ՀԵՌԱԿԱ ՀԱՅԱՑՔ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՌԱԿԱ ՀԱՅԱՑՔ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ

1775

Համալսարանում ամեն ֆակուլտետ զարկող սիրտ ունի: Ժուռնալիստիկայի ֆակուլտետը սրտից բացի ունի հոգի, և այն սիրելը չգրված օրենք է:                                                                

Նոյեմբերի  1-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում  դիմավորեցին հեռակա համակարգի առաջին կուրսեցիներին: Հեռակա համակարգում սովորող ավագ կուրսի ուսանողները  կազմակերպել էին  «Հեռակա հայացք լրագրությանը» խորագրով միջոցառում, որի ընթացքում զանգվածային լրատվամիջոցները լեզու էին առել և փորձում էին ֆակուլտետ ընդունված ուսանողին կողմնորոշել ընտրության հարցում: Վերջինս հասկացավ, որ պետք չէ երբեք կենտրոնանալ մեկ ուղղությամբ, անհրաժեշտ է գտնել  յուրաքանչյուրի առանձնահատկությունն ու կարևորությունը, հետո միայն առանձնացնել ամենահարազատը:

Միջոցառումն ուներ խորհրդանշական հարց. «Լրագրող ծնվու՞մ են, թե՞ դառնում»: Այս հարցի պատասխանը բացահայտելու համար ֆակուլտետ էին այցելել հեռակա համակարգն ավարտած ուսանողներ` Տիգրանուհի Հարությունյանը, Նանե Հայրապետյանը,Վոլոդյա Հովսեփյանը և Արման Առաքելյանը, ովքեր այժմ կիրառում են իրենց հմտությունններն առաջատար լրատվամիջոցներում: Ուսանողները հարցերի միջոցով փորձեցին բացահայտել նրանց հաջողության ճանապարհը և ստացան մասնագիտական խորհուրդներ: Հնչեցին անկեղծ պատասխաններ, որոնք, միանշանակ, կրտսեր ընկերներին կուղորդեն դեպի նպատակ:

Միջոցառումը եզրափակեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով իր խոսքում նշեց. «Երևանի պետական համալսարանը մայր տաճար է, որտեղ  ոտք դրած յուրաքանչյուր ուսանող դառնում է նրա մի մասնիկը: Լա՛վ սովորեք և արժանի եղեք ԵՊՀ ուսանողի պատվավոր կոչմանը»: Եվ չնայած նրան, որ յուրաքանչյուրն այստեղ է գալիս տարբեր  ակնկալիքներով ու երազանքներով, նպատակը մեկն է՝ դառնալ սեփական երկրի «պարզ» հայելին: Ուրեմն, բաց աչքերով նայենք իրականությանն ու վստահ քայլենք  դեպի նպատակ,սովորենք և ինքնակրթվենք ամեն քայլափոխի՝ գնահատելով ժամանակն ու երբեք չբավարարվելով ունեցած գիտելիքով:

Արաքսյա  Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել