«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱԿԱՆՈՒՄ ԵՆ» ԿԱՄ ԵՐԲ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱԿԱՆՈՒՄ ԵՆ» ԿԱՄ ԵՐԲ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

2195

Նոյեմբեր ամիսը ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողների համար բեղմնավոր էր, որը դրսևորվեց իրենց ընձեռված աննախադեպ հնարավորություններով: Մի խումբ ուսանողներ հնարավորություն ունեցան իրենց ուժերը փորձել «Մեդիահոգեբանություն» առարկայի դասախոսների դերում «Երազանքներն իրականանում են» խորագրի ներքո: Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցում, քաղաքական իմիջ, դեստրուկտիվ էսթետիկա․ ահա այս թեմաների շրջանակներում ուսանողները կարողացան իրենցից կրտսերներին հաղոդել բազմաբովանդակ և հետաքրքիր տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ոլորտի մասնագետներին, իսկ լրագրողներին՝ հատկապես։

Երբ գալիս ես համալսարան ընդունվելու, մտքումդ  բազմաթիվ նպատակներ  ես կառուցում, որոնք  քեզ իրականալի կթվան։ Հետաքրքրիր հանդիպումներ, բանավեճեր. ահա այսպիսին կլինի քո համալսարանական առօրյան։ Այդժամ մտքիդ գողտրիկ անկյունում կփայփայես ևս մեկ երազանք, որը միայն ու միայն դու  կիմանաս, այն է՝ գոնե մեկ անգամ հնարավորություն ունենալ դասախոսել հարազատ դարձած ֆակուլտետում։ Նունիսկ չես բարձրաձայնի երեզանքդ մեկ պարզ պատճառով՝ բոլորը չեն հասկանա ու շատ դեպքերում քեզ անլուրջ կվերաբերվեն։ Սակայն մտքումդ կփայփայես ու, կամա թե ակամա, միշտ կսպասես  նման հրաշքի։ Բայց  արի ու տես՝ երազանքներն իրականանում են։ Այո, ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում իրականություն է դառնում ուսանողի՝ նույնիսկ ամենափոքրիկ մտահաղացումը։

‹‹Նախագծի իրականացման մտահղացումը պատահական է առաջացել. մենք որոշեցինք իրականացնել հարցում՝  հասկանալու համար՝ ո՞րն է ուսանողի ամենամեծ ցանկությունը, որի ընթացքում պարզ դարձավ, որ ոչ միայն ցանկություն, այլև շատերի համար երազանք է հարազատ ֆակուլտետում դասախոսելը, իսկ քանի որ «Մեդիահոգեբանություն» առարկայի շրջանակներում շատերին հնարավորություն է տրվում ինքնադրսևորվել ցանկություններին համապատասխան և հավատարիմ մնալով սեփական Ես-ին, որոշեցինք ի կատար ածել ուսանողների ամենանվիրական ցանկությունը՝ դասավանդել կրտսեր ընկերներին և ճաշակել դասախոսական աշխատանքի ողջ քացրությունն ու, ինչու ոչ, նաև դառնությունը։ Ընտրությունը կատարվել է ամենախելացի ուսանողների միջև, ովքեր լավագույնս ինքնադրսևորվեցին իրենց կերպարում։ Նախագիծը հավանության արժանացավ շատերի կողմից և կարծում եմ՝ այն կլինի շարունակական արդեն հաջորդ տարիների ուսանողների համար։ Ուսանողին պետք է հնարավորություն տրվի հնարավորինս հարստացնելու ուսանողական կյանքն ու համալսարանից տանել լավագույն հիշողությունները, քանի որ միայն չոր դասախոսությունները ձանձրալի են և շատ ժամանակ ոչինչ չեն տալիս: Ուսանողին փորձ է պետք, նախ հասկանալու համար դասախոսին, ում համար լսարան մտնելը մեծ պատասխանատվություն է, և լինելու նրա դերում՝ հասկանալու համար՝ որքան դժվար է մեծ լսարան կառավարելը, բայց երբ դու ունես ասելիք և ուսանողին հետաքրքրում է առարկան, բոլոր խոչընդոտներն ի չիք են դառնում և դու հայտնվում ես ուշադրության կիզակետում՝ տվյալ դեպքում արդարացնելով նրանց սպասումները››,- ասում է «Մեդիահոգեբանություն» առարկայի հիմնական դասախոս Սաթեն Գրիգորյանը։

Մեդիահոգեբանություն դասավանդելը հեշտ չէ, քանի որ այս դեպքում պահանջվում է լինել լրագրող և միաժամանակ տիրապետել բավարար գիտելիքների հենց հոգեբանությունից. ‹‹Դասախոսելու ժամանակ լրիվ կորցրել էի ժամանակի զգացողությունը, քանի որ հաճույք էի ստանում ուսանողների հետ շփվելիս: Ամենահաճելին այն էր, որ  ուսանողներն անընդհատ հարցեր էին տալիս, նրանց շատ հետաքրքրել էր թեման, իսկ ես կարողանում էի պատասխանել նրանց հարցերին: Դասախոսի դերում լինելը հեշտ չէ, քանի որ պետք է փորձես մեկ դասաժամի ընթացքում հնարավորինս լավ ներկայանալ և տասնյակ տարբեր կարծիք, աշխարհայացք, մտածելակերպ ունեցող լրագրողների հետաքրքրել: Դասից հետո ուսանողներից գովեստի խոսքեր եմ լսել իմ հասցեին, նրանք չէին թողնում, որ հեռանայի և անընդհատ հարցեր էին տալիս, և սա ամենամեծ գնահատականն է  ինձ համար››,- ասում է Նելլի Խաչատրյանը, ով արդեն դասախոս դառնալու մեծ ցանկություն ունի։

