ՄԱՆՅՈՒՆՅԱ

ՄԱՆՅՈՒՆՅԱ

2131

Լույս է տեսել  Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանությունը: Գրքի երկար սպասված շնորհանդեսն ու հեղինակի հետ հանդիպումը կայացավ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում: Շնորհանդեսի ժամանակ ընթերցասերներն հնարավորություն ստացան գիրքը ձեռք բերել  հատուկ գնով և հեղինակի մակագրությամբ: Հրատարակիչների խոսքերով՝ նրանք սիրեցին Մանյունյային և պարզապես ցանկացան այդ սերը կիսել ընթերցողի հետ: Սկզբից ևեթ Նարինեն որոշել էր, որ գրքի թարգմանությունն ու վերջինիս ողջ հասույթը ծառայելու է բարեգործության համար:

«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի և Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, ովքեր ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի և համակարգչային խաղերի:

Սոցցանցերում ծնված առաջին վիպակը գրավեց «Աստրել» հրատարակչության ուշադրությունը, որն էլ կարճ ժամանակ անց հրատարակեց «Մանյունյա» ինքնակենսագրական վեպը: Քանի որ գրքի վաճառքը գերազանցեց հրատարակիչների բոլոր սպասելիքները, շուտով  հայկական փոքրիկ գյուղաքաղաքում ապրող աղջիկների պատմությունն ունեցավ իր շարունակությունը: Երկու տարվա ընթացքում գրքի 200 հազարից ավելի օրինակ է վաճառվել: Մինչ հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է ուկրաիներեն, լեհերեն, բուլղարերեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: Ինչպես ասում է վիպակի գործող անձանցից Տան՝ համադամ կերակուրը վերջում են մատուցում: Այժմ գիրքը թարգմանվում է նաև անգլերեն:

Վերջերս՝ Ժնևում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, բարբառը ևս համարվել է լեզու, քանի որ բարբառակիրն այն թարգմանում է գրական լեզվով: Սա, կարելի է ասել, հնարավորություն է տալիս համարելու, որ «Մանյունյան» ևս մի լեզվով է գրվել՝ Բերդի բարբառով: Կա գրքի 30-ից ավել հրատարակչություն (չհաշված՝ վերահրատարակչությունները):

Գրքի հայերեն լեզվով թարգմանության հեղինակը Նարինե Գիժլարյանն է, ով նույնպես Բերդից է: Չնայած մեծ հուզմունքին՝ նա ասաց. «Հոգիս հրճվում էր, փառավորվում այս գիրքը թարգմանելիս, մանավանդ որ իմ հարազատ երկրի, միջավայրի, իմ ճանաչած մարդկանց, հերոսների մասին է»: Ապա նշեց, որ իրենք՝ գրական թարգմանիչները, սիրում են կրկնել ֆրանսիացի հայտնի գրողներից մեկի խոսքերը, որում նշվում է. «Գրողը ստեղծում է ազգային գրականություն, իսկ թարգմանիչն այդ ստեղծագործությունը վեր է ածում համաշխարհային գրականության»:

Մայրենի լեզվով թարգմանության մասին հեղինակն ասում է. «Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք՝ ինչպիսի՜ հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա ու ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի, հատկապես երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել: Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյան» հայերեն:

Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013 թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-HOS» մրցանակը, որը հիմնել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամը:

Շնորհանդեսն անցավ չափազանց ջերմ մթնոլորտում: Ընթերցասերներից շատերը նույնիսկ նշված ժամից շուտ էին եկել՝ սիրելի գրողին որքան հնարավոր է շուտ տեսնելու ցանկությամբ: Ներկա էին նաև Նարինեի ծնողները, մտերիմներն ու համաքաղաքացիները, ովքեր երկար ճանապարհ էին անցել՝ շնորհանդեսին ներկա գտնվելու համար: Դահլիճը լեփ-լեցուն էր այնքան, որ անվանի գրողի հետ հանդիպումը շարունակելու նպատակով, հյուրերը տեղափոխվեցին նախասրահ, որպեսզի հնարավոր լիներ շնչել:

Նարինեի գրչին են պատկանում նաև «Հսկան, որ երազում է ջութակ նվագել» հեքիաթը, «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» և «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպերը, «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը: Եվ թեև Նարինեի գրքերը սիրում են նաև փոքրիկները, սակայն հեղինակը չի ընդունում այն կարծիքը, որ իր ստեղծագործությունները պատանեկան են: Ասում է՝ գրում է 0-100 տարեկան երեխաների համար:

 

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել