ՎԵՆ ՄԱՔԵԼՎԻՆ. ԳՐՈՂ, ՈՎ ԱՊՐՈՒՄ Է ԻՐ ԿԵՐՏԱԾ ԿԵՐՊԱՐՈՎ

ՎԵՆ ՄԱՔԵԼՎԻՆ. ԳՐՈՂ, ՈՎ ԱՊՐՈՒՄ Է ԻՐ ԿԵՐՏԱԾ ԿԵՐՊԱՐՈՎ

6083

Մաք՝ լույս, ելվին՝ դժոխք, այդ ամենին հավելենք իռլանդական հնչողություն և կեղծանունը պատրաստ է։  Վեն Մաքելվինը, կամ նույն ինքը Վանիկ Հովակիմյանը հենց այսպես է մեկնաբանում կեղծանվամբ հանդես գալու միտքը։ Գրում է 16 տարեկանից ու տեղադրում իր բլոգում։ Հենց առաջին պատմվածքն էլ իր կյանքից մի դրվագ է ՝ «Մի օր ես կգամ»։ Վենի համար երկու տաբու հարց կա, որոնք պարզապես չի սիրում ՝ Ինչպե՞ս ես, քանի՞ տարեկան ես։

Այդ հարցերը այս հարցազրույցում ևս տրված չեն: Խոսակցությունը գնում է դեպի գրականություն եւ պարզվում է, որ Վենը գրում է, բայց գրքեր չի կարդում։

-Ես գեղարվեստական գրքեր չեմ կարդացել, բայց հիմա սկսել եմ Դոստաևսկի կարդալ։ Նա այն գրողն է, ով կարող է ինձ հունից հանել, ստիպել, որ նյարդայնանամ։ Ի տարբերություն իրեն՝ ես չեմ սիրում սպասել, իմ գրականության մեջ չպիտի ամեն ինչ իրար հաջորդի, ամեն գլուխ պիտի ունենա իր տեսակը:

-Չե՞ս մտածել, որ քո գրածներն էլ կարող են ուրիշներին հունից հանել:

-Շատ դեպքերում, ես չեմ հենվում ընթերցողի վրա, ես չեմ հրավիրում ընթերցողին (ծիծաղում է):

– Այդ դեպքում ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին ու արձագանքներին:

-Չեմ վերաբերվում, ուղղակի ուշադրություն չեմ դարձնում:

-Իսկ չե՞ս կարծում, որ գրողը այնուամենայնիվ որոշ չափով պիտի ուշադրություն դարձնի:

-Եթե գրողը միտված է ունենալու մեծ բանակ, ապա իմ դեպքում դա ինքնըստինքյան է ստացվել։ Եթե դու ինչ-որ բան ես ներկացնում, դու ոչ մեկին չես խնդրում, որ դա կարդան, դու ուղղակի ներկայացնում ես այն ընթերցողների համար, ովքեր պատրաստ են դա հասկանալ։ Ես լուրջ չեմ ընդունում ընթերցողներին, որովհետև իրենք չեն հասկանում իմ գրածը։ Ես գրում եմ տողատակերով, ենթատեքստերով, բայց մարդիկ ավելի շատ խորանում են բառի վրա, մի քիչ ավելի հեշտացնելու համար կետադրությունը քիչ եմ օգտագործում, բայց մեկ է՝ փոփոխություն չկա։

– Հենց կետադրությանն էի  ուզում անդրադառնալ. ասում ես, որ գրականությունը ազատ է, բայց հայոց լեզուն ունի կետադրություն, կանոններ, չե՞ս կարծում, որ մարդիկ կարող է այդ պատճառով չսիրեն ու չկարդան Վենին:

-Հենց ա՛յդ պատճառով էլ սիրում են․ես երբեք երկրորդ անգամ գործը չեմ խմբագրի, ես երբեք երկրորդ անգամ չեմ վերընթերցի այն պատճառով, որ կա մարդկային մի շրջանակ, որ ուզում է գրական հայերեն տեսնել:

-Անդրադառնանք սպասվող գրքին՝ «Սառը քամիներին»: Կպատմե՞ս մի փոքր, թե որ փուլում են գտնվում գրքի վրա տարվող աշխատանքները:

-Գրքի համար նախատեսված 800 էջից գրվել է նախնական 110 էջ: Վերջերս նորից 0-ից սկսեցի:

-Այսինքն, եթե նորից ես վերսկսել աշխատանքերը, ուրեմն գիրքը մոտ ապագայում լույս չի՞ տեսնի:

-Դեռ ոչ, «Սառը քամիները» բարդ սյուժե է, այն գրքերից չէ, որը մարդիկ գրում են 2-3 ամսում ու տպագրում։ Առհասարակ չեմ ուզում նմանվել այն մարդկանց, ովքեր նստում են տանը, որոշում ինչ-որ վիպակ գրել, որը հաջորդում է իրենց մյուս հրապարակած գրքերին թե սյուժեով, թե այլ նմանություններով։ Եթե դու գրող ես ու պատրաստ ես գիրք գրել, այն չի կարող գրվել 2-3 ամսում։ Գիրքը զավակի պես բան է, պիտի մեծացնես օրերի ու տարիների ընթացքում։ Դու չես կարող երկու-երեք ամսում տալ իրեն համ ու հոտ, սյուժե, բառապաշար, երկխոսություն, կերպարներ։ Գրողը չի կարող կատարելագործված գրել, որովհետև ինքն է ամեն օր կատարելագործվում։

