ՍուրՃ՝ օրվա սկիզբն ու էներգիայի աղբյուրը

ՍուրՃ՝ օրվա սկիզբն ու էներգիայի աղբյուրը

36
Լուսանկարը պատրաստված է արհեստական բանականության կողմից

ԱԲ-ն ասում է՝ ամբողջ աշխարհում օրական մոտ մեկ միլիարդ մարդ խմում է սուրճ։ Հայաստանում մեծահասակների զգալի մասը՝ մոտ 70-80%-ը, օրական առնվազն մեկ բաժակ սուրճ է օգտագործում։ Հատկապես մեծ տարածում ունի սև, դառը սուրճը։ Հայկական մշակույթում սուրճը ոչ միայն ըմպելիք է, այլև զրույցների և հավաքների անբաժանելի ուղեկից։

«Առավոտյան մեկ բաժակ սուրճ չխմել չի լինի․ օրվա հաճելի պահերից է»,- ասում է 76-ամյա Էլլա տատը, որն իր օրը չի պատկերացնում առանց սուրճի։

Երևանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել սուրճի կետերի, որտեղ հաճախ հերթեր են լինում ընդամենը մեկ բաժակ սուրճի համար։ Մենք այցելեցինք սուրճի կետերից մեկը, բայց աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել, թե օրական քանի հաճախորդ են սպասարկում։ Մյուս հարցը, սակայն, անպատասխան չմնաց։ Աշխատակիցն ասաց. «Սպառողները հիմնականում դեռահասներ են ու միջին տարիքի մարդիկ։ Հաճախորդների զգալի մասն ուսանողներ են»։

Սննդաբան Արմինե Հակոբյանը նշում է, որ սուրճն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։

Դրական կողմերից են՝

• սթրեսի նվազեցումը, հատկապես կանանց շրջանում

• օրգանիզմի տոնուսավորումը

• 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկի նվազեցումը։

Բայց կարևոր է պահպանել օրվա նորման՝ 2-3 բաժակ, և խուսափել սուրճը քաղցած ժամանակ խմելուց, քանի որ դա կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը։ Օպտիմալ ժամանակը սնունդ ընդունելուց 20 րոպե անց է։

Բացասական կողմերից են՝

• սուրճի չարաշահումը, որը կարող է բերել ոսկորների փխրունության և կալցիումի նվազեցման

• անքնություն՝ հատկապես ուսանողների մոտ նախաքննական օրերին։

Սննդաբանը նաև խորհուրդ տվեց սուրճ խմելուց հետո պարտադիր խմել մեկ բաժակ ջուր՝ օրգանիզմը ջրազրկումից պաշտպանելու համար։

Սուրճ խմելու սովորությունների վերաբերյալ զրուցեցի քաղաքացիների հետ։ Զրուցակիցներիս մեծամասնությունը սուրճ օգտագործում է առավոտյան՝ օրվա էներգիան ապահովելու համար։ Ուսանողները հաճախ չարաշահում են սուրճը, հատկապես քննաշրջանում, ինչը երբեմն բերում է անքնության։ Սակայն քիչ չեն նրանք, ովքեր սուրճ չեն օգտագործում։

Սուրճը վաղուց ավելին է, քան պարզապես տաք ըմպելիքը՝ դառնալով կյանքի ռիթմի կարևոր բաղադրիչ։ Այն զբաղեցնում է յուրահատուկ տեղ ընտանեկան հավաքներում, էներգիայի աղբյուր է և առօրյա սթրեսից ազատվելու միջոց։ Բիլ Գեյթսը կասեր՝ հանուն սուրճի կարելի է գնալ ամեն ինչի, անգամ աշխատանքի։

Անի Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել