ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՀԵՏ

1764

Բեմ է բարձրանում մի վանական` ոտքից գլուխ սև հագած: Գրպանից հանում է փայտյա շվին ու սկսում նվագել: Դահլիճն ապշած ունկնդրում է ազնիվ գործիքի մեղմահնչյուններն ու երաժշտությունն ավարտվելուն պես հոտնկայս ծափահարում: Սա այն պատանին էր, որ ծնվեց 1869 թվին՝ Քյոթահիայի խուլ փողոցներից մեկում:

Նա քաշեց աթոռն ու բարկացած բացականչեց.

-Ինչ է, նորի՞ց:

-Ի՞նչը նորից, վարդապե՛տ:

-Դու է՞լ ես ինձ ներկայացնում սև զգեստով տղամարդու կերպարով, այնպես, ասես հոգով էլ էի սևազգեստ: Չէ՞ որ ես վանական էի, ուրիշ ի՞նչ զգեստով պիտի լինեի:

-Բայց քո նկարներին նայելիս էլ առաջին տպավորությունը լուրջ ու խորհրդավոր է: Իսկ ինչպիսի՞ն էիր դու իրականում:

-Ես շատ եմ սիրել լուսանկարվել, բայց ես ապրում էի 20-րդ դարում: Ի՞նչ տեսք պիտի ունենար վանականը. լուրջ ու  խորհրդավոր: Ժամանակներն էին այդպիսին հասկանո՞ւմ ես…

-Այդ դեպքում ներկայացրու ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին իրականում եղել է Կոմիտասը, նույն ինքը`Սողոմոն Սողոմոնյանը:

-Լավ տարբերակ է: Ժամանակն է կոտրել կարծրատիպերը: Ես իմ կյանքը բաժանում եմ ապրած ու չապրած տարիների: Ծնվել եմ աղքատիկ մի ընտանիքում: Մեկ տարեկան էլ չկայի, երբ  մահացավ մայրս: Հայրս ինձ հետ մնաց ևս  տասնմեկ տարի: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Գևորգ վարդապետը ինձ իր հետ տարավ Էջմիածին: Այդ օրվանից ես կապվեցի երաժշտությանը, և դրանք համարում եմ իմ ապրած տարիները…

-Ինչպիսի՞ն էիր բնավորությամբ:

– Ես աշխույժ ու աշխատասեր էի: Սիրում էի աշխատել երկար, ու դա ինձ հաճույք էր պատճառում: Սիրում էի կատակներ անել, միգուցե  չափից շատ կատակասեր էի:

-Ո՞րն էր քո առաջին ձեռքբերումը:

-Առաջին ձեռքբերումը պատանի հասակում սեփական լեզուն սովորելն ու տիրապետելն էր: Հավատացեք`լեզուն հզոր գործիք է: Այն ցույց է տալիս քո ժողովրդին բնորոշ գծերը… Այն չպետք է աղավաղել…

Լռություն: Վերցրեց բաժակն ու մի կում ըմպելով՝ մի պահ մտածմունքների մեջ ընկավ:

-Ասում են`դու շատ լավ էիր երգում: Քեզ նույնիսկ առաջարկել են երգել գերմանական երգչախմբում, իսկ դու մերժել ես:

-Այո՛, ես լավ էի երգում: Երբ եղավ այդ առաջարկը, ես արդեն  նվիրվել էի խազերի հավաքագրմանն ու կատարելագործմանը: Ես չընդունեցի, քանզի կարծում էի, որ երաժշտություն մշակելով ավելի կօգնեմ ազգիս, քան երգելով: Հասկանո՞ւմ ես, երգում ես` առաջին հերթին ինքդ քեզ հաճույք պատճառելով: Երգելն իմ անձնական երջանկությունն էր, իսկ հայկական երաժշտության մշակումը` ազգի երջանկությունը:

-Կոմիտասը հայ դասական երաժշտության հիմնադիրն է: Միգուցե ավելի պարզ բացատրես` հասկանալու համար այն ահռելի գործի նշանակությունն, ինչ դու արեցիր:

-Ես ընդամենը առանձնացրի մուսուլմանական երգերի  հնչողությունը մերինից: Մերը  թեթև է, լի խաղիկներով, պարզ ու պարզության հետ մեկտեղ՝ անչափ գեղեցիկ:

-Կարելի է ասել` երաժշտության միջոցով դու մեզ համար արեցիր այն, ինչ արել էր Մաշտոցը դարեր առաջ…

Նա ժպտաց ու դատարկեց բաժակի տարողությունը…

-Կարելի է ասել,- շարունակեցի ես,-որ դու ևս մեկ անգամ կանխեցիր մեր ձուլումը այլոց հետ:

Տիրեց խոր լռություն:

-Բայց ես ոչինչ չկարողացա անել միլիոնավոր հայերին ոչնչացումից փրկելու համար: Գրքերում գրված է, որ ես չդիմացա ջարդերի տեսարաններին ու խելագարվեցի: Ոչ, ես դիմացա ջարդերին, ես չդիմացա նրան, որ ոչինչ չարեցի… ու խելագարվեցի… Իսկ ես կարող էի ինչ-որ բան անել…

Քիչ լռությունից հետո շարունակեց.

-Ես իմ կյանքը բաժանում եմ ապրած ու չապրած տարիների: Ու ապրած եմ  համարում այն տարիները, որոնց միջոցով կարողացել եմ օգուտ տալ իմ ազգին, հիշվել սերնդեսերունդ, գնահատվել դարերով, իսկ չապրած տարիները կարելի է և չհիշել: Եվ, որպես խորհուրդ անցյալ դարի մի ուրվականից, երբեք մի մոռացեք ու մի աղավաղեք այն, ինչ ստեղծվել է ձեզնից առաջ` լինի լեզու, երաժշտություն, թե գրականություն: Առանց դրանց մենք ոչինչ ենք…

 

Մարի Արշակյան

2-րդ կուրս

Կիսվել