Ոգևորվածության և ուրախության զգացումը չէին կարող չուղղորդվել նաև անհանգստությամբ. չէ՞ որ դա ուսանողների առաջին փորձն էր. «Սկզբնական շրջանում կար վախ՝ արդյո՞ք կկարողանանք թողնել լավ տպավորություն, թե ոչ, արդյո՞ք չենք վախենա։ Եվ ահա, նախատեսված օրը մոտենում էր իսկ մենք՝ ավելի լցվում սպասելիքներով։ Ներքին անհանգստությունդ կամաց-կամաց փոխարինվում էր թեթևության ու ինքնավստահության։ Երբ ներքին պանիկադ հարձակվում էր զգայարաններիդ վրա, օգնության էր գալիս մեզ համարձակություն տվող ընկեր Սաթենը, ով հանգստացնում էր քեզ՝ ասելով «եթե չկարողանայիր, քեզ չէինք ընտրի։ Դու կարող ես։ Վստահի՛ր ինքդ քեզ»։ Հաճելի էր գիտակցել, որ այն առաքելությունը , որը դրել էիր քո առաջ, հաջողությամբ ի կատար էիր ածում։ Ուսանողների հարցերը չէին վերջանում և դա բնական էր՝ չէ՞ որ դասախոսության թեման անչափ հետաքրքիր էր»,- պատմեց դասախոս Կատարինե Ղարսլյանը:

Դասախոս լինելն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ, քանի որ անհնար է ամբողջ լսարանի հետաքրքրությունների շրջանակը մեկտեղել. խանգարողներ միշտ էլ լինելու են։ Դասախոսը պետք է այնքան հաստատուն լինի, որ լսարանը կառավարելու հմտությունները յուրացրած մտնի լսարան՝ ուսանողների վրա թողած գոնե առաջին տպավորությունն արդարացնելու համար. չէ՞ որ կա հստակ կանոն՝ մարդուն ընդունում են հագուստով, բաց թողնում՝ խելքով, ուստի եթե չարդարացնես սպասելքները, դասաժամը միայն կտուժի։

‹‹Մարդու հետ առնչվելու, առավել ևս մարդուն որպես գիտելիք, որևէ բան փոխանցելու դժվարության մասին իմ պատկերացումները դյուրորեն ի չիք դարձան, երբ ամբիոնից անմիջապես կարողացա տեսնելու պարզ, նոր բաներ վերցնելու համար բաց հայացքները։ Երբ առաջին անգամ լսեցի նախաձեռնության մասին, կիսավախվորած ու կիսաանորոշ վիճակում էի, որովհետև ուզում էի առիթն օգտագործել ինձ՝ որպես դասախոս տեսնելու, և ապա՝ կարևոր բաների մասին խոսելու իմ տարեկիցների հետ։ Վերջում, իհարկե, բոլոր հույսերս արդարացված էին։ Եվ, գրողը տանի, ոչինչ, որ դեստրուկտիվ էսթետիկան երիտասարդների հետաքրքրության շրջանակի տրամագիծը չէ, ֆրանսիացու ասած՝ peu importe՝ քիչ է կարևոր։ Կարևորն այն է, որ հետայսու իրենք իրենց հարցեր կտան էսթետիկայի, կոնստրուկտիվ մտածողության, ոչ բանալ հաղորդակցման ու մարդկային շփման մասին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն կազմակերպիչներին. եթե երբևէ ես սկսեմ դասախոսել, բոլոր ուսանողներիս կպատմեմ իմ առաջին փորձի մասին՝ հետն էլ իրենց ջիջիլ գցելով, որ իրենց տրված չէ նման դասախոս››,-  պատմում է Լուսինե Աթաբեկյանը»։

Ուսանողները բավականին երկար էին պատրաստվել դասախոսությանը, և չնայած նախապես մշակված պլանին, հանդիպումները ինքնաբուխ էին և անկեղծ.

