«ՓԱՍՏՈՐԵՆ, ԱՅԴ ՍԵՐՄԸ ԵՍ ԷԻ…». ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆ

«ՓԱՍՏՈՐԵՆ, ԱՅԴ ՍԵՐՄԸ ԵՍ ԷԻ…». ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆ

2166

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ երուսաղեմահայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի «Այդ սերմը ես էի…» գրքի շնորհանդեսը:

«Ջարդը վերապրած հայուհիի մը պատմութիւնն է, որ մահէն առաջ կը պատգամէ թոռնւհիին անպայման գրել այդ մասին, որովհետև այդ միայն իր պատմութիւնը չէ, այլ ամբողջ ժողովրդի մը…». այսպիսի նկարագրությամբ է սկսում Անուշ Նագգաշյանի գիրքը, որը բանաստեղծուհու տատի՝ Աննա Գալուստեան Նագգաշեանի կյանքն է Մեծ Եղեռնի տարիներին:

Միջոցառմանն իր օրհնության խոսքը բերեց Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը:

Գրքի շնորհանդեսին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Անուշը մեզ հետ ու մեր կողքին է նույնիսկ այն ժամանակ, երբ անգամ Հայրենիքում չէ, իսկ երբ գալիս է Հայրենիք, իր հետ բերում է ողջ Սփյուռքը» :

Մի փոքր ներկայացնելով գրքի բվանդակությունը՝ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Մեծ մայրը իր զավակին՝ Անուշի հորը հեռու է պահում օտարազգի կնոջ հետ ամուսնանալու մտքից՝ որդուն հղված հեռագրի միջոցով, որում նշված էր. «Տղա՛ս, Հայաստանի զինվոր չեղար, Հայրենիքի համար արյուն չթափեցիր, սերմդ օտարի՞ն պիտի տաս»: Հասկանալով, որ այդ սերմը հենց ինքն է՝ Անուշ Նագգաշյանն իր պարտքն է համարում թղթին հանձնել տատի պատմությունը: Արդյունքում` այժմ մեր ձեռքին է գեղարվեստական և սկզբնաղբյուրային կարևոր արժեք ներկայացնող այս պատմությունը»։

Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես եկան Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը
Հեղինակի գրքից հատվածներ ընթերցեցին Հայաստանի վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի սաները:

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ հեղինակը՝ Անուշ Նագգաշյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ միջոցառումը կազմակերպելու համար, և Հոգեշնորհ Տեր Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանին՝ գրքի տպագրությանն աջակցելու համար: «Ես խոնարհվում եմ իմ մեծ մոր՝ Աննա Նագգաշյանի հիշատակի առջև և համարում եմ, որ սրանով իմ պարտքը կատարեցի նրա հանդեպ: Մեծ մայրս ինձ խոստացել էր՝ մինչ իր մահը պատմել կյանքի ողջ պատմությունը և այդպես էլ արեց: Նրան և պապիս թուրքերը հարկադրաբար վտարեցին մեր Հայրենիքից՝ Կեմերեկից: Բայց այսօր ես Հայաստան եմ կանչել աշխարհասփյուռ իմ բոլոր զարմիկներին ու զարմուհիներին, նրանց զավակներին ու թոռներին: Այսօր ես հայտնում եմ, որ նոր Կեմերեկ ստեղծեցինք այստեղ՝ մեր մայր հողի վրա: Դրա համար ցանկացա, որ այս գրքի շնորհանդեսը տեղի ունենա իմ Հայաստանում», – ասաց Անուշ Նագգաշյանը: Այնուհետև հեղինակը բեմ հրավիրեց իր զարմիկներին և զարմուհիներին: Միջոցառումն ավարտվեց գրքի գինեձոնով:

 

Արփինե Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել