ անհապաղ պաշտպանության ցանկից, երբ հասարակությունն ինքն է սկսում այդ արժեքները վերակենդանացնել։
Ի՞նչ օրինակներ կան, երբ մշակութային ժառանգության տարրեր դուրս են եկել անհապաղ պաշտպանության ցանկից և դարձել կենսունակ կամ լայնորեն կիրառվող։
Այո, նման դեպքեր կան։ Օրինակ, ասեղնագործությունը, որը մի ժամանակ մտել էր անհապաղ պաշտպանության ցանկի մեջ, այժմ դուրս է եկել և դարձել կենսունակ ու ժողովրդական պրակտիկայի մի մասը։ Դրա պատճառը սիրիահայ կանանց ջանքերն էին, ովքեր դասընթացների և ցուցահանդեսների միջոցով նոր շունչ տվեցին այս արհեստին։ Սիրիահայ կանայք իրենց մշակութային ժառանգությունն օգտագործեցին որպես ինքնության կարևոր գործիք և մշակույթի տարածման հնարավորություն։ Նրանք իրենց ասեղնագործությունը մատուցեցին ոչ միայն որպես ավանդական հմտություն, այլ նաև որպես սոցիալ-տնտեսական ակտիվության աղբյուր, քանի որ դասընթացների միջոցով շատ մարդիկ սկսեցին ձեռք բերել այս հմտությունը և ակտիվորեն մասնակցել միջոցառումներին։
Իսկ ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում այս ժառանգության տարածման և հանրահռչակման համար:
Ավանդական մշակույթն ու ոչ նյութական ժառանգությունը պահպանելու և փոխանցելու նպատակով պետական մարմինները տարիներ շարունակ դրամաշնորհներ են տրամադրում։ Հատուկ ուշադրություն է դարձվում ծրագրերին, որոնք հնարավորություն են տալիս պահպանել, վերականգնել և հանրահռչակել անհետացման եզրին գտնվող մշակութային արժեքները։ Դրամաշնորհները նպատակ ունեն աջակցելու թե՛ պետական հաստատություններին, թե՛ հասարակական կազմակերպություններին՝ ապահովելու գիտելիքի փոխանցումը և ավանդական արհեստների վերականգնումը։
Այս դրամաշնորհների միջոցով իրականացվում են մի շարք նախագծեր, ինչպիսիք են՝
- Վարպետության դասեր և դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին և տարբեր տարիքային խմբերին յուրացնել ավանդական արհեստներ, ինչպիսիք են ասեղնագործությունը, գոտու պատրաստումը կամ կարպետագործությունը։
- Հանրահռչակման միջոցառումներ՝ փառատոների և ցուցադրությունների միջոցով ավանդական մշակույթի տարրերը հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում։
- Գիտելիքի պահպանման նախագծեր՝ ներառյալ գրավոր և տեսաձայնային նյութերի ստեղծում, որոնք փաստագրում են ավանդական արհեստներն ու ծեսերը՝ հետագա սերունդների համար։
Հատկանշական է, որ դրամաշնորհով իրականացվող ծրագրերը հիմնականում լինում են անվճար, ինչն ավելի լայն հասանելիություն է ապահովում հանրության համար։
Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում հանդիպում է Բարեկենդանի տոնը, բայց չէ՞ որ բոլորս էլ գիտենք դրա մասին։ Ինչո՞ւ է այն հայտնվել ցուցակում:
Բարեկենդանը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի անբաժան մասը՝ որպես համայնքային տոն, որը տևել է մեկ շաբաթ: Այն նախորդել է Մեծ պահքին և խորհրդանշել կյանքի վայելքն ու առատությունը՝ ընդգծելով համայնքային կապերը: Խորհրդային տարիներին, սակայն, այդ տոնի հետ կապված ծեսերն արգելվեցին, ինչը հանգեցրեց դրա մոռացությանը: Չնայած ժամանակակից Նոր տարին որոշ չափով վերակենդանացրել է Բարեկենդանի որոշ տարրեր, տոնը չի պահպանել իր ավանդական ձևաչափը: Մասնագետները ներկայումս աշխատում են մշակել Բարեկենդանի ծիսակարգի նոր սցենարներ, որոնք կներկայացվեն տարբեր համայնքներում՝ աստիճանաբար տոնը վերակենդանացնելու համար: Նրանք կարևորում են մշակութային ավանդույթների կանոնավոր կիրառությունը՝ դրանք նորից համայնքային կյանքի մաս դարձնելու նպատակով: Տոնի ընդգրկումը պահպանման ցուցակում վկայում է նրա մշակութային արժեքի և վերականգնման անհրաժեշտության մասին:
Ի՞նչ կասեք արդեն իսկ անհետացած այնպիսի ոչ նյութական մշակութային արրժեքի մասին, ինչպիսին կարմիր որդանն է։ Ինչու՞ է դրա վերականգնումը այդքան բարդ։
Կարմիր որդանն օգտագործվել է հիմնականում մանրանկարչության մեջ և գործվածքների ներկման համար, որը գնացել է արտահանում։ Արարատյան դաշտում կարմիր որդան շատ փոքր շրջանակներում էր աճում։
Մեր ժողովուրդը, սակայն, հիմնականում այլ ներկեր էր օգտագործում կենցաղում, քանի որ կարմիր որդանն էլիտար էր, և այն մարդիկ, որոնք այդ գիտելիքներն ունեին, վաղուց չկան։ Միջնադարից հետո այն կորել է։ Հիմա Մատենադարանում կա բաժին, որը զբաղվում է դրա վերականգնմամբ։ Նրանք փորձում են մատյաններից և այլ աղբյուրներից վերականգնել կարմիր որդանի տեխնոլոգիան, բայց առայժմ դա արդյունք չի տվել։ Մենք դեռևս չենք կարողանում ստանալ այդ ներկը, և այն համարվում է ամենաբարդերից մեկը վերականգնման համար։
Այս հարցը մասնագետի պակասի հետ է կապված։ Այնուամենայնիվ, եթե շարունակվեն ջանքերը, հնարավոր է մի օր արդյունքի հասնել։
Որքանով են մարզերն ակտիվ այս ժառանգության պահպանման առումով։
Դե, այսօր Արարատը, Արմավիրն ու Կոտայքը մի փոքր պասիվ են այդ առումով, բայց Մեղրաձոր, Սյունիք, Շիրակ՝ շատ ավելի ակտիվ են։ Մասնավորապես, Սյունիքում և Շիրակում մարդիկ ավելի լավ գիտեն իրենց մշակութային արժեքները և ակտիվ են դրանց մասին խոսելու մեջ։ Այնտեղ ավելի զարգացած է նաև մշակութային տուրիզմը, ինչը էլ ավելի մեծացնում է հետաքրքրությունը։
Ինչպե՞ս եք տեսնում այս նախաձեռնությունների զարգացման հեռանկարը:
Համոզված եմ, որ դրանք լուծելի հարցեր են, ընդամենը ժամանակի խնդիր է։ Միջոցառումները, որոնք արդեն կայացած են, կարող են միայն ավելանալ։ Պետք է շարունակաբար համալրվեն և ավելի շատ համայնքներ ներգրավվեն։ Ահա, հիմա էլ փորձում ենք այդ ավանդական մշակույթները վերականգնել, ինչպես օրինակ՝ հայկական գինու պատրաստման ավանդույթը։
Ալինա Սաակյան
3-րդ կուրս