ԻՆՉ ԽԱՂԱԼԻՔ ԸՆՏՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ

ԻՆՉ ԽԱՂԱԼԻՔ ԸՆՏՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ

3414

Ծնողների համար մեծ երջանկություն է, երբ լույս աշխարհ է գալիս իրենց հրաշքը, բայց դրանից հետո գալիս են մի շարք հարցեր, որոնց պատասխանը գտնելն այդքան էլ հեշտ չէ: Դրանցից մեկն է, թե ո՞ր խաղալիքներն են մինչև մեկ տարեկան երեխայի ընկերները: Անշուշտ, երեխայի առաջին խաղալիքը պետք է չըրխկանը լինի: Երկուսից երեք ամսական երեխան ունակ է բռնել և զմայլվել դրանց գույներով և արձակած ձայներով: Ինչպես նշում է հոգեբան Սիլվա Նուշիկյանը,  նախապատվությունը պետք է տալ վառ գույներով չըրխկանին` կարմիր, դեղին, կանաչ, կապույտ: Ցանկալի է, որ առաջին չըրխկանը երեք գույնից ավել չլինի: Երևանյան խանութներում այժմ կան բազամթիվ և բազմապիսի չըրխկաններ: Մանկական խանութներից մեկի վաճառողուհի Գայանե Սարգսյանը խոսեց այն մասին, թե ինչպիսի խաղալիքներ են այժմ գնում ծնողները մինչև մեկ տարեկան երեխաների համար:

«Ծնողները մեծ մասամբ նախընտրում են գնել վառ գույներով խաղալիքներ` կարմիր, կապույտ չըրխկաններ, վեց ամսականից հետո` լեգոներ, զարգացնող խաղեր: Կան ծնողներ, ովքեր գնում են նաև փափուկ խաղալիքներ` արջուկ, նապաստակ»:

3-4 ամսական երեխան ցանկանում է ձգվել և բռնել խաղալիքները, այդ ժամանակ արդեն կարելի է երեխայի մահճակալից կախել պտտվող կարուսել: Իր կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխան ցանկանում է իրեն շրջապատող աշխարհը շոշափել, այդ պատճառով ավելի հարմար են այնպիսի խաղալիքներ, որոնք հնարավոր է լվանալ: Վեց-յոթ ամսականից սկսած, երբ երեխան արդեն կարողանում է նստել, կարելի է գնել տարբեր չափերի գնդակներ:

Հոգեբան Սիլվա Նուշիկյանը նշում է, որ վեց ամսականը փոքրիկի համար այն ժամանակահատված է, երբ արդեն կարելի է անցնել գունավոր պատկերներով գրքերին: Նա գուցե սկզբում ոչինչ չհասկանա մայրիկի կարդացածից, ակայն նրան դուր կգա մայրիկի ձայնի տեմպը և որոշ ժամանակ անց այդ գրքերում կրկնվող բառերը կդառնան փոքրիկի բառապաշարի առաջին գանձերը:

6 ամսական Դանիելայի մայրիկը նախապատվությունը տալիս է զարգացնող խաղերին: Ամեն դեպքում, կարիք կա հաճախ թարմացնել փոքրիկի խաղալիքները, քանի որ ըստ տարիքի` փոխվում են նաև երեխայի նախասիրությունները:

 

Թամարա Վարդանյան

2-րդ կուրս

 

Կիսվել