ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ ՀԵՔԻԱԹԻ ՆՄԱՆ. ԱՐԹՈՒՐ ԱՍԼԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ ՀԵՔԻԱԹԻ ՆՄԱՆ. ԱՐԹՈՒՐ ԱՍԼԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

2453

Ունեցածը պահելը դժվար է: Հատկապես, երբ անընդհատ ցանկանում են խլել քեզնից այն: Այդ ժամանակ սկսում ես ավելի մոլեռանդորեն պաշտպանել ու պահպանել քոնը, սեփականդ: Դժվարությամբ վաստակածդ, ձեռք բերածդ կամ վերադարձրածդ է՛լ ավելի ես գնահատում, է՛լ ավելի ես արժևորում: Փայփայելով ես պահում:

Սա այն երկարատև գործընթացն է, որի մեջ ենք մենք՝ հայերս, դարեր, հարյուրամյակներ շարունակ: Ասես ոչինչ էլ չի փոխվել. կորցնել ենք շատ, վերականգնել ավելի քիչ, քան՝ էր:

Որքա՞ն անօտարելի է «տանիք» արմատը «ընտանիք» բառից: Նույնքան անօտարելի է այն բռաչափ հողակտորը, որի համար մինչ այսօր արյուն ենք թափում, սերունդ ենք զոհում պաշտպանելու, պահպանելու համար: Արցախ: Այնքան փոքր, բայց այնքան էական, այնքան կենսատու, այնքան բեղմնավոր: Քաջերին կյանք տվող արգանդ է Արցախը: Հիվանդություն, վարակ, համախտանիշ չի ճանաչում այն: Ամեն վայրկյան նոր-նոր ձևավորվող սաղմերը անկասկած դառնալու են հասարակության, ազգի սաղմը: Միջուկը: Ժամանակի հրատապությամբ, միգուցե, Արցախը տվել է երբևէ ազատություն չտեսած, բայց դրա համն ու արժեքն իմացող սերունդ: Սերունդ, որը զոհասեղանին դրեց իր կյանքը՝ հանուն նոր ուրվագծվող ապագայի: Մի՞թե հրաշք չէ սա: Պայքարել մի բանի համար, որը չես համտեսել, չես տեսել, չես զգացել…Այո՛, դա մենք ենք: Մենք ենք: Այդ մենքը ձևավորում ենք մեր դեմքերով, իրար կցելով կազմում մի ամբողջական դիմանկար: Ազգի՛ դիմանկար: Դեմքեր, առանց որոնց այդ դիմանկարային խճանկարը կիսատ կլիներ: Արցախն էլ այդ խճանկարում ունի դեմքեր, որոնք անջնջելի հետք են թողել մեր պատմության ու հիշողության մեջ: Արցախի նորաստեղծ հանրապետության ականավոր քաղաքական գործիչ, վառ անհատակություն, ով թեև կյանքից հեռացավ 33 տարեկանում, արդեն հասցրել էր գրավել պատմության ի՛ր էջը:

Արթուր Ասլանի Մկրտչյան, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ:
«Քաղաքականությունն անբարոյականություն չէ, եթե այն չեն հարմարեցնում անձնական շահերին»:

Արթուր Մկրտչյանը, որպես քաղաքական գործիչ և անհատականություն, իր բարոյական կերպարով քաղաքականության մեջ բարոյականության հիմքեր դրեց: Ընկերները, հարազատները նրան բնութագրում են մեկ բառով՝ Մարդ: Արթուրի ընկերներից մեկը խուսափում էր իր խնդիրների մասին Արթուրի հետ խոսելուց: Ասում էր.

-Երբ քո պրոբլեմը հայտնում էիր Արթուրին, այն դադարում էր քո պրոբլեմը լինելուց: Այն դառնում էր Արթուրինը:

Արթուրը սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այն ավարտելով մեկնել Մոսկվա և ընդունվել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա։ Նա գիտական ատենախոսության համար ընտրեց «Լեռնային Ղարաբաղի հայերի հասարակական կենցաղն ու հանրային հարաբերությունները» թեման: Դա փաստորեն Արցախին վերաբերող առաջին թեման էր, որ պիտի պաշտպանվեր խորհրդային տարիներին: Բայց մտնելով ազատագրական պայքարի հորձանուտի մեջ՝ Արթուրը մոռացել էր պատրաստի թեկնածուական թեզի պաշտպանության մասին: Ընկերների խնդրանքների, հորդորների շնորհիվ Արթուրի պաշտպանեց, և նրան շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի կոչում: Բայց ճակատագիրը արդեն ուրվագծել էր Արթուրի կյանքի ճանապարհը: Իսկ այդ ուղին գիտությունից ոլորաններով թեքվում էր դեպի քաղաքականություն: Երիտասարդ գործիչը ժողովրդի կողմից սիրվեց միանգամից: Ակնառու էին նրա ղեկավարելու տաղանդը, ներքին հզոր ուժը, գաղափարական ամուր համոզմունքները:

Քառասունչորս «կողմ» և չորս «դեմ» ձայներով Արթուր Մկրտչյանն ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ:

«Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար: Հիմա եկել է փոխհատուցման պահը»:

Այո՛, «ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է»… Հրե օղակի մեջ գտնվող Արցախի վրա ամեն օր դժոխային կրակ էր թափվում: Թշնամին անընդհատ սեղմում էր օղակը: Իսկ երկրի ներսում տիրող անհամաձայնության մթնոլորտը եղավ այն մահաբեր հրե օղակը, որին կուլ գնաց Արթուրը:

Անշուշտ, նա դեռ շատ անելիքներ ուներ, նա այն եզակիներից էր, ովքեր հստակ պատկերացնում են իրենց անելիքները: Նա կառավարեց ընդամենը իննսունյոթ օր: Բայց այդ օրերը բավական եղան, որ երեսուներեքամյա գործիչն իր անունը գրի պատմության էջերում:

Ասում էր՝ պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել սխալները չկրկնելու և հերոսական էջերն իբրև օրինակ ընդունելու համար:
Պատմությունը հեքիաթ չէ, բայց Արթուրը մտավ պատմության մեջ, իբրև մի հեքիաթ, կերտեց մի հերոսական պատմություն իր իսկ կենսագրությամբ…

 

Սոնա Աբունց

2-րդ կուրս

Կիսվել