-Վերջապես ինչի՞ մասին է «Սառը Քամիներ» գիրքը:

-Եկեք անկեղծ լինենք, «Սառը քամիները» իմ երազանքն է, ի վերջո գիրքը ցույց է տալիս, որ մարդը կատարյալ է, բայց ցավոք մարդիկ չեն հավատում, որ կա կատարելություն: Առհասարակ «Սառը քամիները» իմ ամբողջ կյանքի բուն ցավն է։ Դա այն է, ինչ ես կարող եմ անել գրականության հետ ու գրականության մեջ, ու դա այնքան կատարյալ ու մեծ գործ պիտի լինի, որ ես չմտածեմ՝ դրանից հետո ինչ պիտի գրեմ:

-Իսկ ո՞վ է հերոսը:

-Վեն Մաքելվինն է հենց հերոսը, իրենից բացի այլ  հերոսներ էլ կան, բայց Վենն ուրիշ է, ավելի ազդեցիկ է:

-Եթե դու քո ընթերցողին դիմես, ապա ի՞նչ կասես, ինչո՞վ է Վեն Մաքելվինը տարբերվում ժամանակակից մյուս գրողներից:

-Չեմ ընթերցել ժամանակակիցներին անկեղծ ասած, բայց կարծում եմ՝ իմ ոճը ուրիշ է:

– Իսկ ինչպե՞ս է հաղորդակցվում Վենը լսարանի հետ:

-Ես չեմ թերագնահատում լսարանին, բայց իմ ոճի համար չեն նախատեսված։ Մի հատված սիրում է փաբեր, որոշակի հատված ուղղակիորեն ցիվիլիզացիայի չի ենթարկվել և ունենք մի շրջանակ, որը ստվերում է մնում։

-Լավ, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Վենի բլոգի 600 հազար այցելուների թիվը, ո՞րն էր այդ հաջողության պատճառը

-Ես չեմ հասկացել, թե ինչու էդպես միանգամից ստացվեց, երևի որպես տարբերվո՞ղ տեսակ։ Հայաստանում չի եղել խուճուճ մազերով, բարի դեպքով երիտասարդ, ով գրում է դրամայի մասին և կանոններին չի ենթարկվում։ Ես չեմ փորձել տաբերվել, բայց ես տարբեր էի, ես չափից դուրս անկեղծ էի:

 -Ի՞նչ մեծ բաց կա գրականության մեջ, որը Վեն Մաքելվինը ուզում է լրացնի:

-Մակարդակ․մեր գրողները կերպար չեն։ Ցանկացած արվեսագետ պիտի լինի փաթեթ, ոչ թե միայն գրականության մեջ, այլ առօրյայով, կեցվածքով։ Պիտի ունենա կերպար․ մարդիկ դրա հետևից են գալիս։ Մարդիկ ավելի շատ ինձ են սիրում, քան իմ գործերը։ Դու պիտի քեզանից ինչ որ բան նեկայացնես,։ Ընթերցողը չի, որ քեզ առաջ պիտի տանի, այլ դու՝ ընթերցողին։

-Լավ, հստակեցնենք․Վեն Մաքելվինը կարծում է, որ ժամանակակից գրականության ամենամեծ բացը կերպարներ չունենալն է:

-Այո կերպար չունեն մարդիկ:

-Վեն, էմոցիոնալ ֆոնի փոփոխությունները ինչպե՞ս կարող են անդրադառնալ ստեղծագործության վրա։ Քո պատմվածքները գրելիս դրանք խանգարու՞մ են, թե՞ օգնում:

-Ինձ էմոցիան հանում է վերին աստիճանի, ավելի քան իմ իրական գրական կարողություններն են։ Էմոցիան առաջնայինն է, որ պիտի օգնի գրողին ստեղծագործության մեջ։ Երբեք ոչինչ չպիտի մեռնի քո մեջ, պիտի ամեն ինչ դուրս թողնես

-Շնորհակալ եմ Վեն, դեմ չե՞ս, եթե բլից հարցում անցկացնենք:

-Ոչ:

-Ուրեմն սկսեցինք․Օպտիմիստ թե՞ պեսիմիստ:

-Պեսիմիստ:

-Սիրելի զբաղմունքը, բացի գրելը:

-Քնել, եթե կարողանում եմ

-Սիրելի վայր:

-Գյումրի:

-Վենը՝ որպես գրքի հերոս:

-«Սառը քամիներ» գրքի գլխավոր հերոսը:

-Վենը՝ որպես ֆիլմի հերոս:

-The passion of the christ ֆիլմի սատանան:

Վենը 10 տարի անց:

–Իռլանդիայում՝ ծածկոցով ծածկված, կապուչինո խմելիս:

Չեք սիրում այն մարդկանց, ովքեր

-Նման են շատերին, չունեն ազատություն:

Եթե չգրեիք, ապա

-Չէի լինի:

Այս պահին կցանկանայի

-Սև ռոմ խմել (ծիծաղում է ու խմում սուրճը):

 

Հարցազրույցը՝ Կարինե Կիրակոսյանի

2-րդ կուրս

Կիսվել