ՋԱ՜Ն, ՀԱՉՈ, ՔԱ՜Ջ, ՀԱՉՈ, ՀԱՉՈՆ ԳՈՐԻՍԵՑԻ

ՋԱ՜Ն, ՀԱՉՈ, ՔԱ՜Ջ, ՀԱՉՈ, ՀԱՉՈՆ ԳՈՐԻՍԵՑԻ

1627

Հաչոն աղավնիներ շատ էր սիրում, մեծ սիրով պահում էր, որոնց հետ հաղորդակցվում էր տարբեր ձայների, շվվոցների միջոցով: Խաղաղասեր լինելով՝ մեծ սեր ուներ զենքերի հանդեպ: Նա այն տեսակին էր պատկանում, ում մեջ քաջությունը մի օրում չէր ծնվում, պատերազմի, կյանքի հանդեպ վախն ու սերը ըստ տրամադրության չէին փոփոխվում: Նրան հատուկ էր խիզախությունը:  Նա այդպիսին էր՝ քաջ, համեստ, խաղաղասեր, նվիրված ընտանիքին, ո՞վ գիտե՝ միգուցե սիրած աղջկան…

1993թ.-ին  Հրաչիկ Մարգարյանը զորակոչվեց  բանակ: Ծառայեց  Կապանի Շիկահողի զորամասում, որն առաջին իսկ օրվանից դարձավ մարտական դպրոց նրա համար:

-Զորամասից փախած զիվորներին հավաքելու առիթով եկել էր տուն, հավաքեց, տարավ դասալիքներին, հունվարի 4-ին վաշտից զանգեց, որ հետս խոսի: Զանգին եղբայրն էր պատասխանել:

-Մաման հորա, պան եմ օզում ասեմ,-հարցրեց նա ու մնաց անպատասխան: Զանգել էր մորը՝ հայտնելու, որ մեկնում է առաջնագիծ:

-Մուրազը մնաց սրտումը,- վիշտը սրտում կողպած՝ քթի տակ ասում է մայրը՝ Սվետան: Մեկնեց առաջին գիծ:

-Տրանից հետո արազ եմ տեսալ, իբև Հաչոն ավտոմատը ծերքին ինգում ա ցեխի մեջ: Կանչում ա, որ օգնեմ, բայց չեմ կարում,-հիշում է տիկին Սվետան:

Դրանից հետո Հովիկը՝ եղբայրը, գնում է Կապան՝ եղբոր դիակը գտնելու հույսով: Ամբողջ Կապանը դիակ էր: Հաչոնիկի ընկերները գրկում են Հովիկին, ցավակցում, ասում՝ Հաչոն չկա:

Արցախյան շարժման օրերին Հրաչիկը իր մարտական ընկերների հետ Հորադիզից դուրս է շպրտում  թուրքերին: Ի՞նչ էր մտածում  այդ օրը 22-ամյա պատանին,  բացի թուրքերին հակահարված տալուց. ո՞վ գիտի՝ գուցե սիրած աղջկա, գուցե մոր մասին, որին վերջին անգամ էր կարոտելու, որին էլ չէր տեսնելու: Եվս մեկ ակնթարթ, և թշնամու ականը պայթեց…  Ընկավ հերոսը, արյունը խառնվեց մայր հողին՝ հանուն  հայրենիքի աբողջականության: Կռվի դաշտում՝ հայրենի եզերքի և կյանքի ու մահվան սահմանագծին, , նա զենք վերցրեց  առանց վարանելու՝ ազատ Արցախ և հայ ժողովուրդ ունենալու մղումով: Իսկ այսօր երկնքից է շարունակում պաշտպանել մայր  հողը, մորն ու ընտանիքին:

-Հրաչիկի մարմինը,-պատմում է մայրը,- 22 հոգու հետ, նաև հրամանատար Դադալյան Մարտունի հետ մնացալ ա  սահմանից էն ղոլ: Մերոնք 5 կմ նահանջալ են, մարմինները մնացալ են:

Կռվի ժամանակ Հաչոն իր խրամատում չէր:  Դադալյան Մարտունի խնդրանքով գնացել էր նրանց մոտ՝ մի քիչ կատակներ անելու, որպեսզի տղաների մոտ լարվածությունը փոքր-ինչ թուլանա:

Երկար ժամանակ է արդեն, ինչ մոր վիշտը փոխվել է հպարտության: Ու ոչ  նրա համար, որ այլ տարբերակ չկա  կամ ունի շնորհված մեդալներ, այլ միայն նրա, որ այնպես է ապրել Հաչոն իր կարճատև կյանքը, որ հենց մարտական ընկերներն են նրան հերոս անվանում:

Հրաչիկի հայրենասեր կերպարն իր բանաստեղծական մարմնավորումն է ստացել նրա ընկերների բանակային նոթատետրում, որը խնամքով պահել ու հետագայում, որպես հուշ, փոխանցել են  զինվորի մորը: Որդու շնչով սրբացած այդ տողերը մայրը պահում է  զիվորական պարգևների, մեդալների կողքին:

Շիկահողի հայդուկները զենքեր վեր առան,
Հայոց ազգի հերոս զավակներ դարձան,
Կռվի դաշտում, ավաղ, նահատակվեցին
Ջա՜ն, Հաչո, քա՜ջ, Հաչո, Հաչոն գորիսեցի:
Հորադիզի սարեր, ձորեր ձեն տվին
Հայոց ազգի մայրեր, քուրյրեր լացեցին,
Կռվի դաշտում ավաղ նահատակվեցին
Ջան Հաչո, քաջ Հաչո, Հաչոն գորիսեցի:
Մահացու գնդակը, որ դիպավ կրծքիդ
Երկնային աստղը, լույսը իջնի շիրիմիդ
Հայրենի՛ք, քեզ համար զոհվեց որդիդ,
Ջա՜ն, Հաչո, քա՜ջ, Հաչո, Հաչոն գորիսեցին:

 

Սոնա Աբունց

2-րդ կուրս

Կիսվել