ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ. «ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԸՆՏԱՆԻՔՆ Է»

ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ. «ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԸՆՏԱՆԻՔՆ Է»

1987

Զրուցակիցս ծնունդով Նորատուսից 62-ամյա Լևոն Մկրտչյանն է, ով մասնագիտությամբ ինժեներէլեկտրիկ է և գրեթե քառորդ դար է աշխատում է «Ռադիո» ՓԲԸում՝ որպես չափագրավերլուծական լաբորատորիայի ղեկավար: Լևոն Մկրտչյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Ուսանելու տարիներին զուգահեռ, ավարտել է նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 1977թից սկսած տասը տարի աշխատել է Կամոյի կաբելի գործարանում՝ որպես գլխավոր տեխնոլոգի տեղակալ: Իսկ 1987թից աշխատել է Ունիվերսալ բազայում՝ արտադրամասի պետ և գլխավոր էներգետիկ:

Ինչպե՞ս ընտրեցիք ձեր մասնագիտությունները:

-Ինչպես յուրաքանչյուր պատանի, որ ավարտում է դպրոցը, երկար-բարակ մտածում է մինչև մասնագիտություն ընտրելը: Ես էլ ուսումնասիրեցի տարբեր բուհերի ծրագրերը, դրանց մասնագիտությունները, քանի որ ավելի շատ հակում ունեի էլեկտրիկի մասնագիտությանը, որոշեցի էլեկտրատեխնիկական ֆակուլտետ ընդունվել՝ ինժեներ-էլեկտրիկ դառնալու նպատակով:

Ինչպե՞ս սկսվեց ձեր աշխատանքային գործունեությունը ռադիոկայանում: Ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում այնտեղ:

-Երբ ընդունվեցի ռադիոկայան, արդեն բավականին աշխատանքային փորձ ունեի ինժեներ-էլեկտրիկի մասնագիտության մեջ: Կայանում իմ մասնագիտական ուղղությունը որոշակի փոփոխություն ընդունեց, քանի որ այնտեղ պահանջները այլ էին: Մոտ երեք ամիս աշխատեցի որպես ինժեներ և հմտացա ռադիոմասնագիտության մեջ, որից հետո արդեն հստակ կողմնորոշվեցի հետագա անելիքներիս և ծրագրերի կազմակերպման մեջ: Կարճ ժամանակ անց նշանակվեցի լաբորատորիայի պետ: Իմ ենթակայության տակ գտնվող ծառայությունը՝ լաբորատորիան, զբաղվում է ռադիոտեխնիկական բարդ սարքավորումների վերանորոգումներով, չափումներով, արբանյակային կապի համակարգի սպասարկումով և ռադիոծրագրերի ապահովումով:

Կարո՞ղ եք նշել ձեր աշխատանքի դրական և բացասական կողմերը:

-Դրական կողմը տարբեր ոլորտների և տարբեր մարդկանց հետ շփումն է, իսկ բացասական կողմը այն է, որ աշխատանքները կատարվում են բավականին ծանրաբեռնված գրաֆիկով: Բայց պետք է նշել, որ անցյալի համեմատ հիմա աշխատանքային ծավալները համեմատաբար կրճատվել են: Պատճառը ռադիոհաղորդումների պակասն է: Դրան զուգահեռ աշխատողների թվաքանակը ևս կրճատվել է, բայց ծանրաբեռնվածությունը, կոնկրետ ինձ վրա, մնում է նույնը: Աշխատանքս 24 ժամ է, քանի որ օրվա ցանկացած պահի հնարավոր է անսպասելի խնդիրներ ի հայտ գան, որոնք ժամանակին լուծում են պահանջում:

Իսկ ձեր ժամանակը բավականացնու՞մ է սիրելի զբաղմունքների և ընտանիքի հետ շբման համար:

-Թեպետ աշխատանքը խլում է հիմնական ժամանակս, այնուամենայնիվ ես հարազատներիս և սիրելի զբաղմունքներիս համար միշտ էլ ժամանակ գտնում եմ:

Որո՞նք են ձեր սիրելի զբաղմունքները:

-Ես ռադիոսիրող եմ եղել և աշխատանքից դուրս՝ զբաղվում էի ռադիոսարքավորումներ պատրաստելու և վերանորոգելու աշխատանքներով: Շատ մեծ հետաքրքրություններ ունեմ նաև ֆուտբոլի նկատմամբ:

Ինժեների գործունեության հիմնական նպատակը նորագույն կամ առկա ինժեներական լուծումների օպտիմալացման զարգացումն է: Բավականին բարդ և եռանդ պահանջող մասնագիտություն է: Ըստ ձեզ՝ որո՞նք են ձեր մասնագիտության հիմնական դժվարությունները:

-Նախ և առաջ պետք է նշեմ , որ տեխնիկան հնանում է, և անհրաժեշտություն է առաջանում հնարավորինս վերազինել այն նորով, սակայն ոչ միշտ է դա հաջողվում: Հաճախ հանդիպում ենք ֆինանսական խնդիրների, որոնք թույլ չեն տալիս ժամանակի պահանջներին համընթաց շարժվել: Սարքավորումները և պահեստամասերը գնալով ավելի են թանկանում:

Իսկ ի՞նչ չափանիշներ պետք է ունենա մարդը և ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի, որպեսզի մասնագիտանա կոնկրետ այս ոլորտում:

-Միայն մասնագիտական կրթություն ունենալով՝ հնարավոր չէ շոշափելի արդյունքների հասնել: Մարդը պետք է տվյալ մասնագիտությունը իր մեջ զարգացնելու, իր վրա աշխատելու, ինքնակրթվելու կարողություն ունենա: Տիրապետի լեզուների և ժամանակի պահանջներին համընթաց շարժվի:

 

Հարցազրույցը` Արևիկ Կարապետյանի

2-րդ կուրս

 

Կիսվել