Ալիկն այլևս չվերադարձավ քաղաքացիական հանգիստ կյանքին: Արցախի հերոսական ժամանակներն անցնում էին նրա սրտով, իսկ նա չէր ուզում իր կենսագրության հյուսվածքներում սովորական օրեր գրանցել: Այդպես նա սկսեց գծել իր կյանքի ուղին. իմաստը ժողովրդի բուռն խառնվածքին ձուլվելն էր, հայրենիքի համար թեկուզ մի պտղունց, բայց իրենից ինչ-որ բան ունենալու ձգտումը: Պայծառ, վեհացնող լույս կար նրա ներսում, որ խավար ու մութ չէր հանդուրժում…Հպարտությունս ծովի նման ալիքվում է, երբ հիշում եմ նրա կանաչ աչքերը, խրոխտ կեցվածքն ու զինվորականին հատուկ քայլվածքը: Նրա մասին հիշողություններն ինձ ուժ են տալիս, առաջնորդում, սակայն այդ հիշողությունները բացի հպարտությունից նաեւ ամբողջությամբ ցավ են ու վիշտ: Սարսռում եմ հենց միայն այն մտքից, որ արդեն մի գարուն առանց Նրա բացվել է, արդեն մի անգամ Նրա ծնունդն առանց իրեն ենք նշել, ու որ այդ մեկ թվի կողքին դեռ մինչև անվերջություն թվեր են ավելանալու…
Գյումրի քաղաքում գտնվող Արցախյան հերոսամարտի հերոսների պանթեոնում է ամփոփված Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը: Փոխգնդապետը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Նա այն սպաներից էր, ով ընտրեց իր ժողովրդին ու հայրենիքին ծառայելու դժվարին ուղին եւ մինչև վերջին շունչը հավատարիմ մնաց իր երդմանը: Ալիկի դին ութ օր շարունակ մնացել է հակառակորդի մոտ և փոխանակվել միայն տասնութ ադրբեջանցի զինվորների մարմինների հետ: Այն ամենն, ինչ արել էր ադրբեջանական կողմը հայ զինվորների դիակների հետ, բառերով հնարավոր չէ նկարագրել: Ապրիլի 11-ին Ալիկի և ևս 4 զինվորի մարմին է վերադարձվել հակառակորդի կողմից՝ անճանաչելիորեն խոշտանգված եւ մասնատված…
Ալեքսանն առհասարակ զինվորական ծառայությանը վերաբերող մանրամասներով կիսվել չէր սիրում: Վազգեն Սարգսյանի կրթահամալիրն ավարտելուց հետո տեղափոխվել էր Ջաբրայիլ, որտեղ էլ տասը տարի անընդմեջ ծառայելով՝ դասակի հրամանատարի պաշտոնից հասել էր փոխգնդապետի կոչման: Նպատակ ուներ զորամասի հրամանատար դառնալու, ցանկացած դժվարություն կհաղթահարեր, բայց հարազատ Արցախից հեռանալու մասին խոսք լինել անգամ չէր կարող: Նվիրված զինվորական լինելուց բացի Ալիկը նաև լավ ամուսին էր, լավ զավակ, լավ հայր…
Դստեր՝ 9-ամյա Աստղիկի համար եղածը հասկանալի է ու պարզ․որոշել է զինվորական դառնալ ու հոր կիսատ թողածը շարունակել, այդկերպ թշնամուց էլ վրեժ կլուծի: Որդու՝ Հովհաննեսի համար հայրը դեռ ողջ է. Ալիկի նկարներին է նայում ու ձեռքը դեպի երկինք բարձրացնելով՝ մտնող-դուրս եկողին ասում. «Գիդե՞ք, օր պապան վերևն է՝ Աստված պապիկի մոտ, բայց մաման սել է, օր մե օրըմ անպայման գուկա…»
Կյանքի օրենքներն այսպիսին են…
Որպեսզի երազանքները կատարվեն աշխարհում, ամենասքանչելի երազանքները մնում են անկատար: Եւ որպեսզի կյանքը շարունակվի, ընդհատվում են ամենագեղեցիկ, ամենապայծառ կյանքերը:
Վիոլետա Առաքելյան
4-րդ կուրս