ԹԱՆԳԱՐԱՆԻ ՈԳԻՆ

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՈԳԻՆ

1906

Թանգարանի մուտքի մոտ դպրոցականների խումբ է. Սպենդիարյանին այցի են եկել: Լուռ են՝ թեպետ ուսուցչուհին ամեն հարմար առիթով կրկնում է՝ լուռ մնացեք: Ներսում՝ պատին, Սպենդիարյանի՝ աստիճաններով բարձրացող պատկերն է: Աշխատակիցները մեկնաբանում են՝ կոմպոզիտորը փորձի է շտապում: Այս տանը կյանքի վերջին երկու տարիներին ապրել, ստեղծագործել է Սպենդիարյանը՝ ուստի և հնարավոր է «թանգարան» բաղադրիչի կողքին դնել նաև «տուն» բաղադրիչը:

Կոմպոզիտորի տուն-թանգարանը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի (հետո՝ թանգարանի կայքում էլ հանդիպում ենք այդ բաժանմանը)՝  կյանք և ստեղծագործական ուղի: Առաջին հատվածում քիչ առաջ եկած դպրոցականները հատկապես հետաքրքրված են կոմպոզիտորի ակնոցով, որ հավանաբար տեսել են նրա նկարներում, ձեռնափայտով ու դիրիժորական փայտիկով, սիգարներով (հիշում են՝ աստիճանների նկարում էլ ծխում էր, երևի շատ է սիրել) և թանաքամանով, քանի որ նման իր քիչ են հանդիպել: Հետաքրքիր է նաև կոմպոզիտորի հուշասենյակը, որ դասավորվել է այնտեղ արված լուսանկարներից մեկի նմանությամբ և հարազատների հիշողություններով: Սա աշխատակիցները համարում են «թանգարանի ոգին»՝ ասելով, որ այստեղ է իրականում զգացվում կոմպոզիտորի կենդանության շունչը:

Ստեղծագործական ուղուն հատկացված հատվածում արդեն աչքի է ընկնում սպենդիարոֆոն անունով գործիքը, որ ստեղծվել է կոմպոզիտորի պատվերով: Կաշվե գոտու վրա ամրացված զանգակներով «Երեք արմավենի» ստեղծագործությունում կոմպոզիտորը ստացավ անապատով անցնող քարավանի ձայնը:
Հայաստանի առաջին երաժտական թանգարանն այս տարի տոնում է գործունեության հիսուն ամյակը: Աշխատակազմը վերջին շաբաթներում երկու նոր նախագիծ ներկայացրեց «50 հուշանվեր՝ 50ամյա տուն-թանգարանից» և նոր վիտուալ խաղ՝ «Իմ նվագախումբը»: Թանգարանը մինչ այս էլ ունեցել է նույնատիպ խաղ՝ «Իմ դիրիժորը», ինչպես նաև այլ կրթական ծրագրեր, և հիսունամյակի առթիվ փորձեցին ցանկն ընդլայնել: Այստեսակ ծրագրեր առաջարկող բոլոր թանգարաններում էլ պնդում են՝ նման նախաձեռնությունները առիթ են, որ նույն այցելուն շարունակ վերադառնա թանգարան և նոր բացահայտումներ անի:
Դպրոցականների խումբն ավարտում է շրջայցը թանգարանով: Չնայած՝ լուռ են, ուսուցչուհին շարունակ հիշեցնում է՝ լուռ մնացեք: Վերադարձին իջնելիս էլի հանդիպում են նկարի աստիճաններով բարձրացող Սպենդիարյանին, աշխատակիցներն ասում են՝ փորձի է շտապում:

 

Վիկտորյա Մարկոսյան

3-րդ կուրս

Կիսվել