– Շուշանիկ, այդ հաստ գրքին այդպես մի նայիր, դա ավելի հեշտ է, քան այն 5 էջանոց նյութը։

– Լավ, ընկեր Սաթեն։

«Դուրս եմ եկել դեկանատից ու սկսել եմ կարդալ առաջին էջը՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը: Այդպես հասա առաջին հարկ ու 4-րդ էջին։ Ինքս էլ գիտեմ դասը խանգարողների հոգեբանությունը, ես էլ եմ հաճախ հայտնվում նրանց շարքերում: Ե՞ս, դասախո՞ս։ Ինչպես հասկացաք՝ սա իմ հերթական փորձություններից էր, որ պետք է հաղթահարեի, նոր հայացքներ ձեռք բերեի։ Մարմնի լեզուն միշտ էլ հետաքրքրում էր ինձ, քանի որ լռության մեջ ավելի շատ խոսք կա։ Չնայած նախորդ ասածս սոցկայքի  գրառման նմանվեց, միևնույնն է, դա ճշմարտություն է։ Նախապատրաստական փուլը հաղթահարելուց հետո գիտելիքները մատուցելու ժամանակն էր։ Դե, հագուստի ընտրություն, սկիզբ, ավարտ, մեծ լսարան, ինձ հասակակից  ու գիտակից ուսանողներ, ամենակարևորը՝ լրագրողներ։ Սկիզբը ամենաբարդն էր, թերահավատ աչքեր տեսնելիս ինքդ էլ մի պահ կասկածում ես քո տված գիտելիքին, սակայն ընթացքում լսարանը հասկացավ, ընտելացավ, վստահեց, ոմանք էլ հույսը կորցին, դրան զուգահեռ՝ իրենց կյանքի 80 րոպեն կորցրին։ Դասավերջում հասկացա շատ դասախոսների՝ ովքեր գիտելիք են տալիս, էներգիա են կորցնում, մեծ լսարանի առաջ են հանդես գալիս և ընթացքում գտնում են իրենց հասկացող աչքեր։ Այսուհետ աշխատելու եմ դասի ընթացքում հեռախոսով  չզբաղվել, քանի որ դա կրկնակի վիրավորանք էի ընկալում դասախոսելիս։ Վստահ եմ, իմ ու Լուսինի ուսանողական կյանքի ամենաջերմ հիշողություններից մեկը սա կլինի»,- անկեղծանում է Ասատրյան Շուշանիկը։

Ծրագրի միակ տղա ներկայացուցիչ Գագիկ Սմբատյանի կարծիքն էլ յուրովի մոտեցում ուներ, ինչպես իր վարած դասաժամը. ‹‹Չափազանց հաճելի էր լինել լսարանում` որպես դասախոս: Հետաքրքիր հայացքներ կային, կային հայացքներ, որոնք խնդրում էին ինձ լքել լսարանը: Իհարկե, ի վերջո հաղթեց դրականը և ես հաջողեցի իմ դասախոսությունը: Կարևորում եմ մարդու ազդեցությունը լսարանի, հանդիսատեսի ու առհասարակ ամբոխի վրա: Պիտի կարողանաս որսալ մարդկանց ու կոպիտ ասած՝ գերևարել նրանց միտքը: Կարծիքներն ու արձագանքները փաստեցին, որ ես կարողացա անել դա: Իհարկե, սա նաև խարիզմայի և պատրաստվածության հարց է: Սիրով էլի կդասախոսեմ: Նույնիսկ խնդրանքներ են եղել: Լսարանի ջերմ վերաբերմունքն ու դասախոսությանը հաջորդող ջերմ ժպիտները մեծ գնահատական էին››:

Դասախոսությունն օգնեց ուսանողներին նաև հենց իրենց մասնագիտական կողմնորոշման առումով: Առաջին և երկրորդ կուրսերին դասավանդած ուսանողների սերն ու համակրանքը վայելած Լիանա Մարտիրոսյանը որոշեց՝ այս գործն ինձ համար է, ԵՊՀ դասախոս եմ դառնալու. «Ճշմարիտ խոսք կա. անիմաստ է այն ուսուցչի աշխատանքը, որի աշակերտը չի պսակում նրա անելիքը առավել հաջողությամբ: Այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն տվեց ինչ-որ ասպետկներում անցնել մեր դասախոսներին, հաղթահարել խոչընդոտներ, առերեսվել մեզնից փոքր սերնդին, որի արդյունքում հարստացավ թե´ մեր, թե´ իրենց պաշարը: Ես արդեն հստակ գիտեմ, որ ապագայում ԵՊՀ լսարան ցանկանում եմ մտել որպես դասախոս՝ կամ հոգեբանության, կամ մասնագիտական այլ առարկայի շրջանակներում»:

«Երազանքներն իրականանում են». այս ծրագիրը հնարավորություն տվեց ուսանողներին փորձել համալսարանում ստացած իրենց գիտելիքը պրակտիկորեն օգտագործել իրենց կրտսեր ապագա գործընկերների մոտ։ Հասկացան, որ հոգեբանական գիտելիքը առեղծվածային է և դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր։ Ուսանողները փորձեցին հաղթահարել իրենց առջև դրված դժվարությունները։ Եվ, ի վերջո, համալսարանի հիշողության ալբումում տեղ հատկացրեցին  իրենց իրականացված երազանքի համար։

Դասընթացի ավարտին ուսանողներն արդեն տիրապետում էին ժեստային հաղորդակցման գաղտնիքներին և ցանկություն հայտնեցին կրկնել նմանօրինակ հանդիպումները:

Լիանա Մարտիրոսյան

Նելլի Խաչատրյան

Կատարինե Ղարսլյան

4-րդ կուրս

Կիսվել