«ԼՐԱԳՐՈՂԸ ՊԵՏՔ Է ՎԱՌՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ». ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԼՐԱԳՐՈՂԸ ՊԵՏՔ Է ՎԱՌՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ». ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1771

«Առավոտ»-ը հյուրընկալեց ապագա լրագրողներին

Նոյեմբերի 29-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի մի խումբ ուսանողներ ժուռնալիստի վարպետություն առարկայի շրջանակներում այցելեցին «Առավոտ» օրաթերթի խմբագրություն։ Ապագա լրագրողներին «Առավոտ»-ի լրագրող և ժուռնալիստի վարպետություն առարկայի դասախոս Տաթև Հարությունյանը պատմեց օրաթերթի ստեղծման, անվան ընտրության և լրագրողների աշխատանքային գործունեության մասին։ Նա տեղեկացրեց, որ «Առավոտ»-ում յուրաքանչյուր լրագրող լուսաբանում է իր իսկ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները։

Երիտասարդ լրագրողները տեղեկացան, որ «Առավոտ»-ի լրագրողական աշխատակազմն ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ իր լսարանին տեղեկություն ապահովելով հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։ Առցանց «Առավոտ»-ի՝ Aravot.am-ի խմբագրի՝ Աննա Իսրայելյանի հետ զրույցում ուսանողները ծանոթացան մասնագիտական նրբություններին, ձեռք բերեցին լուրը լսարանին հասանելի դարձնելու հմտությունները։

Հանդիպումն անցավ ինտերակտիվ եղանակով:Ուսանողներին  հետաքրքրում էր թերթում և կայքում տեղադրված լուրի դիտելիությունը և թե ինչ սկզբունքով են ընտրվում նյութերը։ Աննա Իսրայելյանը պատասխանեց, որ լուրի դիտելիությունը, նախևառաջ, ապահովում է ընտրված թեման։ Լրագրողը կարող է շատ ժամանակ հատկացնել վերնագրի ընտրությանը։

Ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին նաև «Առավոտ»-ի գլխավոր խմբագրին՝ Արամ Աբրահամյանին։ Ապագա լրագրողներին հետաքրքրում էին մասնագիտական հարցեր։ Ապագա լրագրողները մտահոգություն հայտնեցին, որ զրուցակիցները, տեղեկանալով՝ հարցազրույցն իր հետ պիտի վարի ուսանող, թերահավատորեն են մոտենում առաջադրված հարցերին, հաճախ խուսափում տեղեկատվություն տրամադրել: Այս խնդրի վերաբերյալ Արամ Աբրահամյանը վստահեցրեց, որ եթե ևս մեկ անգամ ուսանող-լրագրողներն առնչվեն այդ խնդրին, թող դիմեն խմբագրություն, «Առավոտ»-ում կնշվի խուսափող պաշտոնյայի անունը։

Հետաքրքիր էր նաև այն, թե ինչ սկզբունքով են ընտրվում «Առավոտ»-ի լրագրողները։ Պարոն Աբրահամյանի խոսքով՝ «Առավոտ»-ի լրագրողը և ընդհանրապես անձը, որն ուզում է մուտք գործել լրագրություն, պետք է վառվի պատմություն պատմելու ցանկությունից, լինի համարձակ, կարողանա մատուցել նյութը հակիրճ և հավաստի։ Կարևորվում է նաև լրագրողի գրագիտության մակարդակը։

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստի վարպետություն առարկայի դասախոս Տաթև Հարությունյանը, կարևորելով ապագա լրագրողների գործնական հմտությունների զարգացումը, նշեց․«Մեր առարկան հիմնված է գործնական գիտելիքների վրա, և ապագա լրագրողներին պետք է հնարավորություն տալ լսարանում ստացած տեսական գիտելիքները կիրառել նաև գործնականում։ Նմանատիպ շփումների միջոցով ուսանողները ձեռք են բերում փորձ՝ հետագայում ակտիվ լրագրության ոլորտ մուտք գործելու և մասնագիտական հմտություններին տիրապետելու համար»։

 

 

Մարիամ Մարգարյան

2-րդ կուրս

Կիսվել