ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2193

Իջևանի ավագ դպրոցն այսուհետ կկոչվի հայ գրականագետ, հրապարակախոս Գառնիկ Անանյանի անունով։ Նոյեմբերի 18-ին՝ Գառնիկ Անանյանի մահվան տարելիցին ընդառաջ, տեղի ունեցավ դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը։ Մեծ բանասերի՝ դպրոցի մուտքի մոտ կանգնեցված արձանի բացման պատիվը վերապահվեց Գառնիկ Անանյանի կնոջը՝ տիկին Նեկտարին, և Մինա թոռնուհուն։ Քանդակի հեղինակը Գետիկ Բաղդասարյանն է։

Միջոցառման սկզբում ավագ դպրոցի աշակերտները Չարենց կարդացին, որից հետո օրհնանքի խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա, կարևորելով Գառնիկ Անանյանի՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր-դեկան լինելու հանգամանքը, խոսեց լրագրողի դերի և առաքելության մասին. «Գառնիկ Անանյանի հիմնադրած ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր արժանիորեն շատ ուսանողներ է ճանապարհում մեր կյանք։ Ես մշտապես ասել եմ, որ ժամանակին ժուռնալիզմը առաքյալների և մարգարեների գործն էր։ Նրանք շրջում էին աշխարհեաշխարհ, տարածում և քարոզում էին ճշմարտություն և արդարություն, որոնց կրողն իր ողջ կյանքում եղել է Գառնիկ Անանյանը»։

Անվանակոչման արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Նրանցից շատերը պատիվ են ունեցել սովորելու Գառնիկ Անանյանի դեկանության օրոք, աշխատելու նրա հետ։ Ներկաներից նրանք, որ ճանաչել են Գառնիկ Անանյանին, իրենց ելույթներում հիշեցին նրա անցած ուղին և հուշեր պատմեցին հրապարակախոսի մասին: «Կան մարդիկ, որոնց հիշում և փառավորում են կենդանության օրոք։ Եվ կան մարդիկ, որոնց հիշում են մահից հետո։ Գառնիկ Անանյանն այն երջանիկ ահատականություններից էր, որ արժևորվել և գնահատվել է ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո։ Նա լիահնչյուն սիրում էր կյանքը և մի սկզբունք ուներ՝ երբեք չդավել իր քնարին»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։

Անվանակոչման արարողությունն ավարտվեց Բագրատ Սրբազանի աղոթքով։

Մեկ օր անց՝ նոյեմբերի 20-ին՝ Գառնիկ Անանյանի մահվան տարելիցի օրը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ անվանի բանասերին նվիրված հուշ-ցերեկույթ։ Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ, Անանյանի սաները, զավակները:  Ժուռնալիստիկայի ֆակուլտետի  դեկան Նաղաշ Մարիտրոսյանն իր ելույթում ևս մեկ անգամ ընդգծեց Գառնիկ Անանյանի՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կայացման գործում հսկայական ներդրում ունենալու հանգամանքը:

Հուշ-ցերեկույթի ավարտից հետո մասնակիցներն այցելեցին Գառնիկ Անանյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Գայանե Ենոքյան

3-րդ կուրս

Կիսվել