ՋՈՒԹԱԿՆ ԻՄ ԵՐԵԽԱՆ Է

ՋՈՒԹԱԿՆ ԻՄ ԵՐԵԽԱՆ Է

1967

Բեմում է նիհարակազմ, խիտ ու գանգուր սև վարսերով, սև վերնաշապիկով, 110 տոկոսով երաժշտության մեջ ընկղմված մի երիտասարդ։ Սերգեյն է, Սերգեյ Խաչատրյանը։

Ջութակը ծնողներն են ընտրել։ Երկուսն էլ դաշնակահար են, քույրը՝ նույնպես։ Չորրորդ դաշնակահարն արդեն շատ կլիներ։  Առաջին անգամ 6 տարեկանում ձեռքը ջութակ վերցրած մանուկն արդեն երազում էր մեծ բեմերի մասին։ Ինչպես ինքն է ասում՝ պարզապես ուզում էր նվագել մարդկանց համար։ Երազանքի իրականացումը սկսեց բավականին կարճ ժամկետում․ 9 տարեկանում առաջին անգամ որպես մենակատար հանդես եկավ  սիմֆոնիկ նավագախմբի հետ: Երաժշտական կրթության առաջին կանգառը Երևանում էր, հաջորդը՝ Վյուրցբուրգում։ Ինչպես բոլոր նորմալ երեխաները, ինքն էլ չէր սիրում պարապել, առիթներ էր գտնում ջութակի հետ «դաժան» հանդիպումը հետաձգելու համար։ Մինչդեռ այսօր իր  փայտե տիկնոջ  հետ աշխարհի ամենալավ բեմերում ամենախստապահանջ ունկնդիրներին է հուզում։ Բեմական հաջողություններից ամենահիշարժանը Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթն է, որտեղ 15 տարեկանում  ամենաերիտասարդ մասնակիցն էր  ու հաղթողը։ 4 տարի Սերգեյը նվագել է 18-րդ դարում հենց Ստրադիվարիուսի ձեռքով պատրաստված ջութակով։ Նվագացանկում մշտապես հայկական շունչ կա։ Համերգի ընթացքում կամ ավարտին՝ որպես բիս, կատարում է Կոմիտաս, Խաչատրյան, Միրզոյան։ Համոզված է ՝ հայ կոմպոզիտորների գործերը ներկայացնելու համար հայության որոշակի մասնիկ է պետք։ Միայն այդպես կարելի է ճիշտ ու ամբողջությամբ զգալ երաժշտության էներգիան։

1993-ից Սերգեյը Գերմանիայի Ֆրակնֆուրտ քաղաքում է բնակվում։ Հայաստան գալիս է տարին 2-3 անգամ՝ համերգներով։  «Իմ հոգին Հայաստանում է։ Այստեղ ինձ լավ եմ զգում։ Ամեն քար, վանք ու շենք իմն է։ Այստեղ եղած ժամանակ այցելում եմ Սաղմոսավանք, Ամբերդ։ Դրանք իմ ամենասիրելի վայրերն են։»

Սերգեյին ճանաչելու համար մի քանի րոպեն էլ է հերիք․ նվագի միջոցով արտահայտում է իր ողջ էությունը։ Թեպետ ասում է, որ իր մեջ կարծես երկու տարբեր մարդիկ ապրեն․ մեկը՝ Սերգեյը բեմում, մյուսը՝ պարզապես Սերգեյ, որը բեմում «քնած է»։ Երկրորդ՝ «պարզապես» Սերգեյի տարերքն ավտոմեքենաներն են, արագությունը։ «Ինչքան ինձ հիշում եմ, քշել եմ» ,- ասում է ու հավելում,- «Պապիկս հնադարյան մի Նիվա ուներ, «տանկ» էինք ասում։ Հենց այդ տանկով էլ սկսել եմ»։ Իր խոսքով՝ մեքենաներն ուրիշ աշխարհ են։ Արագությունից ստացած ադրենալինը գժվելու չափ է սիրում։ Արդեն հիվանության պես է։ Վարելուց բացի, նաև աշխատում է դրանց վրա,  այսպես ասած՝ «թյունինգ» է անում։

Ջութակից առաջ Սերգեյի համար ծնողներն ու քույրն են։ Ընտանիքով իրենց «ՎԻԼՍ» են կոչում՝ անունների սկզբնատառերով։ Արյունակցական կապը մի կողմ, նրանց ավելի մեծ ուժ է կապում՝ երաժշտությունը։ Ընտանիքից  խոսելիս անկեղծանում է․ շատ կուզեր երեխաներ ունենալ, բայց հասկանում է, որ երեխան առանց կնոջ չի լինի։ Առաջին փուլն ամռանը հաղթահարեց։ Կինն իսպանուհի է, բայց հայերեն էլ է խոսում։ Մնացին երեխաները։ Չնայած, ինքն արդեն մեկ երեխա ունի՝ ջութակը։  Բեմում նորից նա է․ այն նույն սև վերնաշապիկով, մազերը կարծես ավելի են գանգրացել։ Աղեղը մոտեցնում է լարերին, խորը շունչ քաշում ու փակում աչքերը։ Նա է՝ Սերգեյ Խաչատրյանը։

 

 

Նելլի Մելքոնյան

3-րդ կուրս

Կիսվել