ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ» ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ» ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸ

2011

Ամսվա մեջ մեկ անգամ ազգային պարերի բաց դաս «Նարեկացի» արվեստի միությունում: Հայկական երգի հնչյուններն անգամ հեռվից են լսվում: Նախաձեռնողը «Կարին» ավանդական երգի-պարի խումբն է: Հեղինակներն առաջին անգամ կազմակերպելիս չէին պատկերացնում, որ միջոցառումը շուտով կդառնա ժողովրդի կողմից սիրելի և կհամախմբի բազմաթիվ մարդկանց:

Նորայր Շողիկյանը դժվարանում է հիշել, թե որերորդ տարին է մասնակցում «Մեր պարերը և մենք» բաց դասերին: Սովորել է ազգային մի շարք պարեր: Ասում է՝ նախաձեռնությանը մասնակցելն այսօր իր համար ոչ միայն ավանդույթ է, այլև կենսակերպ: Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ոտքերն ինքնաբերաբար տանում են նույն վայրը:

«Պարել եմ և՛ «Նարեկացի» արվեստի միությունում, և՛ Կասկադում ու փորձում եմ, համենայն դեպս, բաց չթողնել ոչ մի ամսվա վերջին ուրբաթ օր: Եթե չեմ հասցնում գալ, հետո շատ եմ ափսոսում, երբ նկարները նայում եմ: Կարծում եմ՝ հրաշալի միջոցառում է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ազգային պարի բաց դասերը կյանքի կոչվեցին 2005 թվականի վերջերին: Սկզբնական շրջանում բոլոր ցանկացողները հավաքվում էին «Նարեկացի» արվեստի միությունում, սակայն կարճ ժամանակ անց մասնակիցների մեծ թվի պատճառով կազմակերպիչներն անցկացման վայրը որոշում են փոխել: Տարվա տաք եղանակներին դրանք տեղի են ունենում «Գաֆէսճեան» հիմնադրամի տարածքում:

Միջոցառումը գրավում է հատկապես երիտասարդներին, որոնց թիվն օրեցօր ավելանում է: Կարին ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ այս տարիներին ավելի քան 10000 հայ վերադարձել է իր ակունքներին: Կազմակերպիչներն ազգային երգ ու պարի միջոցով փորձում են նպաստել ինքնաճանաչողությանն ու ազգային ինքնագիտակցության բարձրացմանը:

«Հուսանք՝ մեր այսօրվա միջոցառումը երբ որ օվկիանոսից այն կողմ դիտեն հայ մարդիկ, իրենց մեջ մի տոկոս հայը ավելին կդառնա և մի փոքր ակնածանքը դեպի մեր երկիրը, և գոնե հարյուր մարդուց մեկի մեջ կվերածնվի հավատամքը հայրենիք վերադառնալու»,- նշեց Գագիկ Գինոսյանը:

 

Թամարա Գասպարյան

3-րդ կուրս

Կիսվել