ՎԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

ՎԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

1235

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 1964 թվականին: Շուրջ 15 տարի է, ինչ մարզադպրոցը վերանորոգման ու նոր մարզագույքի կարիք ունի:

«Արդեն 15 տարի այս վիճակն է: նախկինում էլ էինք հարցը բարձրացրել և մինչև հիմա դեռ ոչ ոք ոչինչ չի արել դպրոցի համար,- ասում է Օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:»

Այս մարզադպրոցն  ամեն տարի տալիս է  այնպիսի սաներ, ովքեր Հայաստանը ներկայացնում են միջազգային  մրցույթներում: Ցույց տալով  Հարություն Մերդինյանի, Վահագն Դավթյանի, Արթուր Թովմասյանի  լուսանկարները`  Ալբերտ Ազարյանը պատմում է, որ տղաները մարզվել են այս դպրոցում:

Չնայած այս պայմաններին, մարզադպրոցը այսօր ավելի քան 300 սան ունի, ովքեր, անտեսելով ամեն ինչ, մեծ սիրով են հաճախում դպրոց:

«Ես շատ եմ սիրում այս մարզադպրոցը և ամեն օր հաճույքով եմ հաճախում, որովհետև մարզվելով ես ավելի եմ ուժեղանում»,- ասում է 10-ամյա Արմենը:

Երեխաների ծնողները նույնպես չեն դժգոհում: Վարդան Զաքարյանը, ում երեխան այստեղ է  մարզվում, ասում է, որ բոլոր մեծ մարզիկները այսպիսի պայմաններում են մարզվել, հարկավոր է պարզապես մի փոքր համբերություն ունենալ, և ամեն ինչ լավ կլինի: Վարդանը ավելի շատ կարևորում է մարզիչների ջանասիրությունն ու աշխատանքը:

Այնուհանդերձ, ըստ  մարզիչ Աշոտ Սիմոնյանի  դպրոցի  վատ պայմանները շատ են խանգարում մարզումներին: «Կարծես ծակ կոշիկով քայլելիս լինես անձրևաջրի մեջ»,- ասում է նա:

Ալբերտ Ազարյանը նշեց, որ չնայած Հայաստանում ոչ մի պետական կառույց չի փորձել  օգնել մարզադպրոցի վերանորոգման գործին, բայց տարիներ առաջ օգնության ձեռք է մեկնել Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ուղարկելով մարզագույք: Սակայն մարզադպրոցի ներկա պայմանները հնարավորություն  չեն տալիս, որ երեխաները մարզվեն դրանցով:

Մարզադպրոցի տնօրենը նաև պատմեց, որ պետական մարմիններից ներկայացուցիչներ չեն գալիս դպրոց անգամ այն ժամանակ, երբ ամեն տարի կայացվող մրցույթների հրավիրատոմսեր են ստանում:

Մարզադպրոցի թե´ սաները, թե´ մարզիչները դեռ սպասում են, որ դպրոցը դուրս կգա այս վիճակից և կհայտնվի համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում:

 

 

Լիանա Եղիազարյան

3-րդ կուրս

Կիսվել